Բաժիններ՝

Դիմակներ կրելը՝ բիզնե՞ս, թե՞ անհրաժեշտություն. մեկնաբանում է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը

«Խոշոր առևտրի կենտրոններն առևտրի իրականացման վայրերի տնտեսական գործունեության դասակարգչի ներքո են և վերսկսելու են իրենց գործունեությունը»,- Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում, լրագրողի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Նա նշեց, որ տնտեսական գործունեություն իրականացնող այս ոլորտի համար մշակված կանոնները 6-րդ հավելվածում են.

«Պարետի որոշմամբ ընդհանուր առմամբ հաստատվել է 13 հավելված՝ կանոնների հետ կապված, և առևտրի իրականացման վայրերի կանոնները 6-րդ հավելվածն է սահմանում»:

Ըստ փոխնախարարի՝ հիշյալ կանոններն արդեն դարձել են համակեցության կանոններ. «Առանց պաշտպանիչ դիմակի և ձեռնոցների չի թույլատրվում մտնել խանութ, 20 քմ տարածք ունեցող առևտրի իրականացման վայրերում չի թույլատրվում երկու հաճախորդից ավել լինելը»:

Վ. Սիմոնյանը նաև տեղեկացրեց, որ այն գործունեության տեսակները, որոնց համար առանձին կանոններ սահմանված չեն, դրանք կարգավորվում են 14-րդ հավելվածով.

«Անվտանգության ընդհանուր կանոնները, որոնք պարտադիր են և վերաբերում են 2-13-րդ հավելվածներով չկարգավորվող տնտեսական գործունեության մնացած տեսակներին»:

Հաշվի առնելով այն, որ մայիսի 18-ից գործելու են նաև նախադպրոցական հաստատությունները, հատուկ կանոններ են մշակվել նաև այստեղ.

«Կան ծնողներ, որոնք աշխատում են, և երեխաների խնամքն իրականացնելը շատ դժվար է, մանկապարտեզները նույնպես գործելու են, որտեղ շատ խիստ կանոններ կան, և կխնդրենք, որ բոլորը խստորեն հետևեն այդ կանոններին»:

Մեկնաբանելով լրագրողի դիտարկումը, թե քաղաքացիները մտահոգություն ունեն, որ մայիսի 25-ից անգամ բացօթյա տարածքներում պարտադիր դիմակ կրելն ինչ-որ մեկի բիզնեսը զարգացնելու համար է արվում, էկոնոմիկայի նախարարի տեղակալը նշեց.

«Պարետի թիվ 74 որոշման 5-րդ կետով սահմանվում է, որ հանրային բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է. ինչ է սա նշանակում՝ դիմակ ունենալը պարտադիր է, բայց դա չի նշանակում, որ, երբ դուք զբոսնում եք բաց տարածքում, և ձեր կողքին որևէ մեկը չկա, պետք է պարտադիր դիմակ կրեք:

Պարտադիր լինելն ուղղված է միմիայն նրան, որ հնարավորինս կանխարգելվի և նվազեցվի համավարակի տարածումը. Չկա որևէ այլ նպատակ. սա բոլորիս առողջությունն է, և բոլորը պետք է հետևեն այս համակեցության կանոններին, որովհետև դրանց պահպանումով հնարավորություն կունենանք նվազագույնի հասցնել թե՛ համավարակի տարածումը, թե՛ հնարավոր այլ հետևանքները»:

Հարցին, թե ի՞նչ տրամաբանությամբ է թույլատրվում տաքսու ետևի նստատեղում մեկից ավելի ուղևորների նստելը, եթե վարորդի կողքին արգելված է ուղևորի նստելը, Վ. Սիմոնյանը պատասխանեց.

«Այս բոլոր կանոնները քննարկվել են բոլոր պատասխանատու գերատեսչությունների և պատասխանատու անձանց հետ: Տրամաբանությունը նրանում է, որ, եթե որոշվել է՝ վարորդի աջ կողմում չի թույլատրվում, արդեն իսկ նկատի են առնված որոշակի ռիսկեր, և ետևում նստած լինելն ավելի ցածր ռիսկային է համարվում: Համանման կանոն գործում է նաև սննդի օբյեկտներում՝ պետք է սեղաններն իրարից այնքան հեռու դասավորված լինեն, որ երկու տարբեր սեղանների շուրջ նստած մարդկանց միջև հեռավորությունն առնվազն պետք է լինի 1,5 մետր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս