«Արմաթ-Հնդկաստանում» ստեղծվել է հեռակառավարվող սայլակ՝ կորոնավիրուսով վարակված հիվանդներին սնունդ և դեղամիջոցներ մատակարարելու համար

2019 թվականի հոկտեմբերին Հայաստանում կնքվեց պայմանագիր, ըստ որի՝ ինժեներական լաբորատորիաների հայկական մոդելը՝ «Արմաթը», կգործի նաև Հնդկաստանում։ Կորանավիրուսային պանդեմիայից ելնելով՝ այժմ լաբորատորիայի աշխատանքը կատարվում է հեռավար։

«Ելնելով արտակարգ դրությունից և գործուղումներ իրականացնելու սահմանափակումից՝ որոշում կայացվեց վերապատրաստումների առաջին փուլը՝ ծրագրավորման կոմպոնենտը, անցկացնել հեռավար։ Վերապատրաստումներն իրականացվում էին հեռահաղորդակցման ընդունված և հարմարավետ ծրագրերով՝ նախապես մշակված մեթոդաբանությամբ և գործիքակազմով։ Վերապատրաստումներն անցկացրել են «Արմաթի» փորձառու խմբակավարներ Հայկ Կարապետյանը և Գոռ Աբրահամյանը»,- նշում են «Արմաթի» ներկայացուցիչները։

Դեռևս նախորդ շաբաթներին «Արմաթ-Հնդկաստանի» ներկայացուցիչները նշել էին, որ աշխատում են ռոբոտի վրա, որը պետք է օգնի կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ աշխատանքի ընթացքում։

«Մեզ թեկնածուների համար հիանալի փորձ էր մասնագետներ Հայկի ու Գոռի առցանց դասընթացներին մասնակցելը։ Բազմաթիվ հմտություններ յուրացրինք ու հենց դասընթացների ընթացքում սկսեցինք կիրառել դրանք։ Մենք փորձնական նպատակներով մեկ ռոբոտ ենք հավաքել և այժմ մոտ ենք այն վերջնական տեսքի հասցնելուն»,- նշում էր հնդկական կողմի ներկայացուցիչը։

Ռոբոտի վրա աշխատանքներն արդեն ավարտվել են։ Այն ստացել է HOSPICE անունը։ Ռոբոտը հեռակառավարվող սայլակ է և կարող է սնունդ և դեղորայք հասցնել կորոնավիրուսով վարակված հիվանդներին՝ նվազագույնի հասցնելով նրանց հետ շփումը։

«Արմաթ-Հնդկաստանի» ծրագրերի ղեկավար Պալավ Շահը (Pallav Shah)168.am-ի հետ զրույցում պատմել է ռոբոտի մասին։

«Այս ռոբոտի հիմնական նպատակը հիվանդներին սնունդ և դեղամիջոցներ մատակարարելն է: Դա կօգնի նվազեցնել բուժքույրերի ծանրաբեռնվածությունը և կապահովի յուրաքանչյուր այլ մարդու անվտանգությունն ու սոցիալական հեռավորությունը: Սա կարող է նվազեցնել մասնագիտական և անձնական սարքավորումների (PPE) օգտագործումը, որոնք դժվար է գտնել այս ներկայիս իրավիճակում:

Մենք վստահ ենք, որ «Արմաթ-Հնդկաստանի» այս ռոբոտը խաղը փոխող կլինի կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման գինն իջեցնելու, ինչպես նաև առողջապահության աշխատողների շրջանում վարակի կտրուկ նվազեցման մեջ:

Այն արդեն օգտագործվում է կառավարական և մասնավոր հիվանդանոցներում և սպասարկում է կորոնավիրուսով վարակված հիվանդներին և բուժանձնակազմին»,- նշում է Պալավ Շահը։

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս