Ադրբեջանը փորձեց հայկական ուժերի զգոնությունը, սակայն ռազմական գործողությունները բացառված չեն. փորձագետներ
Մայիսի 18-22-ն Ադրբեջանի բանակն անցկացրեց իր հերթական խոշոր զորավարժություններից մեկը։ Տվյալ զորավարժությանը ներգրավված հիմնական ցամաքային միավորը 2-րդ կորպուսն էր, ինչը ենթադրում է Արցախի արևելյան և հարավարևելյան սահմանների ուղղությամբ հարձակողական գործողությունների խաղարկում: Ըստ «Ռազմինֆո»-ի, նման զորավարժություններ խաղարկվում են բոլոր ուղղություններով, օրինակ՝ այս տարվա մարտին անցկացված խոշոր զորավարժության հիմնական ցամաքային միավորն 1-ին կորպուսն էր, որը տեղակայված է Արցախի հյուսիսարևելյան սահմանների ուղղությամբ: Ավելին՝ գրեթե նույնն էր պատկերը նաև անցյալ տարի, երբ մայիսի 20-24-ը զորավարժություն էր ընթանում 2-րդ կորպուսի կազմով:
Ընդհանուր, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, վարժանքներին ներգրավվել էր մինչև 10.000 անձնակազմ, 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, 200 միավոր հրթիռահրետանային միջոց, 30 միավոր զորային և ճակատային ավիացիա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր: Ընդհանուր, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, վարժանքներին ներգրավվել էր մինչև 10.000 անձնակազմ, 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, 200 միավոր հրթիռահրետանային միջոց, 30 միավոր զորային և ճակատային ավիացիա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր: Նույն օրերին զուգահեռ վարժանքներ էր անցկացնում նաև Նախիջևանի առանձին համազորային բանակը:
Հարկ է նշել, որ զորավարժությունից առաջ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ «Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի՝ որպես սադրանք, և կունենա համապատասխան հետևանքներ»:
ՀՀ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն էլ օրերս ՀՀ ԱԺ-ում հայտարարել էր, որ Ադրբեջանը նախապես չի տեղեկացրել այս զորավարժությունների մասին։
«Ադրբեջանը միջազգային պայմանագրերով պարտավորվածություն ունի և պետք է կանխավ հայտարարի զորավարժությունների մասին։ Չնայած, որ ադրբեջանական կողմը չի հայտարարել զորավարժությունների մասին, սակայն մենք արդեն սովոր ենք հակառակորդի նման գործելաոճին։ Հայկական սահմանների համար որևէ լարվածություն չեն առաջացրել այդ զորավարժությունները»,- ասել էր Բալայանը։
Ուշագրավ է նաև այն, որ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ մայիսի 22-ին ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ։ Արցախի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում ասվում էր.
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով՝ հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել»:
Ադրբեջանում անցկացված այս մասշտաբային զորավարժությունների ֆոնին ավելորդ չէ հիշել վերջին շրջանում Ադրբեջանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական պաշտոնյաների կողմից հնչող հայտարարությունները ԼՂ հակամարտությունն ուժի միջոցով լուծելու անհրաժեշտության մասին։ Ավելին, այդ հայտարարություններում կարմիր թելի նման անցնում է տարածաշրջանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակը, որը ադրբեջանցի որոշ պաշտոնյաներին թույլ է տալիս ենթադրել, թե Հայաստանը մնացել է միայնակ, ԼՂ հակամարտությունը մնացել է միջազգային ուշադրությունից դուրս, և հարմար ժամանակաշրջան է ռազմական գործողություններ սկսելու համար։ Ուստի, մի շարք ռազմական և քաղաքական վերլուծաբանների կարծիքով, այս զորավարժությունները՝ թեկուզ դրանք լինեն պլանային, անուշադրության չպետք է մատնվեն։
Մեզ հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ զորավարժությունները պլանային են, խաղարկվել են նման զորավարժությունների համար դասական համարվող սցենարներ։ Սակայն, ըստ նրա, զորավարժությունների ընթացքում մեծամասշտաբ զինտեխնիկայի, զինուժի կուտակում է տեղի ունենում և հենց այն ուղղություններում, որտեղից հայկական կողմերի հետ գործողությունների վտանգ կա։
«Բնականաբար, դա տվյալ հակամարտության դեպքում թերագնահատելը մեծ արկածախնդրություն կլինի, քանի որ այն ակնթարթորեն կարող է վերածվել մեկ այլ գործողության կամ, մինչև անգամ, չպլանավորված ագրեսիայի։ Մենք տեսնում ենք, որ տարիներ շարունակ զինտեխնիկայի կուտակում է տեղի ունենում, այդ թվում՝ նմանատիպ զորավարժությունների միջոցով, սակայն ռազմական գործողությունների վերսկսման իրական վտանգի գնահատման դեպքում հաշվի է առնվում նաև դրան նախորդած ժամանակահատվածը, հրադադարի խախտումների ինտենսիվությունը, դա կարող են ասել միայն կողմերը, իմ դիտարկումներով՝ դեպքեր եղել են, սակայն, ոչ մեծ ինտենսիվությամբ»,- ասաց Խրամչիխինը։
Սա, վերլուծաբանի խոսքով, նաև զգոնության, ուշադրության ստուգում է հակառակորդ կողմից, քանի որ զորավարժությունը միայն սցենարներ բեմադրելով և դրանք իրականացնելով չի սահմանափակվում, կողմերը հետևում են միմյանց հայտարարություններին, գործողություններին ու զգոնությանը։ Զորավարժությունը, նրա գնահատմամբ, կարող է հեշտությամբ վերածվել ռազմական գործողությունների, քանի որ, ըստ վերլուծաբանի, Ադրբեջանը մի կողմ չի դրել հակամարտությունը ռազմական սցենարով իր համար լուծելու պլանը։ «Պարզապես ամեն պահ չէ, որ ձեռնտու և հարմար է նման ծրագիր իրագործելու համար, կա և ռազմական ներուժի, և քաղաքական նպատակահարմարության հարց, այսօր այդ գործոնների թվում հաշվի է առնվում նաև կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, իրավիճակը Թուրքիայում և Մերձավոր Արևելքում, թուրք-ադրբեջանական համագործակցության խորացումը տնտեսական ոլորտում»,- ասաց Խրամչիխինը։
Իր հերթին՝ ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ Ղարաբաղյան հակամարտության դեպքում այս զորավարժությունները կրում են ուժը ցուցադրելու, դրանով իսկ հակառակորդին զսպելու, սադրելու, ճնշելու և զգոնությունը փորձարկելու նպատակ։
«Այս դեպքում, կարծում եմ, որ բոլորն էլ նշանակություն ունեն։ Ադրբեջանը փորձում է իր հակառակորդի զգոնությունը կորոնավիրուսի տարածման ժամանակ։ Չէ՞ որ կա վտանգ, որ դա կարող է թուլացնել էապես զգոնությունը սահմաններին, ստեղծել քաոտիկ վիճակ երկրներում։ Զորավարժությունները, ռազմական շքերթները ցույց են տալիս տվյալ երկրի ռազմական ներուժը, ռազմականացվածության աստիճանը, որը յուրատեսակ զսպող նշանակություն ունի հատկապես այն կողմի համար, որը նախահարձակ չի լինում, իսկ ռազմական սադրանք սկսող կողմի դեպքում հակառակորդին զորավարժությամբ մոլորեցնելու հանգամանքը ևս կա, ուստի ռազմական հակամարտությունների դեպքում նշանակություն չունի՝ զորավարժությո՞ւն է, թե՞ դրա բացակայություն, իրավիճակի մոնիտորինգ տեղի է ունենում անընդհատ։ Աշխարհում ստեղծված այս իրավիճակում դա ավելի կարևոր է»,- ասաց Ֆելգենգաուերը: