«Դրական ախտորոշումով քաղաքացիներին տուն ուղարկելն ավելի անվտանգ է»․ Արսեն Թորոսյան
«Ի՞նչ եք առաջարկում, ի՞նչ անենք այդ մարդկանց, ասենք՝ մի 20 հազար հոգի ո՞ւր պահենք, չկա պահելու տեղ, դրա համար ուղարկում ենք տուն։ Ավելին ասեմ՝ դրական ախտորոշումով քաղաքացիներին տուն ուղարկելն ավելի անվտանգ է, որովետև իրենք գիտեն, որ դրական է, կպաշտպանվեն և տնեցիքին էլ կպաշտպանեն, քան թե մյուս բոլոր քաղաքացիներին, որոնք, հնարավոր է՝ դրական են, բայց չգիտեն դրա մասին, և՛ իրենց չեն պաշտպանում, և՛ վարակում են իրենց ընտանիքի անդամներին»,- այսօր Հանրային խորհրդի առցանց նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ Առողջապահության նախարարության նախաձեռնությունների հակաքարոզչական խմբերը նույնն են․ «Ալյուրի հարստացման ժամանակ էլ էին նույնը, գարդասիլի ժամանակ էլ էին նույնը, ցավոք, բազմաթիվ մարդիկ իրենց հավատում են։ Քննադատությունը՝ ուղղված իշխանություններին՝ չկասեցնելու այդ հակաքարոզչությունը, գուցեև տեղին է, բայց այն մարդիկ, ովքեր պետք է արձագանքեն, օրինակ՝ համաճարակաբանները, այս երեք ամիս է՝ տուն չեն գնում։ Ես թույլ չեմ տալիս իմ լավագույն համաճարակաբանին գնալ Հ1 և խոսել այս հակաքարոզչության վերաբերյալ, որովհետև ինքը շատ ավելի կարևոր գործ է անում»։
Առողջապահության նախարարն ասաց, որ, երբ ինքն ասում է՝ ժողովուրդ, վիրուս կա, և այդ վիրուսը ճիշտ է, իրեն մեղադրում են ԱՀԿ-ի գործակալ լինելու մեջ։