Տրանսպորտային միջոցներում պետք է լինեն նաև գումարի համար նախատեսված արկղեր՝ փողի հետ շփումը նվազեցնելու համար
ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանն այսօր հանդես եկան մամլո ասուլիսով, ներկայացրեցին կատարված աշխատանքները, հայտնեցին, որ, եթե վարորդի կողմից խախտվի պարետի որոշման համապատասխան պահանջը, ապա տվյալ կազմակերպության ղեկավարը կտուգանվի 100-300,000 դրամով, ուղևորն էլ՝ նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով, իսկ եթե վարորդի կողմից ոստիկանության պահանջը չկատարվի, ապա հնարավոր է՝ իրականացվի վարչական ձերբակալում։
168.am-ի հարցին, թե Տեսչական մարմնի և Ճանապարհային ոստիկանություն ծառայության աշխատակիցների համատեղ կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում ինչպիսի՞ խախտումներ են հայտնաբերվել, Արտյուշ Գրիգորյանը պատասխանեց, որ մարզերում, բանուկ հատվածներում, Երևանի տարբեր խաչմերուկներում իրականացնում են հսկողական աշխատանքներ և մշտադիտարկումներ և հիմնականում խախտումներ հայտնաբերվել են, երբ տրանսպորտային միջոցի ներսում ուղևորի մոտ բացակայել է դիմակը կամ ձեռնոցը։
«Հայտնաբերել ենք նաև խախտումներ, երբ ձեռքերի համար նախատեսված ախտահանիչ նյութերը բացակայել են, կամ չեն եղել դրամի համար նախատեսված արկղեր՝ ինչպես գիտեք, պարետի համար 74 որոշման մեջ նման պահանջ կա։ Տրանսպորտային միջոցներում պետք է լինեն նաև գումարի համար նախատեսված արկղեր՝ փողի հետ շփումը նվազեցնելու և, այդպիսով, վարակի տարածումը կանխարգելելու նպատակով։ Տեղում իրականացվել են կանխարգելիչ գործողություններ, տրվել են պարտադիր կատարման ցուցումներ։ Ուղևորատար կազմակերպությունները տեղեկացվել են, որ շարունակվող խախտումների դեպքում ավելի կոշտ միջոցներ ենք կիրառելու՝ ընդհուպ մինչև երթուղին որոշ ժամանակով կասեցնելը»,- նշեց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը։
Մեր մյուս դիտարկմանը, որ հաճախ քաղաքացիները տաքսիներից օգտվելիս լինում են առանց դիմակի, նստում են վարորդի կողքին․ ի՞նչ քայլեր են արվել այս ուղղությամբ, եղե՞լ են վարչական պատասխանատվության ենթարկվողներ, ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանն արձագանքեց․
«Իհարկե, վարչական պատասխանատվության ենթարկվողներ լինում են։ Տվյալ դեպքում, եթե ուղևորը նստած է առջևում, ապա նա պատասխանատվության է ենթարկվում՝ Վարչական օրենսգրքի առաջին, իսկ վարորդը՝ երկրորդ մասով»։
Արտյուշ Գրիգորյանը, շարունակելով գործընկերոջը, նշեց, որ նման դեպքերում իրենք նաև իրազեկման թերթիկներ են բաժանում, քանի որ պատահել է, երբ վարորդներն ասել են, թե կանոններին ծանոթ չեն։
Մեր հարցին, թե երկաթուղային տրանսպորտի դեպքում՝ նախքան նստեցումը, իրականացվո՞ւմ է ուղևորների ջերմաչափում, և ջերմություն ունենալու դեպքում չի՞ թույլատրվում ուղևորի նստեցումը, նման քանի՞ դեպք է գրանցվել, և սրան ի՞նչ քայլեր են հաջորդել, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը պատասխանեց․
«Կատարվել են այցեր, մի շարք խախտումներ են հայտնաբերվել, մասնավորապես, երկաթուղային տրանսպորտի վագոններում բացակայել են ախտահանիչ նյութերը, եղել են ուղևորներ, ովքեր փորձել են երթևեկել առանց դիմակների։ Հանդիպում է կազմակերպվել երկաթուղային տրանսպորտի ղեկավարության հետ, տրվել են պարտադիր կատարման ցուցումներ, որ ուղևորափոխադրումն իրականացվի պարետի որոշումների, կանոնների պահպանմամբ։ Հավաստիացրել են, որ վագոնները կախտահանվեն, ուղևորները կջերմաչափվեն, կլինեն ախտահանիչ նյութեր։ Երկաթուղային տրանսպորտը, Մետրոպոլիտենը մեր կողմից լինելու են մաքսիմալ ուշադրության կենտրոնում։ Այս պահին թվեր չենք կարող հրապարակել, քանի որ առայժմ սահմանափակվել ենք պարտադիր կատարման ցուցումներ տալով»։