Բաժիններ՝

«Նմանատիպ պատճառաբանությունով 11 ընտանիքի ևս մերժել են». Բաց նամակ իշխանություններին

Ես 1988 թվականին Բաքվից բռնի տեղահանված փախստական եմ, ՀՀ քաղաքացի: Բնակվում եմ Ավան, Աճառյան 20/3 շենքում:

Որպես Բաքվի փախստական ընդգրկված եմ ՀՀ Կառավարության N 1666-Ն (21.11.2019թ) «ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ». այս փուլի 112 ընտանիքներից մեկն եմ: Ուրախությունս կարճ տևեց. օրեր առաջ Միգրացիոն ծառայությունից ստացա իմ հարցի մերժումը (կից ներկայացնում եմ): Պատճառաբանությունն այն է, որ ես ամեն տարի 183 օր և ավել չեմ բնակվել Հայաստանի Հանրապետությունում:

Բոլոր այս տարիների ընթացքում Միգրացիոն ծառայությունների կողմից ստուգումների և թարմացումների ժամանակ ես միշտ եղել եմ ցուցակներում: Այս տարի հունվարին նամակ եմ ստացել, որ ես ընդգրկված եմ այս ծրագրում, ինձ կանչել են Միգրացիոն ծառայություն, որտեղ հանձնել եմ փաստաթղթերս: Ինչո՞ւ ոչ այդ ժամանակ, ոչ երբևիցե ոչ մի փաստաթղթով, ոչ մի նորությունների հրապարակմամբ, ոչ մի տեղ չի նշվել, որ մենք իրավունք չունեինք Հայաստանից բացակայելու 183 օրից ավելի: Եթե բնակարան գնելու վկայագրերի գումարը պետական բյուջեից տրամադրվել է 112 ընտանիքին, ինչո՞ւ հենց այժմ են ինձ զրկում այդ վկայագրից:

Այո՛, ես չեմ հերքում, որ ամեն տարի բացակայել եմ Հայաստանից, քանի որ ես այստեղ միայնակ եմ ապրում և ստանում եմ միայն կենսաթոշակ համարյա 35.000 դրամ: Այո, ես մեկնում եմ երեխաներիս մոտ, որպեսզի բուժումներս ստանամ և երեխաներս հոգ տանեն իմ մասին: Ես ինչպե՞ս կարող եմ անընդհատ մնալ հանրակացարանային իմ 13 քմ սենյակի պայմաններում, երբ սենյակս չունի կյանքի բնականոն տարրական պայմաններ՝ ջուր, խոհանոց, սանհանգույց: Ինչպե՞ս մնամ առանց բուժման, առանց խնամողի, եթե ունեմ առողջական խնդիրներ՝ շաքարային դիաբետ, ողնաշարի և երիկամների խնդիրներ (անհրաժեշտության դեպքում կարող եմ ներկայացնել բժշկական բոլոր փաստաթղթերը), որոնք պահանջում են թանկարժեք բուժում, ինչը և ես ստանում եմ իմ երեխաների շնորհիվ:

Ես ցանկանում եմ իմանալ, արդյոք ո՞ր օրենքով է ամրագրված, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրավունք չունի ազատ տեղաշարժվելու: ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետի համաձայն, յուրաքանչյուր քաղաքացի դուրս գալու և մուտք գործելու իրավունք ունի:

Չէ՞ որ արդեն 31 տարի մենք սպասում էինք այս որոշմանը: Ինչպե՞ս կարելի է մարդուն զրկել վերջին հույսից: Հայտնի փաստ է, որ Հայաստանի Հանրապետության բազմահազար քաղաքացիներ ապրում և աշխատում են Հայաստանից դուրս: Չէ՞ որ դա չի ենթադրում, որ նրանք զրկվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իրենց իրավունքներից: Իսկ ինչո՞ւ է ոտնահարվում Հայաստանում բնակվող փախստականների՝ տվյալ դեպքում իմ իրավունքները:

Մեծ հույս ունեինք, որ վերջապես մենք բնակարան կունենանք և մեր ընտանիքը կմիավորվեր հայրենիքում: Չէ՞ որ երեխաներս բարձրագույն կրթություն ստանալուց  հետո մեկնեցին, որովհետև արդեն անհնար էր հասունացած երեք երեխաների և ամուսնուս հետ ապրել այսքան փոքր սենյակում: Ի դեպ, ամուսինս չդիմանալով այս պայմաններին մահացավ:

Նշեմ, որ նմանատիպ պատճառաբանությունով 11 ընտանիքի ևս մերժել են:

Հարգելի խմբագրություն, հարգելի լրագրողներ, խնդրում եմ Ձեր աջակցությունը իմ հարցը ինֆորմացիոն դաշտում բարձրացնելու և լուսաբանելու համար:

Հարգանքներով և խորին երախտագիտությամբ՝

Վարտուն Հայրայի Առուստամյան

Ավան, Աճառյան 20/3 շենքի 319 սենյակի բնակիչ

Հեռ.՝ 077 94 62 44

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս