«Ես էդ քայլին չեմ գնա երբեք՝ ուզեն ինձ ժուռնալիստիկայից զանգեն, կուզեն ինձ երկրի ղեկավարությունից զանգեն». «ՊԱԼԱՍ»-ի տնօրենը՝ վաճառողների պահանջի մասին

Այսօր 168.am-ի խմբագրություն ահազանգ ստացանք Գայի պողոտայի 12/1 հասցեում գտնվող «ՊԱԼԱՍ» առևտրի կենտրոնի վաճառողներից, որոնք հայտնեցին, որ բողոքի ակցիա են իրականացնում  առևտրի կենտրոնի  շենքի դիմաց: Վաճառողները մեզ փոխանցեցին, որ խնդրում են կենտրոնի տնօրենից՝ հաշվի առնելով համավարակով պայմանավորված առևտրի աննախադեպ անկումը,  ողջամիտ սահմաններում զեղչեր կատարել տարածքի համար վարձակալության հարցում։ «ՊԱԼԱՍ» առևտրի կենտրոնում առավելապես հագուստի մանրածախ առևտրի տաղավարներ են, որտեղ, ինչպես վստահեցնում էին վաճառողները, այսօր երկրում  ստեղծված իրավիճակում գրեթե առևտուր չեն անում, իսկ կենտրոնի տնօրենը ոչ միայն զիջումների չի գնում, այլև պահանջում է ամբողջ ծավալով վճարել վարձավճարները, իսկ փոքր-ինչ ուշացման դեպքերում՝ հանձնարարում է անվտանգության աշխատակիցներին փակել  տաղավարներն ու վարձավճարներն ուշացրած վաճառողներին էլ արգելել  առևտուր անել։

Մեզ դիմած քաղաքացիները վստահեցնում էին, որ բոլորն էլ պատրաստ են քիչ-քիչ վճարումները կատարել՝ ըստ օրական առևտրի ծավալների։ Նրանց խոսքով՝ արդեն 2 ժամ է՝ արևի տակ կանգնած  սպասում են տնօրենի արձագանքին, բայց արձագանք չկա։

Պարզաբանումներ ստանալու նպատակով կապ հաստատեցինք «ՊԱԼԱՍ» առևտրի կենտրոնի տնօրենի հետ։ Աշոտ Փալիկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վարձավճարի ոչ մի զիջում անել չի պատրաստվում, իսկ այն մարդիկ, որոնք չեն կարողանում վճարել և գիտեն ավելի էժան վարձավճարով կենտրոններ, կարող են գնալ և շարունակել այնտեղ աշխատել: Կենտրոնի տնօրենն իր այս որոշումն այսպես պատճառաբանեց՝ երկու տարի առաջ  գինն իջեցրել է ու հիմա նույն քայլին չի գնա:

«Մեր ժողովուրդը լրիվ արդեն իրանք իրանց տվել-անցել են: Սրանից երկու տարի առաջ 30 քառակուսիանոց խանութները արժեին 270.000 դրամ: Խնդրեցին, որ վիճակը ծանր ա, ես ասեցի՝ լավ: Մեծ ժողով արեցինք, որոշեցինք իջացնել 50.000 դրամով, սարքեցինք 30 քառակուսի մենտրանոց խանութները 220.000 դրամ: Իսկ 25 քառակուսիանոց խանութները՝ նորից 50.000-ով, սարքեցինք 200.000 դրամ: Այսինքն՝ միջինը գալիս ա 7.500 դրամ մեկ քառակուսի մետրը:

Ուրեմն երկու տարի առաջ, ժողովրդի հետ խոսալուց առաջ ասի՝ ինձ ժամանակ տվեք, ես մի հատ հաշվարկ անեմ, տեսնեմ, եթե ես մինուսով չաշխատեմ, խնդիր չի, անեմ մի որոշ բան, որպեսզի դուք ոտքի կանգնեք, նորից նույն գնի գանք: Համաձայնեցին: Հաշվարկից հետո նորից կանչեցի մարդկանց, ասացի՝ ես իջնում եմ, բայց մի պայմանով, որ մի երկու տարի հետո նորից, ինչ վիճակ լինի, ֆորս-մաժոր էլ լինի, պետք ա գների բարձրացում անեմ, որ հասնեմ էդ կետին, որովհետև ես ամբողջ ձմեռ որ աշխատում եմ, իմ շենքը մինուսով ա աշխատում ձմեռը: Բոլոր ծախսերը իմ վրա ա՝ թե՛ գազ, թե՛ հոսանք: Իրանք վճարում՝ կանգնում են: Ու մոտավորապես 45% ես դրանից մենակ հարկային եմ վճարում՝ 20% գնում ա ԱԱՀ-ն, 20% գնում ա իրա շահութահարկը, և 5% էլ՝ տարեկան շահութահարկ, որ, ենթադրենք, տարեկան 5 միլիոն ա: Այսինքն՝ 200.000-ից 90.000-ը ես տալիս եմ մենակ պետական ծախսը: Չհաշված՝ ախրանա, չհաշված՝ հավաքարար, աշխատող, սա, ինչպես  նաև մնացած այլ ծախսեր, ու, որ էդ ամեն ինչը հաշվարկում ենք, գալիս մի կերպ մի հատ կաֆեի փող ա հավաքվում էդ 7.000 քմ-անոց շենքից: Այսինքն՝ մոտավորապես 18-19 միլիոն փող են հավաքում, 100 հատ խանութ ա ընդամենը: Միջինը, որ հաշվեք 170.000-ով, հազիվ էդ ա, որովհետև փոքր խանութներ էլ կան՝ 120-150.000-ով»,- ասաց Աշոտ Փալիկյանը:

«ՊԱԼԱՍ»-ի տնօրենի խոսքով՝ կորոնավիրուսով պայմանավորված՝ երկու ամիս չաշխատելու ընթացքում նա վաճառողներից ոչ մի վարձավճար չի վերցրել: Ավելին, վստահեցրեց, որ ինքն է հոգացել ամսական 2,5 միլիոնի շենքի ծախսը՝ գիշերային հոսանքի և անվտանգության աշխատակիցների գումարը:

«Եկել եք, ասում եք՝ նորից էջացրու: Էսենց վիճակ ա: Ասում եմ՝ մի հատ գնացեք, ողջ Հայաստանում ման եկեք, տեսեք՝ իմ պես երկրորդ ապուշը կա՞, որ պետք ա ես մինուսով դնեմ-աշխատեմ, դուք պլյուսով աշխատեք: Տենց բան երկրորդ որտե՞ղ կա: Չկա: Ուրեմն նշանակում ա՝ ինչ զեղչ ես էն ժամանակ արել եմ, դա մնալու ա՝ որպես զեղչ: Ես էսօր պտի ավելացնեի, չեմ ավելացրել, որովհետև վիճակից ելնելով՝ չեմ ուզում նման քայլի գնամ, ոչ էլ ես էն մարդն եմ, որ ասեմ՝ ես փող հավաքեմ, դնեմ գրպանս, ձեզ էլ եսիմինչի տակ գցեմ: Չէ:

Ոնց կա, տենց մնալու ա: Ինձ նորից խեղդում են՝ «բա չէ, իջացրու»: Ասում եմ՝ եթե ես պետք ա իջացնեմ 50.000-ով, այսինքն՝ ես մոտավորապես 13 միլիոն փող հավաքեմ շենքից, ու մենակ ձեր համար աշխատեմ, մնացածն էլ բանկից կամ մի տեղից բերեմ, դնեմ, որ ես փակեմ, ավելի լավ ա՝ դուրս գաք, գնաք: Ես էդ քայլին չեմ գնա երբեք՝ ուզեն ինձ ժուռնալիստիկայից զանգեն, կուզեն ինձ երկրի ղեկավարությունից զանգեն, կուզեն որտեղից ուզում են զանգեն, եթե մարդը մինուսով պետք ա աշխատի, ու լավ լինի ժողովրդի համար, վատ լինի իրա համար, տենց երկրորդ ապուշը կյանքում չի լինի: Չեմ կարող ես դա անել:

Ու ժողով արեցի 2 օր առաջ, ասեցի՝ նայեք, դուք ինքներդ մի հատ պտտվեք, հաշվարկներ արեք, տեսեք, եթե ես ձեզ մի բանով խաբո՞ւմ եմ. Դուք ասեք՝  ամիսը 10 միլիոն դրամ փող ես աշխատում, մեզ ոչ մի բան չես թողում, որ մենք աշխատենք: Էդ դեպքում ես բոլորիդ կզիջեմ: Գնացեք ավելի էժան տեղ, ավելի հարմար տեղ, ո՛չ ինձ խանգարեք, ո՛չ էլ ես ձեզ խանգարեմ»,- ասաց «ՊԱԼԱՍ» առևտրի կենտրոնի տնօրենը:

Մեր հարցին, թե վաճառողներն առևտրի կենտրոնի բակում են, իրեն են սպասում, ինչո՞ւ իրենց հետ բանակցությունների չի գնում, Աշոտ Փալիկյանն արձագանքեց.

«Ես բանակցել եմ երեկ, երեկ իմ փայատերերն էլ են եկել, բանակցել իրանց հետ ու բացատրել են: Իմ բացատրելուց հետո, եթե ես պետք ա էթամ  կռիվ-մռիվ անեմ իրենց հետ, պտի խփենք իրար, որ ամեն ինչ հանդարտվի, չեմ գնա: Ինչի՞ս ա պետք էլ բանակցել: Ես բանակցել եմ իրանց հետ, բացատրել եմ:  Իրանց հետաքրքրում ա մենակ, որ իրենց համար լավ լինի»:

Մեր դիտարկմանը, թե Երևանում գործող բոլոր առևտրի կենտրոնները համաչափ զեղչել են վարձավճարները, միայն ինքը ոչ մի զիջման չի ուզում գնալ, Փալիկյանն ասաց, թե տեղ չունի իջնելու, և երկու տարի առաջ, երբ իջեցրել ա վարձավճարները, ուրիշ որևէ մեկը գին  չի իջեցրել:

Զրույցից քիչ անց Աշոտ Փալիկյանից զանգ ստացանք, և սկսեց նորից իր հիմնավորումներն ու պատճառաբանությունները ներկայացնել:

«Սրանք սովոր չեն մարդուն վճարում անելու: Ամբողջ ամիսը մի խայտառակ ձևի վճարումներ են անում, ու ոչ մի անգամ, բացառությամբ մի քանի խանութների, որ նորմալ մարդիկ են, նորմալ ձևի իրանց վճարումներն անում են, բայց էս բոշայական վիճակը իրանց արդեն… տենց բան ոչ մի տեղ գոյություն չունի, որ մարդը 10.000-ով բերի փող վճարի: Բոլոր առևտրի կենտրոններում օր ա նշանակած, որ մարդիկ փողը դնեն, որ մարդիկ իրենց վճարումներն անեն: Ես չեմ կարողանում էդ վճարումներն անեմ, ստիպված իմ գրպանից եմ  վճարումներն անում… 10 տարի ա՝ ես էս մարդկանց բացատրում եմ, ասում եմ՝ եթե մարդը ի վիճակի չի աշխատելու, պետք ա չաշխատի: Ո՛չ մեզ խանգարեք, ո՛չ էլ մենք ձեզ խանգարենք: Ուրիշ ձևի կոնտինգենտ ա հավաքված ես շուկայում: Ես չգիտեմ՝ էլ ոնց խոսամ հետները՝ բացառությամբ մի քանիսի:

Ես շատ երկար տարի Ամերիկայում եմ ապրել, բերել եմ, ներդրում եմ արել ստեղ, սարքել եմ, բան եմ արել ու ամեն տարի ասում եմ՝ արա լավ, ես էս ինչ ապուշ էի, Լաս-Վեգասի ամենալավ ռեստորաններից մեկն ա իմը, ես բերեմ ստեղ ներդրում անեմ, սաղ օրը սրանց հետ մուկն ու կատու խաղա՞մ: Չի կարելի մարդկանց էս վիճակին հասցնել»,- նեղսրտեց Աշոտ Փալիկյանը:

Զրույցից հետո, երբ արդեն պատրաստվում էինք հրապարակել հոդվածը, տեղեկություն ստացանք, որ ՊՊԾ պետի տեղակալը և 30-40 աշխատակից գնացել են կենտրոն, շատ հարգալից  խնդրել են վաճառողներին շենք մտնել՝ ասելով, որ լավ են անում՝ բողոքում են, բայց հորդորել են ներս մտնել, որ պարետի որոշման խախտում թույլ չտան։ Խոստացել են տնօրենին կանչել իրենց մոտ՝ պարզաբանումներ ստանալու: Հավաքի մասնակիցները խոհեմաբար ենթարկվել են ոստիկանության օրինական պահանջներին և  մտել են շենք։ Այդուհանդերձ՝ վաճառողներն անհանգիստ են, մտածում են՝ գուցե ոստիկանությունը խաբի ու ոչ մի բան չանի՞:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930