Բաժիններ՝

«Եթե բաց տարածքներում սոցիալական հեռավորությունը պահպանվում է, դիմակներն ավելորդ են». Արարատ Մկրտչյան

Մայիսի 18-ից հանրային տրանսպորտի աշխատելու, առևտրի կենտրոնների վերաբացմանը, հանրային սննդի փակ օբյեկտների աշխատանքի գործարկմանը և մի շարք այլ սահմանափակումների վերացմանը զուգահեռ՝ մտցվում է բաց և փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը: Կանոնները չպահպանելու դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ: Մեկ անգամ դիմակ չկրելու դեպքում քաղաքացու գրպանից կպակասի 100.000 ՀՀ դրամ գումար:

Բաց տարածքներում դիմակ կրելու արդյունավետության, ինչպես նաև Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի մասին 168.am-ը զրուցել է Առողջապահության նախկին նախարար, վարակաբան Արարատ Մկրտչյանի հետ:

– Պրն Մկրտչյան, հայտնի դարձավ, որ սահմանափակումների վերացման հետ պարտադիր է լինելու նաև բաց տարածքներում դիմակներ կրելը: Որոշ մասնագետներ պնդում են, որ բաց տարածքում դիմակ կրելը ոչ միայն օգուտ չի տա, այլև կարող է վնասել մարդկանց: Ի՞նչ կարծիք ունեք Դուք այս հարցի վերաբերյալ:

– Ընդհանրապես  դիմակների պաշտպանիչ հնարավորությունները շատ ցածր են՝ թե՛ հանրային վայրերում, թե՛, առավել ևս՝ բացօթյա վայրերում: Բայց որոշ չափով դրանք պաշտպանում են անմիջական շփման ժամանակ:

Սա այնքան քիչ հետազոտված խնդիր է, որովհետև այս հարուցիչի երևան գալու հետ մեկտեղ՝ միջազգային գիտական միտքը նոր սկսեց ավելի ինտենսիվ աշխատել այդ ուղղությամբ և պարզել՝ որքանով են դիմակներն արդյունավետ: Մինչ օրս եղած հետազոտություններով միայն բուժհիմնարկներում բուժաշխատողների կողմից էին դիմակները գնահատվում՝ որպես արդյունավետ: Հետո սկսեց մի փոքր ընդլայնվել այդ շրջանակը:

Ուստի փակ տարածքներում, հանրային տրանսպորտում կարելի է կրել, անմիջական երկար շփման ժամանակ ինչ-որ չափով դիմակները որոշակի պաշտպանիչ, ըստ երևույթին, դեր խաղում են: Իսկ բացօթյա տարածքներում, եթե սոցիալական հեռավորությունը պահպանվում է, ինձ թվում է՝ ավելորդ միջոցառում է, բայց հանրությունն էլ պիտի իր հերթին՝ այդ սոցիալական հեռավորություն ասվածը փորձի պահպանել:

Ասենք՝ անցումից անցնում են, լուսացույցի երկու կողմերում էլ մարդիկ են կանգնած, տարրական բան պետք է արվի, երբ լուսացույցի լույս փոխվում է, ընդամենը մարդիկ պետք է իրենց աջով գնան: Մենք վարվեցողության կանոնների փոփոխության խնդիր ունենք, որը ժամանակի մեջ, երևի, կլինի, բայց դրա մասին պետք է խոսել:

Օրինակ, ասում են՝ բացօթյա տարածքներում էլ դիմակ հագցնենք, բայց ցայտաղբյուրները ողջ քաղաքում գործում են: Իրար հետևից գնում, ջուր են խմում, ու ինձ թվում է՝ դա ավելի մեծ վտանգ է, քան բացօթյա տարածքներում դիմակներ չկրելը: Ցայտաղբյուրներն է պետք անջատել ժամ առաջ:

Հանրային գիտակցության բարձրացում է պետք: Մայթով էլ ենք քայլում, ինչքան որ մայթը ներում է, պետք է կոռեկտ լինենք և փորձենք ամեն մեկս մեր աջով գնանք, որ հնարավորինս միջանձնային այդ տարածքը, սոցիալական հեռավորությունը կարողանանք որոշ չափով պահպանել: Որովհետև հարուցիչը երկարատև և անմիջական շփման միջոցով է փոխանցվում: Կարճատև շփումներով, եթե հազ չկա մարդու մոտ, անմիջական կաթիլներ չեն թռնում, շատ դժվար է վարակվել:

Հետո, մենք մի ծայրահեղությունից մի ծայրահեղություն ենք գնում: Ես, մինչև հանրային սննդի համակարգը բացվելը, իմ մտահոգությունը հայտնել էի, որ հիվանդների թիվը կշատանա: Կարելի էր գեղեցկության սրահների աշխատանքի վերագործարկելուց հետո փորձել գնահատել դրանց ազդեցությունը, հետո նոր ընդլայնել հանրային սննդի տարածքները: Բայց, ինչևէ, կյանքը պետք է փոփոխություն ունենա, ու մենք վերադառնանք հնարավորինս մեր բնականոն ապրելաձևին՝ փորձելով պաշտպանվել: Հուսամ, որ կկարողանանք դուրս գալ այս իրավիճակից: Ուղղակի ամեն մեկս էլ մեր հերթին՝ պետք է զգուշավորությամբ մոտենանք: Ինչ որ պետությունը, կառավարությունն անում է, գտնում եմ, որ արդյունավետ է, և սրանից ավելի, այս ծախսերը, որ արվում է կոնտակտավորներին պահպանելու հյուրանոցներում, շատ երկրներում դրան չեն գնացել, և նույնիսկ հիվանդները տանն են գտնվում:

Իրական պատկերն էլ այսօր ամբողջ աշխարհում տարածվածության առումով  բավականին դժվար է գնահատել: Խոսում են 4 միլիոնի մասին, բայց դա պետք է մի տասն անգամ բազմապատկել: Մեզ մոտ մոտավորապես 30.000-ին մոտ թեստավորում է արված, գուցե մի քիչ ավելի, ու բնակչության 1%-ն է, որ հիվանդ է՝ հետազոտությունների արդյունքում՝ 3.000-ից ավելի: Եթե փորձենք կոպիտ թվաբանականով տարածել ողջ բնակչության թվաքանակի վրա, մոտավորապես մենք այս պահին պիտի կանխատեսենք 300.000 մարդկանց վարակված լինելու մասին: Ուստի, կոնտակտավորներ գտնել, մեկուսացնել, այդ քայլերը, ինձ թվում է, իրենց արդիականությունն աստիճանաբար կորցնում են, և հարուցիչից խուսափելու հիմնական ձևը մեր առօրյա կացութաձևի փոփոխության խնդիրն է:

Օրինակ, Սարյանի վրա գինետները: Այստեղ, կներեք ձևակերպմանս համար, իրար գրկի նստած, քիթ քթի կպած՝ գինի են խմում: Այն առաջին օրվանից էլ եղել է հակահիգիենիկ, այսօր նորից շարունակում են այդտեղի օբյեկտները գործել և շատ խիտ շփման հնարավորություններ են ստեղծում: Ճիշտ է՝ բիզնեսը պիտի աշխատի, բայց մենք էլ պիտի սովորենք ու փորձենք նման վայրեր քիչ այցելել: Թեպետ թույլատրված է, բոլորս չվազենք բացօթյա սրճարաններ: Փորձենք ավելի ընտանեկան պայմաններում հանդիպումները և խնջույքներն իրականացնել, մինչև մեր բնակչության մոտ, հուսանք, կայուն պաշտպանական շերտ կստեղծվի հարուցիչի նկատմամբ, և արդեն կկարողանանք ամբողջությամբ բացվել:

– Պրն Մկրտչյան, մարդկանց մի մասը չի հավատում վիրուսի վտանգավորությանը, ասում են, թե սովորական գրիպ է: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Ընդհանրապես բնակչությանը կարելի է պայմանականորեն բաժանել երեք շերտի: Մի մասն ասում է, թե ոչ մի բան էլ չկա, ինչ-որ դավադրության տեսությունների գիրկն են ընկնում: Մյուս մասն ասում է՝ սա սովորական գրիպ է: Երրորդ մասն էլ գերսարսափած վիճակում է: Այդ երեք խմբավորումներում տեղափոխություններ է լինում պարբերաբար, նայած, թե բնակչությանն ինչ նոր տեղեկություններ են հրամցնում: Ես կարծում եմ, որպես մասնագիտացված որոշակի փորձ ունեցող մարդ՝ գործնական, գիտական, պետք է բոլորս Առողջապահության նախարարության հայտարարությունների վրա հիմնվենք:

Երկրորդը, սովորական գրիպ ասելու ժամանակ էլ, մենք ուղղակի մոռանում ենք, որ փորձում ենք հեռու մնալ փռշտացող, հազացող մարդկանցից: Ես նախարարությունում աշխատելուց հետո նաև ընտրվեցի Ազգային ժողովի պատգամավոր՝ 2003-2007թթ., ու մի կուրիոզ դեպք եղավ: Պատգամավորներից մեկը մոտեցավ, ասաց՝ «բժիշկ ջան, գրիպ եմ, ի՞նչ անեմ», ասացի՝ «հեռու կանգնիր, ի՞նչ անես»: Այսինքն՝ սոցիալական հեռավորության խնդիրը ոչ թե նոր բան է, այլ ցանկացած շնչառական օրգանների հիվանդությունների ժամանակ, իսկ համաճարակային իրավիճակը սրվում է գարնանային և աշնանային շրջաններում, փորձում է հասարակությունը միշտ պաշտպանվել, որովհետև հասարակ գրիպ հասկացությունից տարեկան մոտավորապես 600.000 մարդ է մահանում աշխարհում:

– Պրն Մկրտչյան, Դուք նշեցիք, որ պետք է հիմնվել Առողջապահության նախարարության հայտարարությունների վրա, բայց այն մարդիկ, որոնք  լուրջ չեն ընդունում վիրուսը, հիշեցնում են առողջապահության նախարարի նախկին հայտարարությունները, որ սա այնքան վտանգավոր վիրուս չէ, ու այն, որ նախարարը հիմա այլ բան է ասում:

– Ճիշտն ասած, արդեն պետք է դա մոռանալ, վարչապետի սպիրտը, պինցետը, նախարարի 3 ամիս առաջ արած հայտարարությունը: Բոլորս էլ կարող ենք դեռ լրջագույնս չգնահատել իրավիճակը և անել հայտարարություններ: Հիմա 3 ամիս առաջ,  4 ամիս առաջ արված հայտարարությունն ինչքա՞ն պիտի հետներս ման տանք: Եկեք փոխվենք, մոռանանք դա:

Այսօրվա իրավիճակը՝ թե՛ վարչապետի, թե՛ նախարարի, թե՛ ողջ կառավարության, գնահատում եմ: Եվ ես քայլելուց տեսնում եմ, որ մարդիկ  այսօր ավելի ուշադիր են իրենց նկատմամբ: Մի քանի փակ տարածքներ մտա և տեսա, որ մարդիկ դիմակներ են կրում, ուշադիր են, փակ տարածքների տերերն էլ իրենց հերթին են միջոցներ տրամադրում հանրությանը՝ թե՛ դիմակներ, թե՛ ախտահանիչ նյութեր, ուստի զգում եմ, որ ինքը՝ հանրությունն էլ է ինքնակազմակերպվում:

Եկեք ընդամենը մի քիչ գերուշադիր լինենք մեր և դիմացինի առողջության նկատմամբ: Իսկ այդ հայտարարություններն անելուց հետո ինքը՝ նախարարը, մի քանի անգամ կրկնեց, որ ինքը փոխել է իր կարծիքը՝ մասնավորապես, դիմակների հետ կապված: Տեսեք, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ունի ողջ աշխարհում փորձագիտական լավագույն ներուժը, և նախարարը չի կարող չբարձրաձայնել ԱՀԿ-ի կարծիքը, որովհետև մենք՝ մասնագետներս, այլ աղբյուր չունենք սնվելու: Ուսումնասիրում ենք տարբեր երկրների գիտնականների ուսումնասիրությունները, բայց պետք է միջազգային կառույցների վրա հիմնվենք: Բայց այնտեղից էլ են իրարամերժ կարծիքներ գալիս: Դրա համար որոշակի մոտեցումներ՝ այս համաճարակի հետ կապված, նոր ենք իմանում: Սա մեզ անծանոթ էր թե՛ մասնագիտական տեսանկյունից, թե՛ հասարակության համար: Դրա համար կարծիքները և մոտեցումները շատ փոփոխական են ժամանակի մեջ: Մենք նոր բան ենք իմանում, սկսում ենք ճանաչել և փորձում ենք այդ ճանաչողության բաղադրիչներից ձևավորել մեր հետագա թե՛ պայքարի, թե՛ վարվելաձևի փոփոխության քայլերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս