Բաժիններ՝

Հայաստանի ազգային արխիվի մի շարք տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը կդադարեցվի․ նախագիծ

Հայաստանի արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է օպտիմալացման նպատակով դադարեցնել Հայաստանի ազգային արխիվի մի շարք տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը։ Նախագիծը ներկայացված է e-draft.am հարթակում։

Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծում, որպես հիմնավորում, նշվում է, որ նվազել են արխիվ համալրվող գործերը, արխիվ անձամբ դիմող քաղաքացիների թիվը, իսկ տարածքային ստորաբաժանումների մեծ մասն ունի շենքային անբարենպաստ պայմաններ։

Առաջացած խնդրին լուծում տալու նպատակով առաջարկվում է իրականացնել Տարածքային ստորաբաժանումների օպտիմալացումներ՝ հետևյալ սկզբունքով և հիմնավորումներով․

1․ Ապարանի և Թալինի ներկայացուցչությունները միացնել Արագածոտնի մասնաճյուղին՝  փաստաթղթերը տեղափոխելով Աշտարակ՝ այն հիմնավորմամբ, որ Ապարանի ստորաբաժանումում վերջին տարիներին փաստաթղթերի համալրում գրեթե տեղի չի ունեցել, իսկ Թալին համայնքում, կապված համայնքների խոշորացման հետ, արդեն իրականացվել է մեծ թվով համալրում և առաջիկայում չեն կանխատեսվում համալրման մեծ աշխատանքներ, սրան զուգահեռ՝ կամբողջանա Աշտարակի ստորաբաժանման ծանրաբեռնվածության ցուցանիշը։

2․ Մասիսի ներկայացուցչությունը միացնել Արարատի մասնաճյուղին՝  փաստաթղթերը տեղափոխելով Արտաշատ՝ այն հիմնավորմամբ, որ Մասիսում ևս չեն կանխատեսվում փաստաթղթերի համալրման մեծ ծավալներ, առկա փաստաթղթերի պահպանության համար ներկայիս շենքային պայմանները բավարար չեն, իսկ Արտաշատի մասնաճյուղը ապահովված է ընդարձակ  շենքային պայմաններով:

3․ Սևանի ներկայացուցչությունը միացնել Կոտայքի մասնաճյուղին՝  փաստաթղթերը տեղափոխելով Հրազդան՝ այն հիմնավորմամբ, որ  Սևանի ստորաբաժանմանը հատկացված շենքային պայմանները ծավալային առումով բավարար չեն առկա փաստաթղթերի պահպանությունն իրականացնելու համար։ Սևան քաղաքին տարածքի առումով ամենամոտը Հրազդան քաղաքն է, որի ստորաբաժանումն էլ գտնվում է շենքային խիստ բարենպաստ պայմաններում:

4․ Ճամբարակի ներկայացուցչությունը միացնել Վարդենիսի ներկայացուցչությանը՝  փաստաթղթերը տեղափոխելով Վարդենիս՝ այն հիմնավորմամբ, որ Ճամբարակի ստորաբաժանումն այս պահին ցածր ծանրաբեռնվածության հետևանքով ունի միայն մեկ հաստիքային միավոր, ինչը խիստ դժվարացնում է ներկայացուցչության բնականոն գործունեության կազմակերպումը, սրան զուգահեռ՝ կամբողջանա Վարդենիսի ստորաբաժանման ծանրաբեռնվածության ցուցանիշը:

5․ Ստեփանավանի և Դիլիջանի ներկայացուցչությունները միացնել Լոռու և Տավուշի միասնական մասնաճյուղին՝  փաստաթղթերը տեղափոխելով Վանաձոր՝ այն հիմնավորմամբ, որ  Ստեփանավանի ստորաբաժանումում վերջին տարիներին փաստաթղթերի համալրում ընդհանրապես տեղի չի ունեցել, շենքային պայմանները խիստ անբարենպաստ են, փաստաթղթերի պահպանությունը վտանգի տակ է։ Կապված նախորդ տարիներին Ազգային արխիվի Տավուշի մասնաճյուղի լուծարման և փաստաթղթերի՝ Վանաձոր տեղափոխման հետ՝ Դիլիջանին վերաբերող մի շարք փաստաթղթեր տեղափոխվել են Վանաձոր, այդ պատճառով նպատակահարմար է Դիլիջանում առկա արխիվային փաստաթղթերը ևս տեղափոխել Վանաձոր՝ հաշվի առնելով հատկապես, որ Վանաձորի ստորաբաժանումն ապահովված է շենքային բարենպաստ պայմաններով:

6․ Եղվարդի ներկայացուցչությունը միացնել Չարենցավանի ներկայացուցչությանը՝  փաստաթղթերը տեղափոխելով Չարենցավան՝ այն հիմնավորմամբ, որ այս երկու տարածքային ստորաբաժանումները գրեթե ունեն ծանրաբեռնվածության նույն մակարդակը և նույն հաստիքային կազմը, սակայն էապես տարբերվում են շենքային պայմանները, և Չարենցավանի ստորաբաժանումն ապահովված է շենքային բարվոք պայմաններով, իսկ տարածքը թերբեռնված է։

7․ Արթիկի ներկայացուցչությունը միացնել Մարալիկի ներկայացուցչությանը՝  փաստաթղթերը տեղափոխելով Մարալիկ՝ այն հիմնավորմամբ, որ Արթիկում գտնվող ստորաբաժանման շենքային պայմանները, ի տարբերություն Մարալիկի, խիստ անբավարար են, առկա տարածքն արդեն չի բավարարում փաստաթղթերի պատշաճ պահպանությունն իրականացնելու համար։

8․ Սիսիանի ներկայացուցչությունը միացնել Վայոց ձորի մասնաճյուղին՝  փաստաթղթերը տեղափոխելով Եղեգնաձոր՝ այն հիմնավորմամբ, որ Սիսիանի ստորաբաժանումում ևս վերջին տարիներին փաստաթղթերի համալրում տեղի չի ունենում, ստորաբաժանումում առկա է հաստիքային մեկ միավոր, տարածքային առումով այն մոտ է գտնվում Եղեգնաձորին, որն ունի շենքային բարվոք պայմաններ, սրան զուգահեռ՝ կամբողջանա նաև Եղեգնաձորի ստորաբաժանման ծանրաբեռնվածության ցուցանիշը:

9․ Գորիսի ներկայացուցչությունը միացնել Սյունիքի մասնաճյուղին՝ փաստաթղթերը տեղափոխելով Կապան՝ այն հիմնավորմամբ, որ Գորիսի ներկայացուցչությունն ունի շենքային պայմանների ապահովման խնդիր, առկա տարածքը արդեն չի բավարարում փաստաթղթերի պահպանությունն իրականացնելուն, իսկ Կապանի ստորաբաժանումն ունի շենքային բարվոք պայմաններ, շենքն էլ գտնվում է թերծանրաբեռնված վիճակում։

Օպտիմալացման աշխատանքների արդյունքում Ազգային արխիվի բոլոր գործող տարածքային ստորաբաժանումները վերակազմակերպել որպես մասնաճյուղեր՝ անվանելով ըստ գտնվելու համայնքի։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է դադարեցնել այն ստորաբաժանումների գործունեությունները, որոնք գործում են միջինացված չափորոշիչներից ցածր արդյունքով։ Կատարված ֆինանսական խնայողությունները (աշխատավարձ և 11 շենքերի պահպանության ծախսեր)՝ տարեկան շուրջ 25 միլիոն դրամ, ուղղել Ազգային արխիվի աշխատակիցների աշխատավարձի բարձրացմանը և տեխնիկական վերազինմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս