Էրդողանի խնդրանքով Հայաստանում կառուցվում է 10 մզկիթ. թուրքական լրատվամիջոցներ

Թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով, կարգադրել է Հայաստանում կառուցել 10 մզկիթ։

Ըստ հրապարակման՝ նոր մզկիթների շինարարությունը Հայաստանում նախատեսվում է սկսել դեկտեմբերի սկզբին։ Հաղորդվում է, որ մզկիթներից հինգը կկառուցվեն հայ-թուրքական սահմանին մոտ գտնվող տարածքներում, իսկ մնացած հինգը՝ երկրի խոշոր քաղաքներում։

«…Տվյալ քայլը, առաջին հերթին, ցույց է տալիս Երևանի ցանկությունն ու վճռականությունը՝ խթանելու մշակութային բազմազանությունը և անցնելու այն երկարատև քաղաքական և պատմական վեճերից այն կողմ, որոնք ավելի քան մեկ դար բաժանել են նույն աշխարհագրության երկու պատմական հարևաններին և հին ժողովուրդներին»,- գրել է թուքական կայքը:

Ըստ Հայաստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների՝ նախաձեռնությունը խրախուսվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, ով նախագիծը համարում է երկու երկրների միջև մշակութային և կրոնական կապերը ամրապնդելու հնարավորություն:

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը հայտնի է իր մոտավորապես 98 տոկոս քրիստոնյաներով, վարչապետ Փաշինյանը, ըստ լուրերի, աջակցել է Էրդողանի առաջարկին և արդեն իսկ ապահովել է պատմական նախագծի ֆինանսավորումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցով:

Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ահազանգել է OdaTV-ի կայքի կողմից կեղծ տեղեկատվության շրջանառության մեջ մտնելու ու հայաստանյան որոշ ԶԼՄ-ների կողմից այն արտատպելու մասին:  Բաղդասարյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«OdaTV-ի կայքը կրկին շրջանառության մեջ է դրել կեղծ տեղեկատվություն, իսկ մի շարք հայաստանյան ԶԼՄ-ներ՝ առանց նվազագույն ստուգման կամ աղբյուրների ճշգրտման, շտապել են արտատպել այս ֆեյքը՝ անկախ մտադրությունից ակամա դառնալով ապատեղեկատվության շղթայի մասնակից։

Վաղուց չարչրկված ու հին սցենար է՝ արտաքին աղբյուրները ստեղծում են լիովին սուտ ու սադրիչ պատմություն, իսկ որոշ ներքին դերակատարներ անմիջապես տարածում են այն՝ փորձելով ձևավորել անվստահության դաշտ և նոր բևեռացում հասարակության մեջ»,-գրել է վարչապետի մամուլի քարտուղարը:

Նա ակնհայտ է համարել, որ որքան մոտենում են ընտրական գործընթացները, այնքան էլ ավելի թեժանալու են Հայաստանի պետականության, պետական ինստիտուտների և հանրային պաշտոնյաների դեմ ուղղված ապատեղեկատվական հարձակումները։

Տեսանյութեր

Լրահոս