8,869 դրամից մինչև 114,500 դրամ. «ADM դայմոնդս»-ի աշխատակիցների՝ հունվար և փետրվար ամիսների աշխատավարձերը
«ADM դայմոնդս» ադամանդագործական ընկերությունը, որը 2020 թվականի առաջին եռամսյակի տվյալներով ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում 715-րդն է, 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին իր աշխատակիցներին ընդհանւոր առմամբ վճարել է ավելի քան 18 միլիոն դրամ աշխատավարձ: Վճարված աշխատավարձի թվերին 168.am-ը ծանոթացավ ընկերության ղեկավարների մեզ տրամադրած 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին վճարած աշխատավարձերի վերաբերյալ փաստաթղթերին, որոնց համաձայն՝ ընկերությունը 2020 թվականի փետրվարին նույն թվականի հունվար ամսվա համար աշխատավարձ է վճարել 130 աշխատակցի, իսկ 2020 թվականի մարտին՝ փետրվար ամսվա համար, աշխատավարձ է վճարել 163 աշխատակցի:
Փաստաթղթերում ներառված տվյալներով՝ կան աշխատակիցներ, որոնք ստացել են 8.869 ՀՀ դրամ, 17,738 ՀՀ դրամ կամ 18,625 ՀՀ դրամ աշխատավարձ: Ադամանդագործական ընկերության աշխատակիցների նման ցածր աշխատավարձի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք ընկերության փոխտնօրեն Արսեն Արտաշեսյանից, որն ասաց, թե ընկերությունը չունի այդ չափով վճարվող հաստիք, իսկ նման աշխատավարձը պայմանավորված է տվյալ աշխատակիցների՝ ընկերությունում այդ ժամանակ մի քանի օր աշխատելու հանգամանքով:
Նշված փաստաթղթերում առկա աշխատավարձի ամենամեծ չափը 114,500 դրամն էր, որը վճարվել է ընկերության ընդամենը մեկ աշխատակցի:
Հիշեցնենք, որ երեկ, անդրադառնալով ընկերության աշխատակիցների թվին և աշխատավարձերին, «ADM դայմոնդս»-ի համահիմնադիր Արտակ Բաղիկյանն ասել էր, թե ընկերությունն այս պահին ունի 157 աշխատակից, իսկ ընկերության միջին աշխատավարձը 100.000 դրամի սահմաններում է: Այդուհանդերձ, մեզ տրամադրած փաստաթղթերում գրանցված տվյալներն ուսումնասիրելու արդյունքում պարզ դարձավ, որ ադամանդագործական ընկերությունում հունվար ամսվա միջին աշխատավարձը կազմել է 59,008 դրամ, իսկ փետրվար ամսվա միջին աշխատավարձը՝ 65,784 դրամ:
Հիշեցնենք նաև, որ որոշ ժամանակ առաջ մամուլում տեղեկություն էր շրջանառվում, թե ընկերությունն աշխատակիցներին երկու ամիս աշխատավարձ չի տվել: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսից հետո, երբ լրագրողների հետ զրուցել ցանկացան նաև ընկերության աշխատակիցները, նրանք հերքեցին այդ լուրերը՝ նշելով, թե իրենց բարձրացրած խնդիրը վերաբերել է պետությունից տրամադրվող աջակցությունը չստանալուն: Խոսքը կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագրով տրամադրվող աջակցության մասին է:
Ընկերության փոխտնօրեն Արսեն Արտաշեսյանն էլ միջամտեց ու տվեց հետևյալ պարզաբանումը.
«Խնդիրը նրանում է կայանում, որ ոչ թե պետությունն է ինչ-որ պայման խախտել, կամ ինչ-որ բան սխալ է եղել: Ընդամենը տեխնիկական հարց է: Եթե 8-րդ միջոցառմանը բոլորդ տեղյակ եք, մասնակից դառնում են՝ դասակարգումից ելնելով: Մեր հաշվապահության կողմից անուշադրություն է եղել, և դասակարգիչը սխալ է գրվել: Դրա պատճառով մեզ չեն ներառել 8-րդ միջոցառման մեջ»: Ընկերության փոխտնօրենը նշեց, որ խնդրի կարգավորումն ընթացքի մեջ է, և եթե այնպես ստացվի, որ խնդիրը չկարգավորվի, ընկերությունն ինքը կվճարի աշխատակիցներին այդ գումարը: