Ճիշտ չէ, որ ՄԻՊ-ը մեկնաբանի վարչապետի ելույթը. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ ճիշտ չէ, որ ՄԻՊ-ը մեկնաբանի մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեած միջադեպից հետո վարչապետի ելույթը: Քանի որ այն նաև քաղաքական բնույթի ելույթ էր:

«Ես, ինչպես հայտարարությամբ տարածել էի, մնում եմ իմ դիրքորոշմանը, որ կանոններ կան, որոնք չափազանց կարևոր են՝ խորհրդարանում աշխատանքի հետ կապված: Կանոնները, որոնք ես նախանշել էի իմ հայտարարության մեջ, հիմնված են միջազգային սկզբունքի վրա: Հատուկ էի գրել կանոններ, որոնք վերաբերում են բոլորին, և կանոններ, որոնք վերաբերում են, մասնավորապես, քաղաքական մեծամասնությանը: Ցանկացած խոսքում չպետք է օգտագործել այնպիսի խոսքեր, որոնք վիրավորում են դիմացինին, քանի որ վիրավորանքը ծնում է երկրորդ վիրավորանքը: Այդպես լարվածությունն աճում է, և կարող են լինել դեպքեր, որոնք, հնարավոր է՝ բռնության վերածվեն»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արման Թաթոյանը:

Ըստ նրա՝ եթե կա վիրավորանք, բռնություն, ապա այդ ամենն իր համար դատապարտելի է:

Միաժամանակ նա ընդգծեց, որ, երբ ուսումնասիրում է սոցիալական ցանցերը, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ բաժանվել են խմբերի և մրցում են իրար հետ, թե ով ում շատ կվիրավորի:

«Անկախ անձի կարգավիճակից, ինչ իրավիճակում է արել այդ արտահայտությունը, եթե արտահայտել է վիրավորանք, ապա այդ ամենն անթույլատրելի է»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խորհրդարանում իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանի և «Լուսավոր Հաայտան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև տեղի էր ունեցել բանաբավեճ, որին միջամտել էր Սասուն Միքայելյանը, որից հետո ամեն ինչ ավարտվել էր ծեծկռտուքով:

Միջադեպից հետո ելույթով հանդես էր եկել վարչապետը, ով դատապարտել էր տեղի ունեցածը և մասնավորապես նշել.

«Դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ՝ իր բոլոր դրսևորումներով: Բռնությունը լինում է ոչ միայն՝ ֆիզիկական, այլ նաև՝ բարոյական ու հոգեբանական: Պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այս խորհրդարանը և այս մեծամասնությունը հետևողականորեն ենթարկվում է բարոյական բռնության: Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորներին սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ լուրերն են տարածում ԱԺ քաղաքական մեծամասնության պատգամավորի վերաբերյալ: Այս ամենն ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել մեծամասնության և ժողովրդի միջև առկա վստահությունը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս