«Ոչ մեկը չի ծախվել, ոչ մեկին չեն առել». Արայիկ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանի և Մասիս Մայիլյանի հետ համագործակցության մասին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում բանակցություններ են ընթացել տարբեր քաղաքական ուժերի հետ: Քաղաքական ամենամեծ ձեռքբերումը նա համարել է «Միասնական հայրենիք» կուսակցության և նրա ղեկավար Սամվել Բաբայանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը երեկ հուշագրի տեսքով ներկայացվել է հանրության դատին:
Հետագա համագործակցության առումով Արայիկ Հարությունյանն առանձնացրել է նաև նախագահական ընտրություններին մասնակից թեկնածու, ներկայիս արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ հանդիպումների արդյունքում գրանցած հաջողությունները:
«Մեր մնացած քաղաքական գործիչներին կոչ կանեի չվիրավորել պետականաշինության գործում դեր ունեցած մեր հայրենիքի զավակներին: Մի՛ փորձեք ազգի ապագայի, մեր երկրի հանդեպ ստանձնած պարտավորվածության արդյունքում ձեռք բերված համաձայնությունը պիտակավորել: Ոչ մեկը չի ծախվել, ոչ մեկին չեն առել, այլ այդ բառերն օգտագործողներն են ծախվողներ: Պաշտոն չենք տալիս ոչ մեկին և պաշտոն չենք տալու ոչ մեկին: Մենք առաջարկում ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի նկատմամբ: Ապրում ենք ճակատագրական ժամանակահատվածում, և այս առումով մեր առաքելությունը չենք իրականացնելու պաշտոնով: Եվ այն քաղաքական ուժերը և գործիչները, ովքեր ստացել են հանրության վստահության քվեն, իրենց մասնաբաժնով մասնակցություն կունենան երկրի կառավարման գործին: Մի մտահոգվեք, ոչ մեկը չի ծախվել, ոչ մեկին չեն առել»,- նշել է Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ քաղաքական պայքարի արդյունքում ձևավորվել է քաղաքական նոր դաշտ, որի խաղացողների հիմնական նպատակը պետք է լինի Արցախի ապագան:
Արցախի նախագահը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ իր «ձեռքը» պարզած է բոլորի համար, այդ թվում՝ անվայել արտահայտություններ անողների՝ միասնության ու համերաշխության ընդհանուր օրակարգի շուրջ:
Հարությունյանը տեղեկացրել է, որ օրվա ընթացքում կլինեն նոր նշանակումներ, և մի քանի օրերի ընթացքում կառավարության կազմում նշանակումները կամբողջացվեն: Մասնավորապես, կադրային առաջին նշանակումը կլինի ԱՀ ոստիկանությունում՝ այսօր:
«Բարեփոխումները սկսում ենք իրավապահ մարմնից: Անձնակազմի հետ հանդիպման ժամանակ կտամ մի շարք սկզբունքային հանձնարարականներ ու կանեմ կարևոր հայտարարություններ»,- ասել է նա:
Արցախի ղեկավարը հայտնել է, որ նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ: Մասնավորապես, ստեղծվելու է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն:
«Ռազմահայրենասիրությունը և բանակ-հասարակություն կապը լինելու են նոր կառավարության գլխավոր ուղղություններից մեկը: Ցանկացած տնտեսական հաջողություն, սոցիալական ծրագրեր գրոշի արժեք չունեն, եթե երկրում բացակայում է համերաշխությունը, և եթե ստորադասվում է մեր գլխավոր մարտահրավերը՝ արցախյան հիմնախնդիրը: Այդ բոլորի հաջողության գրավականը ռազմահայրենասիրությունն է, որը պետք է դառնա պետական քաղաքականության հիմք: Նախարարության նպատակն է լինելու՝ ավելի խորացնել և զարգացնել ռազմահայրենասիրության դերը ոչ միայն՝ Արցախում, այլ նաև՝ Սփյուռքում»,- շեշտել է նա:
Կառավարության կազմում երկրորդ նոր փոփոխությունը ենթադրում է տարածքային կառավարման և զարգացման նախարարության ստեղծում: Նախարարության կազմում ընդգրկված է լինելու նաև բնական ռեսուրսների ոլորտը:
Տարածքային բարեփոխումների իրականացումը Սահմանադրության պահանջ է, և, Արայիկ Հարությունյանի խոսքով՝ տարածքային կառավարման քաղաքականությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները պետք է բերվեն նոր հարթություն, իսկ տարածքային զարգացումը պետք է լինի տարածքների կառավարման համաչափ զարգացման տրամաբանության մեջ:
Հաջորդ փոփոխությամբ Նախագահի վերահսկողական ծառայությունը կվերափոխվի պետական վերահսկողական ծառայության:
Արցախի նախագահը հայտարարել է, որ բոլոր ոլորտների և գերատեսչությունների աշխատանքը լինելու է իր վերահսկողության տակ:
Ձևավորելով պետական վերահսկողական նոր մարմին՝ նա զգուշացրել է բոլոր պետական պաշտոնյաներին և ծառայողներին, որ աշխատանքի բնագավառում թերացման արդյունքում լինելու է համապատասխան վերաբերմունք: Շարունակելով միտքը՝ Արցախի ղեկավարն ընդգծել է՝ ծանոթ-բարեկամ-խնամի կապը պետք է վերանա:
«Ես հանձնարարել եմ աշխատակազմի նորանշանակ ղեկավարին, որ պարզի՝ բոլոր կառույցներում, որտեղ կա ուղիղ ենթակայություն հարազատների, կարճ ժամանակահատվածում՝ 7 օրյա ժամկետում, լուծել այդ խնդիրը»,- եզրափակել է նա: