«No comment». Մեսրոպ Մակյանը չի մեկնաբանում Ժիրայր Սէֆիլյանի գրառումը
Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվում էր ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով դատական նիստը. Այն, սակայն, հետաձգվեց՝ 6 ամբաստանյալի բացակայության պատճառով։
Բացակայող ամբաստանյալների պաշտպանները միջնորդություն էին ուղարկել դատարանին` խնդրելով հետաձգել դատական նիստը, քանի որ իրենց պաշտպանյալները համաճարակային պայմաններում գտնվում են խոցելի խմբում։ Դատական նիստին ներկա էին միայն Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը։
Դատավոր Մեսրոպ Մակյանն առարկայազուրկ որակեց միջնորդությունները և նշեց, որ դատարանի դահլիճում առկա են բոլոր պայմաններն անվտանգ դատական նիստն անցկացնելու համար։ Բացի այդ, ըստ դատավորի, խախտվում է քննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու պահանջը։
«Դատարանն արձանագրում է, որ բոլոր ամբաստանյալները եղել են պատշաճ ծանուցված։ Նրանց բացակայությունն անհարգելի է, և ղեկավարվելով Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով՝ դատարանը որոշում է կայացնում ամբաստանյալներ Վարուժան Ավետիսյանին, Մխիթար Ավետիսյանին, Էդուարդ Գրիգորյանին, Գագիկ Եղիազարյանին, Արայիկ Կյուրեղյանին և Սեդրակ Նազարյանին ոստիկանության միջոցով բերման ենթարկել հաջորդ դատական նիստին»,- նշեց Մակյանը։
Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 27-ին՝ 11։00-ին։
Այս որոշումից սակայն, պարզվում է, դժգոհ է «Սասնա ծռեր» խմբավորման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը, ում տրամաբանությամբ՝ 3 ոստիկանների սպանության մեջ մեղադրվող անձինք ռազմագերիներ են:
«Նախկինների ենիչերիներից Մեսրոպ Մակյան անունով դատավորի պաշտոն զբաղեցնող անձը «Սասնա ծռերին» բերման ենթարկելու մասին որոշմամբ բացահայտում է նախկինների և ներկաների միջև ուժերի հարաբերակցության այսօրվա վիճակը,- մասնավորապես գրել է Սէֆիլյանն ու հավելել,- իսկ պետության զավթման գործիքների շարքին դասվող Մեսրոպ Մակյանին և նրա նմաններին տեղեկացնում եմ, որ խստագույնս պատժվելու են իրենց կատարած հանցագործությունների համար»:
Ի պատասխան մեր խնդրանքին` մեկնաբանել այս հայտարարությունը, դատավոր Մակյանը ներողություն խնդրեց ու ասաց, որ մեկնաբանություն չունի:
Իհարկե, հասկանալի է, որ Մեսրոպ Մակյանը կաշկանդված է որևէ կարծիք հայտնելու ու կամ ասվածը մեկնաբանելու հարցում, քանի որ հանդիսանում է այս գործով դատավոր, և ցանկացած խոսք կարող է խմբավորման ու նրա համակիրների կողմից մեկնաբանվել՝ որպես կանխակալ վերաբերմունք, բայց, փաստորեն, այսպիսով գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ դատավորին կարող են վիրավորել, անպատվել, ծանր հանցանքների մեջ մեղադրել, իսկ վերջինս անգամ չի կարող պաշտպանվել:
Ակնհայտորեն լավ օրինակ ունի իր աչքի առջև Ժիրայր Սէֆիլյանը և հավանաբար մտածում է, որ, եթե երկրի վարչապետը կարող է հրապարակավ անվանարկել դատավորներին, ինքն ինչո՞ւ չի կարող, կամ, եթե առողջապահության նախարարը կարող է ուղիղ եթերում հպարտորեն հայտարարել, որ չի կատարելու դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը, ինքն ինչո՞ւ պետք է ընդունի դատավորի կայացրած որոշումները:
Մի բան էլ է շատ հետաքրքիր. Ինչո՞ւ են իշխանական շրջանակները կուրծք ծեծում Աննա Դանիբեկյանի համար, իսկ երբ վիրավորում են, ասենք, «Սասնա ծռերի» գործով դատավորին, ձայն բարբառոյ յանապատի…