Ստեղծված իրավիճակը ցույց տվեց երկրում գոյություն ունեցող պարենային անվտանգության խոցելիությունը. Կարեն Սիմոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամանակ նշեց, որ համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակը ցույց տվեց երկրում գոյություն ունեցող պարենային անվտանգության խոցելիությունը:

«Ժամանակն է, որպեսզի մենք հասկանանք, որ այն իրավիճակը, որը կարող է ստեղծվել ցանկացած պահի, փակ սահմաններ ունենալու պայմաններում, կարող է լինել օրհասական, և այստեղ առաջնային խնդիր է դառնում գյուղատնտեսական ինքնաբավության խնդիրը, որպեսզի մենք կարողանանք ապահովել գյուղատնտեսական որոշակի ապրանքների գծով ինքնաբավություն: Սա առաջին հերթին՝ հնարավորություն կտա առանձնացնել այն կարևոր կուլտուրաները, որոնք հնարավոր է մշակել ու արտահանել երկրից»,- նշեց պատգամավորը:

Ըստ նրա, այստեղ առաջնային է այն խնդիրների լուծումը, որոնց մասին բարձրաձայնում են գյուղացիները, մասնավորապես՝ վարկերը, որոնք տրամադրվում են գյուղատնտեսությանն աջակցելու նպատակով, ունեն որոշակի խնդիրներ:

«Պետք չէ մոռանալ, որ այսօր գյուղացիական տնտեսությունները ծանրաբեռնված են վարկերով, և այն գումարները, որոնք տրվում են գյուղացիներին, տրվում են բանկերի պահուստային միջոցների հաշվին: Եվ այստեղ արդեն պարզ է դառնում, որ վարկավորումը՝ որպես այդպիսին, խնդիր չի լուծելու, խնդիր է լուծում անհատույց օժանդակությունը, որով մենք կկարողանանք աջակցել գյուղացիական տնտեսություններին»,- հավելեց Կարեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ պետությունը պետք է կարողանա այնպիսի քայլեր իրականացնել, որ գյուղացիական տնտեսությունները կարողանան դառնալ ֆերմերային տնտեսություններ,  իսկ դրա համար պետք է լինի համապատասխան ռազմավարական ծրագիր:

Տեսանյութեր

Լրահոս