Արսեն Թորոսյանը՝ բարձրագույն պաշտոնյաների մասնակցությամբ աղմկահարույց լուսանկարի մասին
«Կրկնավարակի դեպք մենք չենք արձանագրել, և համաշխարհային ակադեմիական հանրույթը աստիճանաբար հակվում է այն մտքին, որ կրկնավարակները կարճ ժամանակում հնարավոր չեն, և մարդը երկրորդ անգամ, առնվազն, մոտակա մի քանի ամիսներին չի կարող վարակվել կորոնավիրուսով։ Իհարկե, դա չի նշանակում, որ 2-3 տարի հետո չես վարակվի, որովհետև ընդհանրապես սուր շնչառական վարակները՝ վիրուսներով պայմանավորված, երկարատև իմունիտետ չեն առաջացնում, այդ թվում նաև՝ այլ կորոնավիրուսները, որոնք շրջանառվում են սեզոնի ժամանակ»,- այսօր Հանրային խորհրդի առցանց նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Ինչ վերաբերում է այլ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիներին, նախարարն ասաց, որ ինքը դեմ է լինելու, որ, օրինակ՝ մեկ օրում 1000 քաղաքացի վերադառնա Հայաստան․ «Այդ թիվը պետք է լինի կառավարելիի շրջանակներում»։
Անդրադառնալով սոցիալական հեռավորության հարցին՝ նախարարն ասաց, որ ոստիկանությունը կարող է, օրինակ՝ փողոցում իրար մոտ կանգնած քաղաքացիներին ասել՝ 1-1,5 մետր հեռավորություն պահեք, բայց ըստ նրա՝ դա էֆեկտիվ չի լինի․ «Մենք շվեդների պես կարգապահ չենք, բայց պետք է դառնանք, ու այդ դառնալու մեջ միայն ոստիկանական մահակը չէ, որ պետք է գործի։ Բայց աստիճանաբար ավելի լավ սոցիալական հեռավորություն պահպանվում է փակ տարածքներում, և այստեղ պետությունն իր վարչարարական ռեսուրսը խիստ օգտագործում է, երբ օրական բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ պարզապես 24 ժամով փակվում են՝ կանոնները չպահելու համար»։
Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունների մասնակցությամբ խնջույքի սեղանի հայտնի լուսանկարի վերաբերյալ նախարարն ասաց, որ արդեն մեկնաբանություն եղել է, և չի ուզում անդրադառնալ դրան․
«Համարում եմ, որ սոցիալական հեռավորությունը պետք է պահպանվի ամեն տեղ և ամենուր, և մենք բոլորս պետք է այդ առումով օրինակ ծառայենք՝ առանց բացառությունների»։