Պարետը նոր որոշում է կայացրել
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Վայոց Ձորի Արենի բնակավայրում սահմանափակումներ կմտցվեն:
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրում կիրառել հետևյալ սահմանափակումները.
ա/ Սահմանել բնակավայրի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման, գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց տեղաշարժի և Մ2 միջպետական և դեպի Խաչիկ բնակավայր տանող ճանապարհներով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության.
բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Արենի բնակավայր մուտք գործելու սահմանափակումից բացառություն սահմանել մինչև 2020 թվականի մայիսի 17-ը՝ ժամը 08:00-ն, Արենի բնակավայրում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքի համար.
գ/ «Սույն կետի «ա» ենթակետով սահմանված գյուղատնտեսական և այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց ելքն ու մուտքը թույլատրել միայն Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցչի կողմից ստորագրված՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևանմուշի առկայության դեպքում.
դ/ «Սույն կետի «ա» ենթակետով սահմանված՝ Մ2 միջպետական և դեպի Խաչիկ բնակավայր տանող ճանապարհներով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից Արենի բնակավայրի ներսում սահմանել վերակարգեր և բացառել երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը Արենի բնակավայրի վարչական սահմաններում.
ե/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Արենի բնակավայրի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով.
2. Սահմանել Արենի բնակավայրում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները՝ համաձայն Աղյուսակ 1-ի:
3. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը. 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 22:00-ին, և գործում է մինչև 2020 թվականի մայիսի 26-ը՝ ժամը 23։59-ը: