Բաժիններ՝

Մեր նպատակը որևէ աշխատողի պատժելը չէ, այլ վարքագծի փոփոխությունն է․ ՆԳ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 15-ին՝ կազմավորման օրվա կապակցությամբ, հանդիպում է ունեցել նախարարության Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների հետ։

Շնորհավորելով անձնակազմին՝ նախարարը նշել է, որ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը այն ստորաբաժանումներից է, որի դերն ու նշանակությունը որպես ինստիտուտ վերափոխվել է Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ։ Ձևավորումից ի վեր Վարչությունը նոր շեշտադրումով կենտրոնացած է ներքին կարգապահության և հակակոռուպցիոն քաղաքականության ուղղություններով իր առջև դրված անելիքների վրա։

«Մեր խնդիրը որևէ ծառայողի կամ աշխատողի պատժելը չէ։ Մեր նպատակը ներքին կարգապահության, տարբեր վարույթների և ընթացակարգերի շրջանակում առավելագույնն իրականացնել է, որպեսզի համակարգն ունենա զգոնության ավելի բարձր մակարդակ։ Մենք պետք է վստահ լինենք, որ այն ուղղությունները, որոնք նախարարությունը որդեգրել է ենթակա ծառայությունների մասով և առհասարակ հանրային ծառայությունների ոլորտում, իրականում մարմին ու բովանդակություն են ստանում»,– ընդգծել է Արփինե Սարգսյանը։

Արփինե Սարգսյանը կարևորել է վարչության ծառայողների կողմից օբյեկտիվության անհրաժեշտ ու բավարար ցուցիչը պահպանելու հանձնառությունը՝ ընդգծելով, որ դրանք հենասյունային սկզբունքներ են, որոնք թույլ են տալիս համակարգում ներքին կարգապահությունը բարձր մակարդակի վրա պահել և վստահ լինել, որ յուրաքանչյուր դեպքին տրվում է օբյեկտիվ արձագանք։

Ձևավորումից մինչ օրս ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են շուրջ 3400 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, կիրառվել են 1112 կարգապահական տույժեր։

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննության մարմիններ է ուղարկվել ծառայողական քննությունների 86 նյութ․ նախաձեռնվել է 77 քրեական վարույթ։
Նախարարությունում հրավիրված կարգապահական հանձնաժողովի 11 նիստի ընթացքում քննարկվել են ոստիկանության 72 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 63 նյութեր:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը գնահատելով վարչության աշխատանքի արդյունավետությունը՝ հանձնարարել է, որ վարչությունն առաջիկա ամիսների կտրվածքով ուշադրությունը կենտրոնացնի ուժային միջոցների գործադրման ստանդարտի իմպլեմենտացման վրա։ Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ինչպես նախկին, այնպես էլ ներկա ղեկավարներին կատարված աշխատանքի համար։

Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Դավիթ Աղաբալյանն իր հերթին շնորհավորելով վարչության կազմավորման օրվա կապակցությամբ՝ շնորհակալություն է հայտնել նախարար Արփինե Սարգսյանին աջակցության համար և վստահեցրել, որ Վարչությունն իր առջև դրված խնդիրները շարունակելու է կատարել մեծ պատասխանատվությամբ՝ նպատակ ունենալով հանրության շրջանում բարձրացնել համակարգի նկատմամբ հանրային վստահությունը։

Դավիթ Աղաբալյանը կարևորել է նաև համակարգի ներսում նախականխման և կանխման մեխանիզմների զարգացումն ու դրանց կիրառումը՝ ընդգծելով, որ ամենօրյա պահանջկոտության ու հետևողական աշխատանքի միջոցով հնարավոր կլինի ցանկալի արդյունքներ արձանագրել։

Ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս