«Իմ քայլի» պատգամավորները փոփոխություն են առաջարկում «Հանրաքվեի մասին» օրենքում
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանն ու Հերքինազ Տիգրանյանը ներկայացրել են «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն:
Ըստ նախագիծը ներկայացնող Համազասպ Դանիելյանի՝ «Հանրաքվեի մասին» օրենքով ու ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է մեխանիզմ, որով քաղաքացիները բավարար քանակով ստորագրություն հավաքելու դեպքում կարող են իրենց համար ցանկալի օրենսդրական նախաձեռնությունը բերել Ազգային ժողովի օրակարգ։ Գործող օրենքով՝ «Քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվում է առնվազն 50 քաղաքացուց բաղկացած նախաձեռնող խումբ»: Պատգամավորներն առաջարկում են , որ նախագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվի ոչ թե առնվազն 50, այլ 25 քաղաքացուց բաղկացած խումբ։
«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում պատգամավորներն առաջարկում են նաև երկարաձգել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման կայացման ժամկետը՝ երեք աշխատանքային օրից հասցնելով 10 օրի:
Մանրամասները՝ տեսանյութում