Էմիրությունների մայր Նորին գերազանցություն Շեյխա Ֆաթիմա բինթ Մուբարաքը ուղերձ է հղել
ԱՄԷ Կանանց ընդհանուր միության, Ընտանեկան զարգացման հիմնադրամի և Մայրության ու մանկության գերագույն խորհրդի նախագահ, Էմիրությունների մայր Նորին գերազանցություն Շեյխա Ֆաթիմա բինթ Մուբարաքը ուղերձ է հղել ԱՄԷ հասարակության տարբեր շերտերին նոր կորոնավիրուսի բռնկման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Այս մասին տեղեկացնում է Աբու Դաբիի լրատվական գրասենյակը։ Ուղերձում մասնավորպես նշված է․ «Կոչ եմ անում ընտանիքի անդամներին նպաստել հարաբերությունների կարգավորմանը, ապահովել հոգեբանական եւ սոցիալական աջակցություն միմյանց նկատմամբ, ինչպես նաև հուսադրել և ոգեշնչել վստահություն։
Մենք Էմիրություններում մեկ ընտանիք ենք և մեկ սիրտ, որը բաբախում է հայրենիքի սիրով: Բոլոր նրանք, ովքեր ապրել են այս հողի վրա, ապացուցել են իրենց բարությունն ու ինքնատիպությունը: Մենք վստահ ենք, որ դուք կշարունակեք աշխատանքը ջանասիրաբար և լավատեսական ոգով»:
Ապա նշել է, որ ընտանիքի հայրը պետք է ներկայացնի կանխարգելիչ միջոցները երեխաներին` ապահովելով նրանց անվտանգությունը, լավատեսությունն ու դրական ոգին, ինչը համարվում է ազգային մարդասիրական առաքելություն:
«Մեր որդիներից և դուստրերից շատերը կանգնած են բժշկական ծառայություններ մատուցելու առաջնագծում` ներդրելով իրենց ժամանակը, փորձը և ջանքերը։ Նրանք պաշտպանում են յուրաքանչյուրին, ով ապրում է մեր նվիրական հայրենիքում: Մենք էլ մեր հերթին պետք է աջակցենք նրանց` իրենց հետ համագործակցելով և դյուրացնելով առաքելության իրականացումը:
Երիտասարդներն ազգի ուժն ու հարստությունն են և այս փուլում մեծ պատասխանատվություն են կրում: Մենք լիովին վստահ ենք, որ մեր երիտասարդներն ի վիճակի են հաղթահարել այս ժամանակահատվածի դժվարությունները` իրենց աշխատանքով, ստեղծագործական մտքով և կրթությամբ:
Չափազանց կարևոր է ավագ սերնդի քաղաքացիներին հոգեբանական աջակցություն տրամադրելը,հոգատարություն ցուցաբերելը, սիրով և խնամքով շրջապատելը` զերծ պահելով նրանց անհանգստությունից, կեղծ և բացասական լուրերից:
Այժմ յուրաքանչյուրը պետք է աշխատի ներդնել իր ժամանակը, փորձը և էներգիան ավագ սերնդի քաղաքացիներին հոգատարությամբ շրջապատելու համար: Սա մարդասիրական պատասխանատվություն է, որը կրում է տարեց անդամ ունեցող յուրաքանչյուր ընտանիք»,- նշել է նա՝ նաև կարևորելով վերաբերմունքըերեխաների նկատմամբ և նրանց վստահություն ու երջանկություն ներշնչելը։
«Երեխաներն ամենաշատը կարիք ունեն ապահովության և հանգստության: Սա առաջին հերթին ընտանիքի պարտականությունն է։ Պետք է երեխաներին տրամադրվեն համապատասխան հնարավորություններ հասարակության մեջ կայանալու համար»,- եզրափակել է Շեյխա Ֆաթիմա բինթ Մուբարաքը: