Բաժիններ՝

«Եթե 2 շաբաթ տոտալ արգելափակում լինի, ոչ այնպես, ինչպես մենք արել ենք, մենք կարող ենք բռնկումների դեմն առնել ամբողջությամբ»․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Հանրային խորհրդի առցանց նիստում ասաց, որ դիմակ կարելի է կրել միշտ և դա դարձնել վարքագիծ․ «Դիմակներ կրելու պարտադրանքը հիմնականում նրա համար է, որ և՛ անհատական դեպքերում վարակը կանխարգելես, և՛ ընդհանրապես կանխարգելես։ Պետությունները, որ դրել են այդ պահանջը, ունեցել են ընդհանուր անկում, որովհետև բոլորը սկսել են կրել։ Ես բացատրել եմ, թե ինչու եմ ժամանակին ասել՝ իմաստ չկա դրսում դիմակ կրել, քանի որ այն ժամանակ ավելի մեծ էր դիմակների դեֆիցիտը և անհրաժեշտություն կար դրանք ապահովել բուժաշխատողներին»։

Ինչ վերաբերում է թեստավորմանը՝ նա նշեց, որ նմուշներ պարտադիր վերցվում են՝ ըստ ցուցումի, այլ ոչ՝ պացիենտի ցանկության․ «Եթե մենք այսօր որևէ քաղաքացուց նմուշ վերցնենք, դա ոչ մի երաշխիք չի տալիս, որ վաղն ինքը հիվանդ չի լինելու։ Եվ դրանից կորելու է նրա խիստ զգուշավորությունը, ասի՝ դե լավ, որ բացասական էր, կարող եմ իմ համար հանգիստ ապրել։ Չկա նման երաշխիք։ Թեստավորումները շարունակվում են, գնալով ավելանում են»։

Անդրադառնալով միգրացիոն ռիսկերին՝ նախարարն ասաց, որ մտավախություն կա, որ Հայաստանը կարող է համարվել ռիսկային գոտի, և մեր երկրի նկատմամբ ավելի մեծ սահմանափակումներ կիրառվեն․ «Չնայած՝ ես չեմ պատկերացնում ավելի մեծ սահմանափակում, քան այսօր է կիրառված, որովհետև ՀՀ քաղաքացիներն այս պահին, փաստացի, ոչ մի տեղ չեն կարող այցելել։ Հիմա դուք պատրա՞ստ եք, որ, օրինակ, նորից խանութները, տրանսպորտը, ամեն ինչ փակվի, եթե պատրաստ եք, ամեն ինչ շատ պարզ է՝ կարելի է նորից անել արգելափակում հենց հիմա, եթե երկու շաբաթ տոտալ արգելափակում լինի, ոչ այնպես, ինչպես մենք արել ենք, ես ձեզ կարող եմ պրակտիկորեն երաշխավորել, որ մենք կարող ենք բռնկումների դեմն առնել ամբողջությամբ։ Եթե բոլորս պատրաստ ենք դրան, կարող ենք գնալ դրան։ Ի դեպ, ինչ-որ մի պահի դա կարող է լինել անխուսափելի, և ընդհանրապես, սահմանափակումների ուժեղացումը և թուլացումը, հնարավոր է՝ հաջորդեն իրար ինչ-որ երկար ժամանակ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս