«Եթե մի օր ՄԻԵԴ-ում ապացուցենք, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական նկատառումներով է պահվում կալանքի տակ, մեր հաղթանակի 80 տոկոսը լինելու է շնորհիվ Նիկոլ Փաշինյանի». Ալումյան

Մեր կողմից անընդհատ ինֆորմացիա տրվում է միջազգային կառույցներին ամբողջ ծավալով: Յուրաքանչյուր բառի համար, որ հիմա ասում է վարչապետը, ՀՀ-ն Եվրոպական դատարանում պիտի ապագայում պարզաբանումներ տա: Այս մասին 168TV«Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կարո՞ղ են արդյոք եվրոպական կառույցների համար հիմք հանդիսանալ` եզրակացնելու, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հետապնդումների է ենթարկվում, փաստաբանն ասաց, որ դա իրենց նպատակներից մեկն է, որը դրել են Եվրոպական դատարանում` ապացուցել նաև, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական նկատառումներով է պահվում կալանքի տակ:

«Մեր նպատակներից մեկն է նաև՝ ապացուցել ՄԻԵԴ-ում, որ Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործերով գոյություն չունի դատարան հասկացություն այն իմաստով, որ իմաստով որ ասված է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածում»,- ասաց Հայկ Ալումյանը:

Վերջինիս խոսքով` եթե իրենք մի օր այդ ամենը ՄԻԵԴ-ում ապացուցեն, իրենց հաղթանակի 80 տոկոսը լինելու է շնորհիվ Նիկոլ Փաշինյանի:

«Եվրոպական դատարանում իրականում կա 2 խնդիր: Եթե մենք խոսում ենք այն մասին, որ Սահմանադրական դատարանը դիմել է ՄԻԵԴ-ի Մեծ պալատին, ապա բավականին կարճ ժամանակ հետո, հույս ունեմ, մենք կունենանք Մեծ պալատի որոշում: Եթե խոսքը վերաբերում է այն գանգատներին, որոնք մենք ենք ներկայացրել Եվրոպական դատարան, դրանց վերաբերյալ որոշումները, հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված իրավիճակը, մենք, թերևս, երևի կստանանք այս տարի»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը նշեց, որ ՄԻԵԴ-ում 7 գանգատ արդեն գրանցված է, 3 գանգատ էլ միացել է այդ 7 գանգատներից 2-ին, 2 գանգատ էլ ընթացքի մեջ են, դրանց գրանցման կամ չգրանցման վերաբերյալ իրենք դեռ տեղեկություն չունեն, այսինքն` ընդհանուր առմամբ ստացվում է 12 գանգատ:

Մանրամասները` տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս