Ի՞նչ էր իրականում անում Սերժ Սարգսյանը
Կա պարզ ճշմարտությունը, որ յուրաքանչյուր ժամանակահատված իրեն բնորոշ բարքերն ու սկզբոնքներն ունի, որոնք ժամանակ առ ժամանակ պարզաբանումների և մի յուրահատուկ լյուստրացիայի ենթարկելու անհրաժեշտություն են ունենում։ Իրականում այսօր քաղաքական գործընթացների ու տեխնոլոգիաների այս փուլում բավական հեշտ է մարդկանց հույզերին ու սրտի նուրբ լարերին կպնել, ու, ցավոք, տարբեր քաղաքական գործիչներ ու կոնկրետ շրջանակներ պարբերաբար օգտվում են այդ հանգամանքից՝ հանրությանը մոլորության մեջ գցելու միջոցով քաղաքական լծակների տիրանալով։
Մարդկության զարգացման մի փուլից սկսած, երբ կրոնը սկսեց իր տեղը զիջել ռացիոնալացմանը, և տեղի ունեցավ աշխարհիկացում, նոր միֆերի կարիք առաջացավ, որոնք պետք է ապահովեին իշխանության լեգիտիմությունը, հիմնավորեին տվյալ էլիտայի կողմից հանրությանը կառավարելու իրավունքը. հենց սրանք էլ կոչվում են քաղաքական միֆեր:
Հայ իրականության մեջ միֆերի ու լեգենդների պակաս չենք ունեցել, որոնք իրենց դրսևորումներն են ստացել հատկապես նախկին իշխանությունների նկատմամբ ընդգծված ատելություն ու կոնկրետ հակակրանք քարոզելու փաստերով․ էլեկտրոնային լրատվամիջոցները, սոցցանցերն ու հատուկ մանիպուլյատիվ էֆեկտները պայմաններն էին, որոնք հանգեցրեցին ՀՀ նախկին իշխանություններից «դեմոններ» կերտելուն։ Նշենք, որ նշված գործիքակազմերի կիրառման մեջ իր առանցքային դերակատարությունն է ունեցել Նիկոլ Փաշինյանը, ով իր քաղաքական գործունեությունը կառուցել է այսօրինակ սիլլոգիզմների վրա։
Ինչ վերաբերվում է նախկին իշխանությունների դեմոնիզացմանը և ժողովրդի շրջանում տարբեր անիրական ու միֆականացված պատմությունների շարքին, դրա հետ կապված կարող ենք նշել, որ, ինչպես բոլոր իշխանությունները՝ ՀՀ նախորդ իշխանությունները նույնպես, ունեին իրենց ներքին խոհանոցը, որտեղ տարբեր շրջափուլերում ամենատարբեր հարցերն են քննարկվել, որոնց մասին որոշակի չափաբաժնով հանրության շրջանում տարբեր «սլիվներ» են եղել։ Այսօր շատ է խոսվում նախկինների ներքին խոհանոցի մասին, որի հետ կապված ամենօրյա ռեժիմով տարբեր մանիպուլյացիոն միֆեր ու ստերի շարքեր են դրվում շրջանառության մեջ։
ՀՀ-ում տեղի ուենցած իշխանազավթումից հետո հնարավորություն է ստացվում ՀՀ 2008-18թթ. որոշ հետաքրքրիր մանրամասներ ճշտել․ տարբեր իրավիճակներում ի հայտ են գալիս մանրամասներ, որոնք հնարավորություն են տալիս տրամագծորեն փոխել պատկերացումներն այն օրերի «թալանչի» ու «ժողովրդի կաշին քերթող» իշխանությունների վարած քաղաքականությունից, ինչից հետո բավականին ջրեր են պարզվում և վեր է հառնում նորին գերազանցություն ճշմարտությունը։ Այդ «սփոյլների» միջոցով բավականին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դառնում իշխանության ներսում տեղի ունեցած «խաղերի», վերադասավորումների, կուլիսային քննարկումների ու պայմանավորվածությունների մասին։ Եվ այդ ֆոնին պարզ է դառնում, որ տարիներ շարունակ հանրությանը հրամցվել է գեղեցիկ սոուսով փաթաթված սուտ ու կեղծիք։
Տարիներ շարունակ մատուցված սուտը բախվում է բացահայտված ճշմարտության պատին․ սրանք դեռևս ամբողջական փաստեր չեն, իհարկե, որոնք դեռևս առաջիկայում էլ ավելի կորոշակիանան․ սակայն այս ամենն իր հերթին՝ հնարավորություն է ընձեռում դատողությունների ու տեղի ունեցած դեպքերի իրական դասավորվածություն ստանալ։ Այս բոլորը համադրելով՝ միանշանակ հարկավոր է վերանայել այդ ստի կծիկը և համապատասխան իրական գնահատականներ հնչեցնել տարիներ շարունակ ձեռք բերված քաղաքական կապիտալի վերաբերյալ։
Հետհայացք գցելով վերջին 10-12 տարիների քաղաքական գործընթացներին, կամ, այսպես ասած, «Սերժի ժամանակներին», ակնհայտորեն հանրության համար պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանն իր իշխանությունը կառուցում էր՝ փորձ անելով համախմբել երկրում գոյություն ունեցող ներուժը և իրենցից որոշակի արժեք ներկայացնող հատվածներին՝ լիներ դա քաղաքական, ուժային թե ֆինանսական, գլխավորը՝ այն ծառայեր պետությանը։ Նա լինելով բավականին հեռատես ու ռազմավարությունից հասկացող քաղաքական անհատ՝ փորձում էր օգտագործել նշված սեգմենտների պոտենցիալը՝ պետությունն առավել կայուն դարձնելու և արտաքին տարբեր մարտահրավերներին ու խաղացողների ոտնձգություններին դիմակայելու նպատակով։ Դա արվում էր երկրի ներսում հնարավոր սեպարատ ուժերի կայացման կանխման, փոփոխական արժեքներ կրող շրջանակներին համապատասխան զսպումների ենթարկելու համար։
Վերոնշյալ կոմբինացիան ամբողջական իրականացնելու համար միանշանակ հարկավոր էր միմյանց հետ համադրել ոսկերչական ճշգրտությամբ, որովհետև այդ շրջափուլում քիչ չէին պետության ներսում տարբեր խաղացողները, որոնք սպասարկում էին բացառապես դրսի շահը և ծառայում որոշակի շրջանակների։ Հենց այդ սեգմենտներին էին, որոնք պատրաստ էին ցանկացած պահի թելել արտաքին տարբեր ուժերի թելը և սպասարկել Հայաստանն ու Արցախը խոցելի դարձնելը տարբեր «գեոպոլիտիկ քամիների» համար։
Այս ամենը համադրելով՝ կարող ենք եզրակացնել, որ այն, ինչ կառուցված է ստի ու կեղծիքի վրա, ունենում է ավազե դղյակի կյանք, և ինչքան էլ փորձեն տարբեր միստիկ պատմությունների ու կոնսպիրոլոգիաների շարք ստեղծել, միևնույն է, որոշակի փուլում ամեն ինչ պարզորոշվում է։
Արմեն Հովասափյան