Բաժիններ՝

«Այդ տեսողական խաբկանքները պետք է վերացվեն»․ Սերգեյ Ղահրամանյանը՝ «կանաչ լույսով խաչ» ունեցող դեղատների մասին

«Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավորներ՝ Նիկոլայ Բաղդասարյանը, Մխիթար Հայրապետյանը և Նարեկ Զեյնալյանը, առաջարկում են փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և տուգանք սահմանել ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկներում կամ դրանց մոտ գտնվող այն դեղատների համար, որոնք որպես ցուցանակ՝ տեղադրել են կանաչ լույսով խաչեր: Խնդիրն այն է, որ խաչմերուկներին մոտ գտնվող դեղատների կանաչ լուսավորությամբ ցուցանակները հաճախ պատճառ են հանդիսանում, որ վարորդները խախտեն երթևեկության կանոնները։

Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հ/կ-ի ղեկավար Սերգեյ Ղահրամանյանի փոխանցմամբ՝ այս հարցը բարձրացվել է դեռևս 2017 թվականին։

«Այդ հարցը դեռևս Տարոն Մարգարյանի ժամանակ մասնակի էր կարգավորվում․ մոտավորապես՝ այսպես էր. արտաքին գովազդի տեսանկյունից համարվում էր, որ կարելի էր պարզապես լույսը չմիացնել, թեկուզև նշանը լինի։ Զգալի դեղատներ՝ հատկապես խաչմերուկների մերձակա հատվածներում, լույսերն անջատում էին։ Այսինքն, կար կանաչ գույնի խաչի այդ նշանը, բայց վառ լույսով միացված չէր։ Օրենքով հստակ նշվում էր, որ աշխատանքի ժամանակ դեղատան պատին պետք է լինի այդ կանաչ խաչը և լուսավորվի։ Նիկոլայ Բաղդասարյանի հետ քննարկում տեղի ունեցել է մարտ ամսին, ներկայացրել եմ իմ դիտարկումները։ Այստեղ երկու օրենքի հետ կապված է փոփոխություն տեղի ունենալու։ Առաջին՝ որպեսզի կանաչ խաչը երթևեկելի մասին զուգահեռ լինի, այսինքն՝ երթևեկությանը ոչ ուղղահայաց, քանի որ կարող է վարորդներին շփոթեցնել, և երկրորդ, որ միգուցե ընդհանրապես չլուսավորվի։ Իսկ, եթե երթևեկելի մասին ուղղահայաց տեղադրված լինի, ապա պետք է առաջացնի տուգանքի որևիցե տարբերակ կամ ապամոնտաժում, բռնագրավում»,- մեզ հետ զրույցում ասաց Սերգեյ Ղահրամանյանը՝ հույս հայտնելով, որ այսպիսով հարցը կկարգավորվի։

Նրա կարծիքով՝ Դեղատների մասին օրենքը ևս պետք է մշակման ենթարկվի։

«Վերահսկողություն չկա նաև այն մասով, որ, երբ դեղատունը չի աշխատում, շահագործողը կամ սեփականատերը պարտավոր է կանաչ լույսն անջատել։ Դա օրենքով հստակ կարգավորվում է, բայց մեզ մոտ նման վերահսկողություն չկա, և եթե նկատեք, գիշերային ժամերին դեղատների լույսերը միացված են, բայց իրենք չեն աշխատում։ Հստակ է, որ օրենքի խախտում է, և որքան էլ որ փնտրեցի՝ տեսա, որ պատասխանատվություն սահմանված չէ։ Այսինքն, անհարկի միացնում են՝ դրանով իսկ վնասելով երթևեկությանը։ Մարդիկ մտածում են՝ կանաչ լույս է, նաև վթարներ են լինում։ Ամեն դեպքում, այդ տեսողական խաբկանքները պետք է վերացվեն։ Խոսքը ոչ միայն դեղատների կանաչ խաչերին, այլև ցանկացած այլ գովազդներին է վերաբերում։ Կարծում եմ՝ հետագայում պետք է ունենանք այնպիսի իրավակարգավորում, որ լուսացույցի գույներին նմանեցված ցանկացած երևույթ պետք է հեռու լինի երթևեկությանը հարող հատվածներից»,- նշեց «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հ/կ-ի ղեկավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս