«Հայաստանում իրավիճակը կարող է անվերահսկելի դառնալ․ կտրիճ հայ ժողովուրդը միանգամից սկսելու է խուճապի մատնվել»․ Նարինե Մկրտչյան

«Մենք առաջիկայում շատ արագ տնտեսական մեծ անկում կունենանք, արդեն որոշակի կանխատեսումներ կան դրա շուրջ։ Եվ, առաջին հերթին, տնտեսական անկման հնարավոր ցուցանիշներով է պայմանավորված սահմանափակումների թուլացումը։ Միաժամանակ, ես շարունակում եմ խիստ դժգոհ մնալ սահմանափակումների ժամանակ հասարակության մեծ մասի ցուցաբերած բացարձակ անհաղորդ վերաբերմունքից, մյուս կողմից՝ խիստ անբավարար եմ համարում իշխանությունների աշխատանքն այս ուղղությամբ»,- 168am-ի հետ զրույցում ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը։

Նա նկատեց՝ անիմաստ է մտցնել սահմանափակումներ և չհետևել դրանց կատարմանը․ «Դա նշանակում է՝ օրենք ընդունել և շրջանցել այն։ Այս առումով լուրջ խնդիր ունեցանք, ինչի վկայությունն է վարակվածների՝ արագորեն աճող թվաքանակը։ Եթե իշխանությունը ժամանակին ավելի խստորեն հետևեր սահմանափակումներին, ապա աճն այսքան մեծ չէր լինի․ մեկ ամիս առաջվա տվյալների հետ համեմատած՝ այդ աճը եռապատկվում, հնգապատկվում է։

Նախատեսված միջոցառումների վերահսկողությունը խիստ անբավարար էր, այսինքն՝ ավելի շատ խիստ ձևական բնույթ էր կրում․ իշխանությունը ոչ ցանկություն ուներ կատարելու, ոչ էլ պատկերացնում էր։ Իշխանության ներկայացուցիչների վարքագիծը ևս փոխանցվեց հասարակությանը»։

Նարինե Մկրտչյանը չի հասկանում՝ ի՞նչ անհրաժեշտություն կար միանգամից ազատականացնել ռեստորանների և սրճարանների գործունեությունը․

«Ինչքան էլ դրանով է նաև պայմանավորված տնտեսության աշխուժացումը, բայց հենց այդտեղ է կուտակվում վտանգը։ Նախկինում հեռախոսով հաղորդակցվող մարդիկ հիմա սրճարաններում ընկերներով նստելու են, և այդ դեպքում հնարավոր չէ սոցիալական տարածություն պահպանել»։

Ըստ նրա՝ սահանափակումների վերացումը պետք է խիստ ընտրովի անել․ «Եթե հանրային տրանսպորտը չի աշխատում, բոլորը չէ, որ կարող են իրենց թույլ տալ ամեն օր երթևեկել տաքսիներով կամ սեփական մեքենաներով։ Ես հասկանում եմ, որ տրանսպորտը վարակի տարածման ամենավտանգավոր աղբյուրներից է, բայց եթե դու սահմանափակումները հանում ես, ապա գոնե տրոլեյբուսի և մետրոյի գործարկումը ևս պետք է ապահովել։ Տրամաբանական պետք է լինի սահմանափակումները հանելը»։

Կորոնավիրուսով վարակավածների թվի աճը, նրա խոսքով՝ ստիպում է վտանգավոր կանխատեսումներ անել․

«Հայաստանում իրավիճակը կարող է անվերահսկելի դառնալ․ կտրիճ հայ ժողովուրդը միանգամից սկսելու է խուճապի մատնվել։ Մի ծայրահեղությունից մյուսում է հայտնվելու։ Այս փուլի համար ամենակարևոր բանը որ արվում է եվրոպական բոլոր երկրներում, դիմակների պարտադիր կրումն է ամենուր։ Բայց մեզ մոտ հատուկենտ մարդիկ են դիմակներով։ Երբ ես դիմակով դուրս եմ գալիս, մարդիկ տարակուսած են նայում։ Առողջությանը հետևելը նույնպես գրագետ լինելու ցուցանիշ է։ Սահմանափակումների սահմանման վերահսկման մեջ ոչ մի տրամաբանություն չկա։ Երբեմն ինձ մոտ այն տպավորությունն է, որ վիճակը ներկայացրեցին անվերահսկելի, որ տեղաշարժի վերահսկման օրենքն ընդունեն։ Իշխանությունները եթե ինչ-որ բան են ձեռնարկում, պետք է հետևեն դրա կատարմանը։ Բացարձակ անհուսալի է հույսը դնել հասարակության ինքնագիտակցության վրա»։

Նարինե Մկրտչյանը նշեց, որ, օրինակ՝ փոքր խանութների դեպքում առավելագույն վերահսկողություն պետք է սահմանվի․ «Փոքր խանութներում սնունդը բերում են՝ առանց համապատասխան միջոցառումներ իրականացնելու։ Այդ խանութներում մարդկանց կուտակումները սարսափելի է, կարծես Սոդոմ-Գոմոր լինի այդ խանութների մոտ։ Այդ փոքր խանութներում վերահսկողություն չի իրականացվում՝ ոչ սանիտարահիգիենիկ անհրաժեշտ պայմանների, ոչ քաղաքացիների վերահսկողություն։ Ընդհանրապես, մարդն այնպիսին է, որ գրպանին պետք է հարվածես, որ նա հասկանա, այսինքն՝ մեկ-երկու անգամ եթե տուգանես, նա կհասկանա»։

Մամուլի ազգային ակումբի նախագահին չի գոհացնում նաև ԱԺ պատգամավորների վարքագիծը․ «Գնում են ԱԺ նիստի՝ առանց դիմակի, շփվում են իրար հետ՝ առանց սոցիալական հեռավորությունը պահելու։ Հիմա իսկապես մենք կանգնած ենք նրա առաջ, որ ով կմահանա՝ կմահանա, ով ողջ կմնա՝ ողջ կմնա»։

Տեսանյութեր

Լրահոս