«Իրենց մանդատները պատրաստ են վայր դնել պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը, բայց՝ պայմանով». Մակունց

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր, երբ խորհրդարանը քննարկում էր Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը, ինչպես ինքը խոստովանեց, շեղվելով բուն թեմայից՝ կրկին  անդրադարձավ մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ դատապարտելով, որ իրենց խմբակցությունը, իր խոսքերով ասած, տրվել է սադրանքի:

«Բայց մենք դատապարտում ենք նաև կոնֆլիկտներ հրահրելը: Ես  ուզում եմ բոլորիս հիշեցնել, թե այս ամիսների ընթացքում ի՞նչ է տեղի ունեցել: Եվ այսպես՝ ո՞վ էր այն պատգամավորը, որը 2019 թվականի  հունվարի 16-ին, երդմնակալության արարողությունից երկու օր անց, կոնֆլիկտ հրահրեց ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստանի» հետ. Էդմոն Մարուքյանը: Ո՞վ էր այն պատգամավորը, որը երկու շաբաթ առաջ պատգամավոր Գևորգ Պապոյանին անընդհատ ընդհատում էր և, ի վերջո, հնչեցրեց սպառնալիք՝ ձայնդ կտրի, թե չէ  քթիցդ արյուն է գալու. Էդմոն Մարուքյանը, ո՞վ էր այն պատգամավորը, որը Ռուբեն Ռուբինյանի ելույթի ժամանակ իջնում էր դեպի աստիճաններ, խանգարում Ռուբինյանին և հրահրում կոնֆլիկտ. Էդմոն Մարուքյանը, ո՞վ էր այն պատգամավորը, որին Մխիթար Հայրապետյանը դիմում էր՝ Ազգային ժողովի պատգամավորների հետ խոսել Դուք-ով. Էդմոն Մարուքյանը, ով էր այն պատգամավորը, որը Սուրեն Գրիգորյանին դիմում էր՝ ո՞վ էս դու, արա ոճով. Էդմոն Մարուքյանը, ո՞վ էր այն պատգամավորը, որը սեռական բնույթի հայհոյանքը հնչեցրեց ԱԺ փոխնախագահի հասցեին. Էդմոն Մարուքյանը, այդ ո՞ր խմբակցության պատգամավորն էր ասում՝ հիմա քֆուր կտամ. «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորը: Հիմա մենք ունենք մի իրավիճակ, որ այդ խմբակցության ղեկավարի եղբայրը շարունակում է սեռական բնույթի հայհոյանք հնչեցնել մեկ այլ պատգամավորի հասցեին»,- ասաց  Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կոնֆլիկտ հրահրող կողմ է, և ոչ թե՝ զոհ:

Ըստ Մակունցի՝ այս ամենը պետք է ունենա քաղաքական հետևանք, որի մասին արդեն ասաց  Սասուն Միքայելյանը:

«Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե Էդմոն Մարուքյանը ևս վայր դնի իր մանդատը: Ավելին՝ իրենց մանդատները պատրաստ են վայր դնել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը, պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր դնեն «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը. Սա է մեր դիրքորոշումը»,- ասաց  Մակունցը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս