«ՊԱԼԱՍ»-ի տնօրենը վստահեցնում է՝ վաճառողների հետ համաձայնության են եկել, վաճառողներն էլ ժխտում են՝ որևէ համաձայնություն չկա
«Բարձրացնելու թեմա կամ իջացնելու թեմա չկա: Չեն ուզում, ասում են՝ նորմալ ա, թող մնա էս վիճակով: Դե, չեն կարողանում աշխատեն, ասում եմ՝ «դե տեսնում եք՝ ինչ վիճակ ա, եթե տենց գնաց, ինքն իրան փակվելու ա, եթե էդ ձևի շարունակվի»: Դե իրանք էլ հանդարտվեցին, ասում ա՝ «լավ, էս վիճակով գոնե աշխատենք, տեսնենք՝ ինչ կլինի»»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «ՊԱԼԱՍ» առևտրի կենտրոնի տնօրեն Աշոտ Փալիկյանը՝ անդրադառնալով կենտրոնում տարածքի վարձակալության գների վերաբերյալ վաճառողների բողոքին:
Հունիսի 6-ին էին կենտրոնի վաճառողները ահազանգել 168.am-ի խմբագրությանը, որ խնդրում են կենտրոնի տնօրենից՝ հաշվի առնելով համավարակով պայմանավորված առևտրի աննախադեպ անկումը, ողջամիտ սահմաններում զեղչեր կատարել տարածքի համար վարձակալության հարցում, սակայն վերջինը չէր համաձայնել:
Նույն օրը նաև վաճառողները մեզ փոխանցել էին, որ հավաք իրականացնելու ժամանակ առևտրի կենտրոն էին եկել ՊՊԾ պետի տեղակալը և 30-40 աշխատակից, վաճառողներին խնդրել էին շենք մտնել՝ խոստանալով տնօրենին կանչել իրենց մոտ՝ պարզաբանումների:
168.am-ը «ՊԱԼԱՍ»-ի տնօրենից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ոստիկանություն հրավիրվել է՝ պարզաբանումներ տալու համար, ու տնօրենից բացասական պատասխան ստացանք:
«Տենց բան գոյություն չունի: Ուղղակի ոստիկանությունը գիտեք ոնց ա, եթե, ասենք, իրանք հավաքվեն իրար գլխի, նոր էդ ժամանակ իրան չեն թողի, որ հավաքվեն, որովհետև ո՞նց կլինի՝ պարետային ժամ ա, չի կարելի իրար գլխի հավաքվել: Դրա համար ես երկուշաբթի օրն իրանց հետ բարձրացա վերև, ասեցի՝ «ուզո՞ւմ եք խոսեք», ասի՝ մի 4-5 հոգի թող բարձրանան վերև, իրար հետ հեռավորություն կպահենք, կխոսենք, պայմանավորվենք: Եկան էն եզրակացության, որ՝ «ոնց կասեք, տենց էլ կանենք, նորմալ ա, ոչ մի խնդիր չունենք մենք իրար հետ»»,- ասաց Աշոտ Փալիկյանը՝ նշելով, որ ոստիկանները զգուշացրել են չհավաքվել, և, եթե տնօրենին բան ունեն ասելու, իր հետ անձամբ ճշտեն:
«ՊԱԼԱՍ» առևտրի կենտրոնի տնօրենը մեզ հայտնեց, որ կենտրոնի տարածքների վարձավճարները թողել է նույն ձևով, սակայն վաճառողներին, վճարումն իրականացնելու համար, որոշակի ժամկետ է տվել:
«Ասի՝ «դե, որ տենց չեք կարող վճարել, քիչ-քիչ վճարեք, մի 20 օրվա մեջ գոնե վճարեք, որ ես էլ կարողանամ իմ հարկերը վճարեմ, թե չէ, եթե չվճարեք, ես էս վիճակով ընդհանրապես չեմ կարող վճարել, որովհետև խնդիր ա: Դուք պետք ա տաք, որ ես կարողանամ կոմունալ վճարեմ, դուք պետք ա տաք էդ գումարները, որ ես կարողանամ հարկային… դուք պետք ա էդ վճարներն անեք, որ ես կարողանամ ընդհանուր էս շենքը պահել»: Ու եկանք համաձայնության, որ երկու կտրվածքից, մի տասը օրվա մեջ, ոնց որ 20 օրում լրիվ գումարները վճարեն, որ ես էլ կարողանամ իմ վճարումներն անել»,- ասաց Աշոտ Փալիկյանը:
Սակայն «ՊԱԼԱՍ»-ի վաճառողները մեզ հետ զրույցի ընթացքում ժխտեցին «ՊԱԼԱՍ» կենտրոնի տնօրենի ասածը, թե համաձայնության են եկել: Պնդեցին, որ Աշոտ Փալիկյանը տարածքների վարձավճարները վճարելու համար վաճառողներին ժամանակ է տվել մինչև հունիսի 15-ը՝ ասելով, որ, եթե մինչև նշված վերջնաժամկետը վճարումները չանեն, ապա կարող են գնալ կենտրոնից: