««Լանզարոտեի կոնվենցիա»-ով՝ աղջիկ երեխաներին կսովորեցնեն հակաբեղմնավորիչ, տղաներին՝ պահպանակ օգտագործելու ձևերը». Լևոն Նազարյան

Ազգային ժողովը մայիսի 5-ին մեկնարկած հերթական քառօրյայի ընթացքում քննարկեց Կառավարության ծրագրի՝ 2019 թվականի կատարողականը, որի՝ կրթության բաժնին նվիրված հաշվետվությունը Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լևոն Նազարյանը համարում է խայտառակություն։

«Այն ինչ պլանավորվել էր՝ Կառավարության հաշվետվության մեջ, 80 տոկոսով ներկայացված չէ, գիտության մասին խոսք չկա։ Կառավարությունը խաչակրաց արշավանք է հայտարարել գիտության ոլորտի դեմ, դրա մասին է վկայում Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագիծը, ըստ որի՝ Գիտությունների ազգային ակադեմիան, որը ազգի կարևորագույն նվաճումներից մեկն է, պետք է վերածվի խորհրդատվական կառույցի։ Պատերազմ են հայտարարել գիտությանը։ Կամ քննարկվում է, որ գիտական աստիճանների հարցում պետք է անցում կատարել միաստիճան համակարգի, իսկ դա նշանակում է, որ գիտության մեջ բազմավաստակ գիտականները՝ դոկտորներ, պրոֆեսորներ, իրենց աստիճանակարգով հայտնվելու են նորաթուխ գիտնականի հետ նույն հարթության վրա, իսկ սա ռիսկ է, որը Կառավարությունը կա՛մ լավ չի հասկանում, կա՛մ այդպես իրեն ավելի ձեռնտու է։ Եթե Կառավարությունը մատնանշում է Արևմուտքի փորձը, ապա պետք է ասեմ, որ, օրինակ, Գերմանիայում գործում է երկաստիճան գիտական համակարգը»,- 168 TV«Ռեվյու» հաղորդման եթերում ասաց Նազարյանը։

Ըստ նրա՝ գիտության դեմ խաչակրաց արշավանքի հաջորդ փուլը Բարձրագույն որակավորման կոմիտեից արդեն նախկին ղեկավար Սմբատ Գոգյանի հեռացումն է։

«Նախատեսված է նաև ԲՈԿ-ի լուծարում, իսկ դա խաչակրաց արշավանքի հիմնական դրվագն է։ Մենք ունենում ենք մի իրավիճակ, որ գիտական կոչումներ շնորհելու են համալսարանները, որոնք դառնալու են գիտական կենտրոններ։ Տպավորություն ունեմ, որ կա պատվեր արտաքին ուժերի կողմից ՀՀ-ում գիտությունը փոշիացնելու, որովհետև հաջորդիվ դրված է նաև Գիտությունների ազգային ակադեմիան փակելու հարցը»,- ասաց Լևոն Նազարյանը։

Դիտարկմանը՝ եթե կա պատվեր գիտությունը փոշիացնելու, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ Կառավարության 2020 թվականի ծրագրով գիտությանն ուղղված ֆինանսավորումն ավելացվում է 1.5 միլիարդ դրամով, Նազարյանը պատասխանեց.

«Դա կոսմետիկ ավելացում է, դա որևէ հարց չի լուծելու, որովհետև չեն պահպանվելու հիմնական ինստիտուտները, գիտության ժառանգականության օրգանական կապը չի պահվում, այդ գումարը հարց չի լուծելու»։

Լևոն Նազարյանն անդրադարձավ նաև Ազգային ժողովի վավերացրած «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիային և նշեց, որ կոնվենցիայի վերնագրի թարգմանության մեջ կա տերմինների հատուկ աղավաղում։

«Մեզ մոտ թարգմանված է այսպես՝ սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիա», սակայն բնօրինակի վերնագիրը հետևյալն է՝ երեխաներին սեռական շահագործումից և չարաշահումից պաշտպանելու կոնվենցիա, իսկ չարաշահում բառի մասին, եթե մենք խոսում ենք, դա նշանակում է, որ երեխաները կարող են ունենալ սեռական հարաբերություններ, և խնդիր է դրված՝ ընդամենը չարաշահումից պաշտպանել։ Որպես կենսաբան եմ նշում՝ 10 տարեկան երեխաների հետ սեռական թեմաներով խոսելն արդեն բռնություն է, և ես կարծում է, որ այս կոնվենցիան կապ ունի սեքս ինդուստրիայի հետ, որով հնարավոր կլինի փող աշխատել»,- ասաց Նազարյանը՝ նշելով, որ գործ ենք ունենալու ոչ միայն գրանտային ծրագրի հետ, այլև ազգային խայտառակության։

«Դպրոցում կլինեն մասնավոր արտաժամյա պարապմունքներ, աշակերտներին կայցելեն լյուսիքոչարյանական, լարաահարոնյանական տեսակի մարդիկ, սեմինարներ կանցկացնեն ու կգնան։ Այդ կոնվենցիան ենթադրում է որ աղջիկ երեխաներին պետք է սովորեցնեն՝ ինչպես օգտագործեն հակաբեղմնավորիչներ, իսկ տղաներին կսովորեցնեն պահպանակ օգտագործելու ձևերը»,- ասաց Նազարյանը։

Նա նաև նշեց, որ լուծարվել է Կրթության ազգային ինստիտուտը, որը նման ծրագրերի միակ երաշխավորն էր, այսինքն՝ նախարարությունը կհայտարարի մրցույթ, մասնավոր ընկերությունները կհաղթեն, կտպվեն մեթոդական ձեռնարկներ, ու դպրոցներում կսկսվի ուսուցումը։

Ինչ վերաբերում է հարցին՝ եթե այս կոնվենցիան այնքան ռիսկային է, ինչքան նաև «Ստամբուլյան կոնվենցիան», այդ դեպքում ինչո՞ւ է ստորագրել դրանք Հանրապետական կուսակցությունը, Նազարյանը, որը նաև այդ կուսակցության անդամ է, պատասխանեց.

«ՀՀԿ-ն ստորագրել է, որովհետև լուծում էր քաղաքական խնդիր։ Հայաստանը պարտավոր էր ստորագրել՝ ընդունելով խաղի կանոնները, սակայն որևէ մեկը չի կարող պարտավորեցնել վավերացնել»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս