Հեղափոխության նոր թշնամիները․ «սադրիչները»
Նիկոլ Փաշինյանի ելույթը Սասուն Միքայելյանի լկտի պահվածքի վերաբերյալ շատերը որակեցին՝ որպես անբարո, որպես «կրուտիտի» ամենացածր մակարդակ, սակայն վարչապետն այդ ելույթով կարևոր տեսական հայտնագործություն արեց` իր թիմակիցներին ներկայացնելով հեղափոխության թշնամիների նոր կատեգորիային՝ սադրիչներին։ Թեման անմիջապես վերցրեցին ու դրա մասսայականացմամբ սկսեցին զբաղվել հեղափոխության ավելի միջին ու մանր առաջնորդներ՝ Լիլիթ Մակունցը, Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը և էլի շատուշատ ավելի պարզ ուսադիրներով խունվեյբիններ։ Ընդ որում, գնալով թեման սկսեց ընդլայնվել` իր մեջ ներառելով, առաջին հերթին՝ մամուլին։
Մեթոդաբանությունը պարզ է, քանի որ նրանք՝ սադրիչները, քննադատում են, վատաբանում են, հայհոյում են, մի խոսքով` սադրում են, ապա մենք՝ հեղափոխությամբ վաստակած, հեղափոխությամբ գեներալացած և հեղափոխության ժամանակ հանուն ժողովրդի մեր ներվերը մաշած առաջնորդներս, այլևս զահլա չունենք, ու առանց մանրամասների մեջ խորանալու՝ նրանց կծեծենք, ասֆալտին կպառկացնենք, կդատենք, կնստացնենք, և այլն։
Փաստորեն, փուլային անցում կատարվեց «նախկիններից» «սադրիչներին»՝ որպես հեղափոխության նոր թշնամիներ։ «Նախկիններ» տերմինն էլ չի աշխատում, և դրա համար կա առնվազն երկու պատճառ։ Առաջինն այն է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն վաղուց իշխանության ղեկավար է, և պողոսները՝ ում ուղղված է «նախկինական» քարոզչությունը, արդեն սկսել են թերահավատությամբ մոտենալ այդ քարոզչությանը, քրթմնջալ, թե՝ լավ, բա դու էս երկու տարվա մեջ մի բան չես կարողանում անե՞լ, կամ՝ լավ էլի, էս երկու տարվա մեջ լուծեիր նախկինների հարցերը։ Կարծես թե այլևս sexy չէ անգամ Ռոբերտ Քոչարյանին կալանավորված պահելը, պողոսները հաց են ուզում։ Հրայր Թովմասյանին և ընկերներին գործից հանելու հանրաքվեն փառավոր կերպով տապալվեց համաճարակի պատճառով, և պողոսները տեսան, որ Նիկոլը չի կարողանում ապահովել իրենց նվազագույն կենսաապահովումը, ու Հրայրն այս ամենի համար ամենևին մեղավոր չէ։
Երկրորդ պատճառը ֆինանսականն է։ Ի դեպ, Նիկոլը նախապես հայտարարեց, որ գույքի անօրինական բռնազավթման օրենքի կիրառման հետ կապված՝ թող պողոսները մեծ հույսեր չունենան․ ինչ վերցնենք՝ մերն է։ Ինչպես երևաց Միքայել Մինասյանի բացահայտումներից կամ «Յուքոմի» վրա անհաջող ռեյդերական հարձակումից, նախկիններն այլևս չեն ուզում մուծվեն, հոգնել են։ Նրանք պահանջում են, անպատասխանատու շանտաժից բացի, գոնե մեկ կոռուպցիոն բացահայտում, պատրաստ են անգամ նստել, Նիկոլի դեմ պայքարել, բայց էլ չեն ուզում ենթարկվել շորթումների:
Նախկինները մի քանի տասնյակ են, բայց նրանք կարող էին մուծվել միլիոններ։ Իսկ սադրիչները հազարավոր են՝ սկսած Ալենին քննադատող լրագրողից՝ մինչև Նիկոլին քրֆող տաքսիստներ, բայց նրանք միլիոններ չունեն, կարող է ունենան հազարներ։ Հազարը բազմապատկած հազարով՝ հավասար է միլիոնի, և եթե չորացել է առատ գետը, պետք է սկսել կթել բարակ առուները։
ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ