Ռուսաստանն այլևս չի՞ ակնկալում հաջողություն Ղարաբաղյան հարցում ռուսական փուլային տարբերակի հարցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսական միջնորդական առաքելությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում արմատական տեղաշարժեր չի արձանագրում։ Չնայած ապրիլի 21-ին ՌԴ ԱԳ նախարարը ցնցեց տարածաշրջանը՝ փուլային կարգավորման հեռանկարայնության մասին բացահայտումներով։

Նա տեղեկացրել էր, որ ռուսական առաջարկներն ակտիվորեն քննարկվում են կողմերի միջև։ Ըստ Լավրովի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված լուծումները, որոնք առաջարկվել են անցյալ տարի Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, ակտիվորեն քննարկվում են: «Գոյություն ունեն մադրիդյան սկզբունքներ, կան փաստաթղթեր, որոնք պատրաստվել են ՌԴ-ի կողմից 2010-2011 թվականներին, այսպես կոչված, Կազանի փաստաթուղթը: Կան նախագծեր, որոնք տարածվել են անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ համանախագահների մասնակցությամբ, և դրանք հիմա ակտիվորեն քննարկվում են»,- ասել էր ռուսաստանցի դիվանագետը:

Նա պարզաբանել էր, որ այդ փաստաթղթերը ենթադրում են «կարգավորում՝ փուլային մոտեցմամբ, առաջարկելով առաջին փուլում առավել հրատապ խնդիրների լուծում, Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների ազատում, տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»:

«Պայմանավորվությունները սկսել են, հիմա պետք է համաձայնեցնել: Հենց դրան էլ մենք ձգտում ենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,- ասել էր Լավրովը:

Դրան հաջորդեցին հակամարտող կողմերի նախարարների մակարդակով շփումները։ Եվ օրերս իր ամենաշաբաթյա բրիֆինգի ընթացքում ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձանագրեց, որ արմատական տեղաշարժեր չկան, այսինքն՝ չկան տեղաշարժեր ռուսական փաթեթի համաձայնեցման հարցում։

«Մենք հանդես ենք գալիս այդ ձգձգվող, երկարատև ճգնաժամի բանակցային ճանապարհով քաղաքական լուծման օգտին։ Եվ կանենք հնարավորը, որպես հարևան պետություն, որպես երկիր, որին միավորում է երկարատև բարեկամության, փոխգործակցության և համագործակցության պատմությունը այդ երկրների հետ, որպեսզի բերենք մեր կառուցողական ներդրումը»,- ասել է Զախարովան։

Նա նաև ընդգծել է Ռուսաստանի դերը՝ որպես համանախագահի, որը մասնակցում է Մինսկի խմբի աշխատանքներին։ «Չնայած որևէ արմատական տեղաշարժեր չկան, բայց կարող եմ հաստատել, որ լավատեսություն մնում է»,- նշել է նա։

Եվրոպացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը մեզ հետ զրույցում պարզաբանեց, թե ինչով է պայմանավորված ռուսական կողմի հոռետեսությունը, երբ դեռ ապրիլին ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ էր ներկայացնում կարգավորման փաթեթի մասին։ Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ ռուսական կողմը բանակցային ներկայիս բովանդակության վերաբերյալ որևէ սխալ բան չէր ասել։

Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, հենց դրանք են եղել վերջին մեկուկես տարվա բանակցությունների օրակարգը, որի շարժիչ ուժն առավելապես Մոսկվան էր։

«Մեզ համար սպասելի էր, որ, թեև դրանք ռուսական առաջարկներն են և ռուսական առաջին փաթեթը չեն, դրա ուղղությամբ առաջ շարժվելը բարդ է լինելու։ Ինչո՞ւ, որովհետև նախ՝ բացի արմատական տարաձայնություններից, որոնք առկա են կողմերի միջև, հրադադարի խախտումները շարունակվելու են, և դա յուրաքանչյուր պահի կարող է դադարեցնել բանակցությունների շարունակականությունը։ Թեև Դուշանբեի պայմանավորվածությունները որոշակիորեն պահպանեցին հրադադարը շփման գծում, սակայն դա կարող է խախտվել, քանի որ դրա պահպանումը կախված է միմիայն կողմերի քաղաքական կամքից, եթե այն չլինի, որևէ տեխնիկա կամ հստակ փաստաթղթային բազա չի կարող որևէ դեր ունենալ հրադադարի պահպանման հարցում՝ ունենալով զսպող նշանակություն։ Հենց այդ պատճառով կարևորվում էր Վիեննայի պայմանավորվածությունների իրագործումը»,- ասաց վերլուծաբանը։

Սակայն, նրա կարծիքով՝ հայաստանյան հեղափոխական իրադարձություններից հետո նոր իշխանությունը հայտարարեց, որ նոր էջից է սկսում։

«Որքանո՞վ էր դա նոր էջ, չեմ կարող ասել։ Բայց Դուշանբեում ռուսական հովանու ներքո պայմանավորվածություններն ավելի ձեռնտու էին Ռուսաստանին, քան Վիեննայի օրակարգը, որն առավելապես արևմտյան օրակարգ էր, և դրանով կարգավորման գործընթացի հունը ռուսական կողմը շեղեց իր կողմ, ինչո՞ւ, թերևս շատ ենք խոսել այդ մասին, որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Սակայն հենց այդ փուլում էլ ռուսական կողմն իր փաթեթը կրկին դրեց շրջանառության մեջ։ Դատելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններից, ՄԽ-ն դրան դեմ չէ, իրենք՝ կողմերը, պետք է որոշեն, թե ինչ օրակարգով են ցանկանում առաջ շարժվել։ Ինքս կարծում եմ, որ այդ մասին հայտարարվեց ոչ այն պատճառով, որ այդ փաթեթի շրջանակում կողմերը մոտ են կարգավորման, այլ, որովհետև ցանկություն կար դա բարձրաձայնել, ցույց տալ, թե ինչ է ցանկանում Ռուսաստանը, Ռուսաստանը սրանով որոշակի դժգոհություն ևս ցույց տվեց, ամենայն հավանականությամբ, Հայաստանից, քանի որ այս փուլում խնդիրներ են երևակվում հայ-ռուսական հարաբերություններում և ոչ ռուս-ադրբեջանական հարաբերություններում։ Իսկ ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ օրակարգը նույնն է՝ սկսած անցյալ տարվանից։

Ներկայումս ևս ոչինչ չի փոխվել, պարզապես ռուսական կողմը ժամանակ առ ժամանակ անում է արտասովոր քայլեր՝ ունենալով հստակ նպատակներ, որոնցից խոսեցի։ Իսկ թե երբ կլինի առաջընթաց, այսօր ևս չեմ կարողանա ասել»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս