«Այո՛, կա կասկած, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է». Արարատ Միրզոյան
Ազգային ժողովը մարտի 6-ին շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքները: Նիստի մեկնարկին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց ՝ ինչով են պայմանավորված ԱԺ մուտք գործելու խստացումները:
«Խստացումների պատճառը որն է, մուտքի մոտ ձեռնոց և դիմակ ենք ստանում, եթե մարդ կա հիվանդ, ասենք՝ իմանանք, կամ բոլորս գնանք թեստավորվենք»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ աշխարհում կա կորոնավիրուս անունով համավարակ, և այնպես է ստացվել, որ ասում են, թե ձեռնոցն ու դիմակը կարող են կանխել վարակի տարածումը:
«Ոչ մեկի ոչինչ չի պարտադրվում, պատգամավորներին առաջարկվում է դիմակ և ձեռնոց, որոնք կարող եք կրել, կարող եք չկրել: Այո՛, կա կասկած, գուցե հիմնավոր, որ Ազգային ժողովի աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է, ու քանի որ դեռ հանգամանքները չեն պարզվել, բոլորս մի քիչ ավելի խստացված կերպով ենք կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկում»,- ասաց Միրզոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում