Բաժիններ՝

«Արենիում, բացի գյուղատնտեսական աշխատանքներից, ամեն ինչ արգելվել է. վարակված անձանց հիմնականում մեկուսացրել են տներում». Համայնքապետ

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Վայոց ձորի մարզի Արենի խոշորոցված համայնքի վերաբերյալ որոշում է կայացրել, ըստ որի՝ մայիսի 16-ից մինչև 26-ը փակ են լինելու համայնքի բոլոր մուտքերն ու ելքերը:

168.am-ի հետ զրույցում Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանն ասաց, որ այս պահին գյուղում հաստատվել է կորոնավիրուսով վարակված 10  դեպք:

«Բացի գյուղատնտեսական աշխատանքներից, ամեն ինչ արգելվել է՝ սկսած շինարարությունից: Բնականաբար, այս պայմաններում գյուղում ինչ խնդիրներ առաջանում են, արագ արձագանքում են և լուծում տալիս: Կարևորն այն է, որ բնակիչները հասկանում են, որ այս ամենն իրենց համար է արվում, որևէ մեկի քմահաճույքի համար չէ: Ամեն ինչ «կոնտրոլի» տակ է պահվում, այնպես որ, որևէ խուճապ չկա, ամեն ինչ նորմալ հունով ընթանում է»,- ասաց Արենիի համայնքապետը:

Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ վարակված անձանց հիմնականում մեկուսացրել են իրենց տներում:

Նա ընդգծեց, որ մարդիկ բաց դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս դիմակ և ձեռնոցներ չեն կրում, քանի որ այնտեղ դրա անհրաժեշտությունը չկա, բայց գյուղում և՛ ձեռնոցներ, և՛ դիմակ կրում են:
Հուսիկ Սահակյանը նաև տեղեկացրեց, որ Արենի շուկան նույնպես չի աշխատում:

«Այն խոսակցությունները, թե իբև շուկան աշխատում է, չի համապատասխանում իրականությանը, երկու օր առաջ գուցե ինչ-որ թերություններ եղել են, բայց հիմա նման բան չկա, որովհետև ինչ խնդիրներ տեսնում ենք, մենք անմիջապես արձագանքում ենք: Եղել է, որ գյուղում վառելիքի խնդիր է առաջացել՝ լուծել ենք, հենց հիմա գազի մեքենան գյուղում կանգնած է, բենզինի խնդիր է եղել՝ լուծել ենք: Մի խոսքով, ինչ պետք է՝ անում ենք, եթե կան մարդիկ, որ չեն ուզում տեսնել մեր արածները՝ արդեն իրենց խնդիրն է»,- շեշտեց Հ. Սահակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս