«Ի դեմս Փաշինյանի՝ ուզում են տեսնել հայկական Սահակաշվիլիին, որն իր նախագահության շրջանում ստացավ 4,5 մլրդ դոլարի ամերիկյան աջակցություն». Անդրանիկ Թևանյան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին լրատվամիջոցին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես՝ այս շրջանում իշխանությունների սկսած և իրականացվող բարեփոխումներին՝ ոստիկանության, դատական համակարգում, Տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև՝ կոռուպցիայի դեմ տարվող պայքարին:

«Մենք աջակցում ենք Հայաստանի կառավարության ջանքերին` համապատասխանելու հայաստանցիների սպասումներին, որոնք կոչ են արել վերջ դնել կոռուպցիային, ունենալ թափանցիկության, հաշվետվողականության, արդյունավետության վրա հիմնված արդարադատության ոլորտ և նվիրվածություն մարդու իրավունքներին: Հայաստանցիները հստակեցրել են, որ աջակցում են այս սկզբունքների իրագործմանն ուղղված բարեփոխումներին և վստահելի դատական համակարգի կայացմանը: Մենք կառավարությանը քաջալերում ենք՝ այդ նպատակներին հետամուտ լինել Հայաստանի Սահմանադրությանը համահունչ կերպով, նաև խորհրդակցել Հայաստանի աշխույժ քաղաքացիական սեկտորի հետ:

Միացյալ Նահանգները մնում է հաստատապես հավատարիմ օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի հզորացման ջանքերին և կշարունակեն աշխատել մեր հայաստանցի գործընկերների հետ թափանցիկ, հաշվետու և արդյունավետ հաստատությունների կայացում ապահովելու ուղղությամբ»,- նշված է դեսպանի հարցազրույցում։

168.am-ի հետ զրույցում «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանն անդրադառնալով դեսպանի հարցազրույցի ընդհանուր բովանդակությանը՝ նախ հիշեցրեց, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված՝ Ռուսաստանի դեսպանն էլ դիրքորոշում հայտնելու փոխարեն՝ ասել էր՝ no comment:

«Այսինքն՝ մենք կարող ենք ենթադրել, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում՝ ունի աշխարհաքաղաքական բաղադրիչ, և արդեն հասկանալի է, թե որ աշխարհաքաղաքական բևեռն ինչ շահ է հետապնդում և ինչ խնդիր է լուծում։ Ընդհանուր առմամբ, եթե նայեք, ապա ըստ էության Հայաստանում տեղի ունեցող սահմանադրական կարգի տապալման, իշխանության յուրացման, ինչպես նաև մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին նրանք չեն արձագանքում։ Այստեղ երևում է, որ կա որոշակի քաղաքական աջակցություն, բայց կարևորը՝ Արևմուտքը որևէ ֆինանսական լուրջ աջակցություն չի տալիս։ Այսինքն՝ նրանք, ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ ուզում են տեսնել հայկական Սահակաշվիլիին, որն իր նախագահության շրջանում ամերիկյան աջակցություն ստացավ 4,5 մլրդ դոլարի չափով»,- նշեց Անդրանիկ Թևանյանը։

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ ՀՀ գործող իշխանությունը չի արժանանում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների բարձր մակարդակի ընդունելության և չի ստանում լուրջ ֆինանսական աջակցություն։

Ըստ նրա՝ քաղաքական առումով Միացյալ Նահանգները ողջունում է ՀՀ իշխանություններին, և ակնհայտորեն վեկտորն այն է, որ իշխանությունները պետք է որդեգրեն հակառուսական քաղաքականություն։ Թերևս, սա է պատճառը, որ ողջունում են իշխանություններին և, այսպես ասած, նրան «ֆոռա» տալիս՝ նկատի ունենալով, որ, եթե իշխանություններն անեն իրենց ասած քայլերը, ապա աչք կփակեն աղաղակող ապօրինությունների վրա։

«Այստեղ ևս մեկ անգամ հաստատվում է այն թեզը, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության և այլնի մասին պնդումներն աշխարհաքաղաքական բաղադրիչ ունեն։ Արևմուտքի ակնկալիքը հետևյալն է՝ Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերում, Արցախի հարցի շուտափույթ կարգավորում՝ բնական է, հայկական կողմի զիջումների տեսքով, ինչպես նաև տարածաշրջանում ռուսական ազդեցության թուլացում։ Մենք տեսնում ենք, որ արդեն Արցախն էլ է ներառվում հակառուսական տիրույթում, և այս առումով Արևմուտքն աչք է փակում Հայաստանում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների վրա։ Հակառուսական քայլերը կարող են հանգեցնել շատ վտանգավոր հետևանքների։ Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, և հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը Հայաստանի անվտանգության համար կարևորագույն նշանակություն ունի։ Այս առումով՝ չեմ կարծում, որ հակառուսական քայլերը դրական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի համար»,- եզրափակեց Անդրանիկ Թևանյանը։

Տեսանյութեր

Լրահոս