«Շնաբարո դուրսպրծուկները» հակասում է դաստիարակության, էսթետիկայի, մշակույթի մասին իմ պատկերացումներին, բայց դա ատելության խոսք չէ, դա քաղաքականություն է. Արամ Աբրահամյան

Քաղաքականությունը կորոնավիրուսի նման մի բան է, լրագրողը պետք է սոցիալական հեռավորություն պահպանի, որպեսզի չվարակվի: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, «Հայկական Փի Ար» ասոցիացիայի կազմակերպած «Հաղորդակցության ճգնաժամ. ատելությունը մեդիայում» առցանց հանդիպում-քննարկման ժամանակ ասաց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

«Չեմ կարծում, որ ատելությունը շատացել է, այն պարզապես բացահայտվել է Ֆեյսբուքի միջոցով, որովհետև այն ատելությունը, որ կար 70-ական կամ 80-ական թվականներին, հիմա պարզապես այդ ատելությունն ավելի բացահայտ է արտահայտվում, ավելի անպատասխանատու, որովհետև մարդիկ նստելով համակարգչի առաջ՝ ավելի քիչ պատասխանատվություն են կրում իրենց խոսքի համար: Եթե խոսքը ատելության խոսքի մասին է, ապա դա շատ սպեցիֆիկ իրավական տերմին է, որը կիրառվում է՝ ազգային փոքրամասնությունների, հաշմանդամների, սեռական փոքրամասնությունների և այլն։ Դա մի բան է, որը, եթե Հայաստանում կա, ապա շատ քիչ և դրսևորվում է մարգինալ դրսևորումներով»,- ասաց նա:

Ըստ Աբրահամյանի, եթե խոսքը պարզապես ոչ էսթետիկ արտահայտությունների մասին է, ապա այո, դրանք շատացել են, բայց դրանք էլ ատելության խոսք չեն. «շնաբարո դուրսպրծուկները ատելության խոսք չէ, դա հակասում է դաստիարակության, էսթետիկայի, մշակույթի մասին իմ պատկերացումներին, բայց դա ատելության խոսք չէ, դա քաղաքականություն է»:

Նրա խոսքով՝ կան այդ խնդիրները, սակայն դրանց լուծումներն ինքը չի պատկերացնում, քանի որ շուկայական հարաբերություններ են, լրագրողները ցանկանում են ունենալ ընթերցողների լայն շրջանակ, իսկ ընթերցողը ցանկանում է կարդալ և լսել այն, ինչ համապատասխանում է նրա կրքերին և բնազդներին.

«Գնա՞լ ընդառաջ այդ ցանկություններին, թե՞ չգնալ, ես գերադասում եմ չգնալ, պատասխանե՞լ սուր մեղադրական հայհոյական արտահայտություններին, թե՞ չպատասխանել, ես գերադասում եմ չպատասխանել, ներգրավվե՞լ ֆեյսբուքյան բանավեճերի մեջ, ես գերադասում եմ չներգրավվել»:

Անդրադառնալով նյութերի տակ արվող մեկնաբանություններին՝ Աբրահամյանն ասաց, որ մարդիկ նյութերը կարդում են հատուկ մեկնաբանություններ գրելու համար, իսկ մեկնաբանության բաժինը փակելու հետևանքով ընթերցողների թիվը էականորեն նվազում է.

«Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս մեխանիկորեն կրճատելու մեկնաբանությունների մեջ հայհոյական խոսքը: Կա 2 աստիճան, եթե սեռական մեկնաբանություններ են գրում, դա մի աստիճան է կրճատում, եթե՝ «սրիկա», «տականք» բառերն են օգտագործում, դա երկրորդ աստիճան է: Հենց մենք կրճատեցինք և շարունակում ենք կրճատած պահել սեռական մեկնաբանությունների պահը, բնականաբար, դիտողների, օգտատերերի թիվը պակասեց, հենց որ կրճատեցինք՝ «սրիկա», «տականք» տիպի մեկնաբանություններ, դիտողների թիվը կրճատվեց 2 անգամ և 2-րդ աստիճանն ամեն դեպքում թողեցինք:

Արամ Աբրահամյանը քննարկման մասնակիցներին խորհուրդ տվեց հնարավորին քիչ մտնել սոցիալական ցանցեր. «Մարդիկ կան, որ առավոտյան արթնանում են, միանգամից հեռախոսը վերցնում են, ով ինչ գրեց, ով ինչ ասաց և այլն։ Թքա՛ծ ունեցեք, անցե՛ք դրանից: Ինչ գրում ենք՝ լինել հնարավորինս բարի, կարեկցող և հնարավորինս բոլորի նկատմամբ հարգանքով»:

Տեսանյութեր

Լրահոս