«Թե՛ տեղեկատվական հարթակում, թե՛ բանակցային գործընթացի ընդհանուր տրամաբանության տեսանկյունից՝ ՄԻԵԴ-ի վճիռը կարող է և օգտագործվելու է». Փորձագետ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  մայիսի 26-ին հրապարակել էր  ՀՀ Զինված ուժերի  սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  կայացրած վճռով արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ինչպես նաև՝ 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։ Վճռում նշված է նաև, որ Ադրբեջանը չհիմնավորված կերպով ձախողել է իր սպայի՝ էթնիկ ատելության հողի վրա իրականացրած հանցանքի համար ազատազրկման ապահովումը,  երկիր վերադառնալուց հետո ներել են, մայորի կոչում շնորհել  ու ապահովել նրա առաջխաղացումը։ Ադրբեջանը չի կարողացել հերքել խտրականության վերաբերյալ ենթադրյալ պնդումները։
Ինչպե՞ս կարող է ՄԻԵԴ-ի վճիռը բանակցություններում օգտագործվել հօգուտ հայկական կողմի, և առհասարակ բանակցային սեղանին այն ինչպե՞ս պետք է ներկայացվի:

168.am-ի հետ զրույցում «Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ այս հարցերն այդքան էլ պարզ պատասխաններ չունեն, այն պատճառով, որ  բանակցային գործընթացը հակամարտության շուրջ ընթացող գործընթացների շատ նեղ դրսևորումն է:
«Եթե նկատի ունենք, որ բանակցություններում հաջորդ հանդիպման ընթացքում, ենթադրենք՝ արտգործնախարարը կամ պետության ղեկավարը պետք է գնա և այդ խնդիրը բարձրացնի, և դա կտրուկ փոփոխություն մտցնի բանակցային գործընթացում, ապա նման բան չի լինի: Սա հերթական լուրջ ապացույցն է, որ հակամարտության հիմքում հայ բնակչության,  ժողովրդի ֆիզիկական վտանգն օգտագործվել է միշտ, այսինքն՝ այս առումով մենք որևէ նորություն չունենք: Սակայն ընդհանուր առմամբ այս դատավճիռը, սրան նախորդած Սամվել Սարիբեկյանի գործով դատավճիռը և ապագայում, ենթադրում եմ, նմանատիպ գործերով այլ դատավճիռները, որոշակի իմաստով կարող են նաև նախադեպային դառնալ, օրինակ, ապրիլյան ռազմական գործերի քննման ընթացքում:

Սա ասում եմ, որովհետև ապրիլյան պատերազմից հետո էլ մենք ունեինք նմանատիպ դեպքեր, երբ ռազմական հանցագործներին Ադրբեջանում պարգևատրել էին, ընդ որում, մեկին անմիջապես պարգևատրել էր Ալիևը, իսկ մեկ այլ անձի, կրկին նրա հրամանագրով, շքանշան էին հանձնել: Այսինքն՝ այս առումներով կարող է օգտագործվել և, բնականաբար, կոպիտ կհնչի, բայց այս ամենը հաստատում է հայկական կողմի առաջ քաշած այն թեզերը, որ Արցախի հակամարտության այս նոր փուլի հիմքում, ինչպես նաև նախկինում ևս, հայերի ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգն է: Սա է հիմնական խնդիրը, որը Արցախի Հանրապետությանը ստիպում է գնալ ինքնորոշման ճանապարհով՝ ունենալով պետություն Ադրբեջանի իրավասությունից դուրս՝ ցանկացած կարգավիճակով»,- ասաց Տարոն Հովհաննիսյանը:

Փորձագետի խոսքով՝ ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ կոնվենցիայի 14-րդ հոդվածը (խտրականության արգելք) ցույց է տալիս Ադրբեջանում պետական մակարդակով գոյություն ունեցող հայատյացության քաղաքականությունը:

Նա նաև նկատեց, ինչպես իրավապաշտպաններն են հայտարարում, ՄԻԵԴ-ի վճիռը կարող է նաև բողոքարկվել և քննվել Մեծ պալատում, քանի որ Եվրոպակական դատարանը  ոչ բոլոր կետերով է բավարարել ներկայացրած հայցերը. «Այդուհանդերձ եղած վճիռն էլ է ցույց տալիս, որ Ադրբեջանում պետական մակարդակով առկա է հայատյացության և հայերի նկատմամբ խտրական, ռասիստական քաղաքականության առկայություն: Ընդհանուր առմամբ սա նաև պատմական դեպքերը՝ Սումգայիթի, Բաքվի ջարդերը, ապրիլյան դեպքերը, ապացուցում են հայերի ֆիզիկական գոյությանը  սպառնացող խնդիրը, որը հայկական կողմը պարբերաբար առաջ է քաշում: Բնականաբար  թե՛ տեղեկատվական հարթակում, թե՛ բանակցային գործընթացի ընդհանուր տրամաբանության տեսանկյունից ՄԻԵԴ-ի վճիռը կարող է և օգտագործվելու է»,- հավելեց փորձագետը:

Տարոն Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ ՄԻԵԴ-ի վճիռը հրապարակելուց հետո, ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներում որևէ նորություն չի եղել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրատվամիջոցների 99 տոկոսը գտնվում է պետական վերահսկողության տակ:

«Իհարկե, շրջանառվում էին այն հին ու միֆական թեզերը, թե Սաֆարովին կեղծ հոդվածներով են դատել: Ընդհանուր առմամբ, տեղեկատվական դաշտում և սոցիալական ցանցերում օգտատերերի շրջանում, նախ՝ շարունակվում է Սաֆարովի արարքի արդարացման և հերոսացման քաղաքականությունը, այդ թվում՝ իշխանական լրատվամիջոցների միջոցով: Մյուս կողմից՝ որոշ փորձագետներ փորձում են իրենց հույս տալ այն կետով, որ ոչ ամբողջությամբ են ներկայացված հայցերը, բնականաբար, ցանկանում են մանիպուլյացիաներով աշխատել և ընդհանուր տրամադրություն ստեղծել, թե այս վճիռն Ադրբեջանի դեմ որևէ բացասական բան չի պարունակում: Ընդհանուր այս գծերի մեջ է նրանց մոտ քարոզչությունը»,- եզրափակեց Տարոն Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս