«Մենք տնտեսությունը պետք է բերենք նոր վիճակի». Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր խորհրդարանում Կառավարության ծրագրի կատարման զեկույցը ներկայացնելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե համաճարակային իրավիճակից հետո տնտեսության վիճակն ինչպիսին է լինելու և ռեսուրսների գործարկման ինչ հնարավորություններ են լինելու:

«Ողջ աշխարհում այսօր այդ խնդիրը կա, թե ինչպես տնտեսությունը նորից բերեն նախկին մակարդակին: Այն երկիրը, որը դա կկարողանա ձևակերպի և իրագործի կարճ ժամանակահատվածում, հայտնվելու է շահավետ վիճակում: Մեկ անգամ Դուք նշեցիք, որ ժամանակն է, որպեսզի մտնենք 30 միլիարդ ՀՆԱ-ի ռեժիմ՝ օգտվելով այս համավարակի հնարավորություններից: Հիմա կուզեմ Ձեր մոտեցումներն ասեք կոնկրետ գյուղատնտեսության ոլորտի հետ կապված՝ արդյոք Կառավարությունը կարո՞ղ է բավարար ռեսուրսներ տրամադրել բանկերին, որպեսզի մենք կարողանանք տնտեսությունը, հատկապես՝ գյուղատնտեսությունը, սպասարկենք այն աստիճանով, որը կար համավարակից առաջ»,- նշեց Սերգեյ Բագրատյանը:

Պատասխանելով պատգամավորի բարձրացրած հարցին՝ վարչապետ Փաշինյանն ասաց, որ քննարկումներում իրենք իրենց արգելել են խոսել տնտեսությունը նախկին վիճակին բերելու անհրաժեշտությունից, քանի որ, եթե տնտեսությունը բերեն նախկին վիճակին՝ կհամարեն, որ կրել են խոշոր պարտություն:

«Մենք տնտեսությունը պետք է բերենք նոր վիճակի, մեր նպատակադրումներն այսպիսին են: Տնտեսությունը նոր վիճակի բերելու գործիքակազմերի մեջ կարող են լինել տարբեր գործիքներ, բայց կա մեկը, որն աներկբա է, և միանշանակ այդ գործիքը կրթությունն է: Եթե մենք այդ ասպարեզում լուրջ ներդրումներ, զարգացումներ և առհասարակ կրթությունը չդարձնենք ազգային ապրելակերպ… կրթությունը պետք է դառնա ապրելակերպ»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության վարկավորմանը, վարչապետը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ Կառավարության երկրորդ միջոցառմամբ տրամադրվել է 6121 վարկ՝ 8,8  մլրդ ծավալով:

«Այս վարկային պորտֆելների մեջ կառավարությունն այս երկրորդ միջոցառման շրջանակներում 6 մլրդ դրամ տրամադրել է բանկերին, որպեսզի նրանք վերահասցեագրեն գյուղատնտեսությանը: Երեկ որոշում ենք կայացրել, որ ևս 2 մլրդ դրամ պետք է տրամադրենք բանկերին»,- շեշտեց վարչապետ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ բանկերը պետք է վարկավորեն այն հայտերը, որոնք հաջողության հասնելու շանսեր ունեն, հակառակ դեպքում, եթե ֆինանսավորում են հաջողության շանսեր չունեցող վարկային հայտը, հետո բոլորն արդեն արդարացիորեն ասելու են, որ «գյուղացին ընկել է տոկոսների տակ»:]

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս