Պետակա՞ն, թե՞ քաղաքակրթական ճգնաժամ

Հայաստանը ոչ միայն պետական կառավարման համակարգի ճգնաժամի մեջ է, այլև, որ շատ ավելի վտանգավոր է՝ քաղաքակրթական ճգնաժամի մեջ է: Իսկ դա վերաբերում է ոչ միայն իշխանությանը, այլև հասարակությանը, բոլորիս՝ առանց բացառության: Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-տնտեսական դժգոհությունը, երկու օր է, խլացել է նախկինների և ներկաների փոխհրաձգությունների ներքո։

Ուշադիր հետևելով երկրի ղեկավարի վարքագծին, երկրում տիրող իրավիճակին, հակաճգնաժամային ծրագրի իմիտացիոն գործընթացին, ինչպես նաև՝ երկրում ընդհանուր տիրող քաղաքական կլոունադային ու, հատկապես, երկրի ղեկավարի «լայվերին», ունկնդրի մոտ այնպիսի տպավորություն է առաջանում, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է տարածության ու ժամանակի զգացողությունը, կամ, այլ կերպ ասած՝ շարժվում ու գործում է հենց այնպես՝ տարերայնորեն:

Օրըստօրե մեզ հրամցնում են պատկերացումների զուգահեռը, մենք ապրում ենք իրականության մեջ, ու դրանց միջև գոյություն ունեցող պատն օրեցօր հաստանում է: Երբ ամբողջ աշխարհը զբաղված է կորոնավարակի համաճարակի հաղթահարմամբ՝ մարդկային կորուստները կանգնեցնելու, բուժման միջոցներ կամ պատվաստանյութ գտնելով, տնտեսական ճգնաժամի հնարավորինս անկորուստ փոխհատուցումով, ՀՀ-ում երկրի ղեկավարության համար կարևորը հերթական աչքկապոցին է ու հանրության առաջ սեփական թիմի «փայլուն» հաջողությունների ու «սենսացիոն» նվաճումների վերաբերյալ տեսարանների մատուցելը։

Միանշանակ է, որ Փաշինյանը ձախողել է կառավարման գործընթացը, և նա դա փայլուն գիտակցում է, սակայն, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, ոչ մի կերպ չի ընդունում, ավելին՝ անգամ չի էլ փորձում լսել որևէ  քննադատական կարծիք։

Ուշադիր հետևելով Նիկոլ Փաշինյանի վարքագծին՝ տեսնում ենք, որ նա ներկա փուլում քաղաքական դաշտում մնացել է բոլորովին միայնակ՝ չունենալով ոչ մի քաղաքական աջակցություն որևէ քաղաքական ուժի կողմից (ուժ ասվածի մեջ չեն մտնում իշխանությանը քծնող որոշ անհատներն ու արհեստական ձևավորված ֆեյք-կառույցները)։ Ակնհայտորեն ֆիասկոյի գնացող ղեկավարի համար բավականին բարդ է նաև վստահության հարցը, քանզի նա ամենուր տեսնում է դավադրություններ և ինչ-ինչ կոնսպիրոլոգիաներ։

ԱԺ-ում իր այսօրվա ելույթում նա փորձեց հնարավորինս հանգամանալից ներկայացնել կառավարության ծրագրային «ձեռքբերումները», սակայն այստեղ ևս բավական շատ էր արհեստականն ու մտացածին պնդումները։ Դժվար է ծրագրի հետ կապված ասելիքը նորություն համարել, քանի որ դա գրեթե բառացիորեն կրկնօրինակված էր Փաշինյանի այդքան շատ սիրելի «100 փաստերի» շարքից։

Մի օրինակ ներկայացնենք փաշինյանական կոնսպիրոլոգիայից, երբ խոսելով կոմունալ ճգնաժամի մասին՝ նա, կտրուկ անցում կատարելով իր սիրած դավադրությունների տեսությանը, հայտարարեց, թե ոմանք փորձում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել:

Նիկոլ Փաշինյանն իր ծրագրային հերթական ելույթում փորձեց հանրության մոտ նոր իմիտացիոն ֆոն ապահովել, ու մի տեսակ թեստ-դրայվ անցկացնել։ Փայլուն հասկանալով, որ աստիճանաբար մտնում է քաղաքական «փակուղի» և հանրության լայն զանգվածների մոտ չունի առաջվա վստահությունն ու էյֆորիկ հավատը, նա փորձում է հնարավորիս երկար խոսել ամեն ինչի, բայց միաժամանակ՝ ոչնչի մասին։

Այլ բնորոշմամբ՝ նա սեփական կերպարի միջոցով մարդկանց փորձում է ևս մեկ անգամ համոզել, որ ինքը ճիշտ ուղի է ընտրել «ՀՀ զարգացման և ՀՀ քաղաքացու կյանքը բարեկեցիկ դարձնելու համար», սակայն սա Նիկոլ Փաշինյանի ստի հերթական անհեռանկար փորձն է։

Նիկոլ Փաշինյանը տարատեսակ տեղեկատվությունների հորձանուտում չի կողմնորոշվում՝ ի՞նչ անել, այդ իսկ պատճառով պետությունը շարունակում է տեղաշարժվել զուտ իներցիայով: Օրինակ, բոլորովին վերջերս Աժ արտահերթ նիստում մի քանի օր ամբողջ խորհրդարանը չէր կարողանում պարզել՝ ի՞նչ է լինում, երբ իշխանական պոպուլիզմը բախվում է ընդդիմության պոպուլիզմին, ու ի՞նչ անել:

Ըստ էության, մենք ներկայումս մտել ենք հակաքաղաքակրթական անանուն մի փուլ, որի տևականությունն իշխանության կուլուարներում չի վճռվում, այլ հասարակական ինքնագիտակցության մեջ: Հակաքաղաքակրթության փուլի տևականությունն առաձգական է՝ երկարացնում է հասարակական չափանիշերի չգոյությունը, կրճատում ազգային արժեհամակարգի ձևավորումը:

Ազգային արժեհամակարգն իր հերթին՝ վերածվել է միֆական գոյապայքարի, որտեղ չկան սկզբունքներ ու նպատակներ, կա պետական քաղաքականություն՝ առանց հիմնավորված գերակայությունների՝ ուղղակի իմիտացիա:

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս