«Այնքան ասացին՝ աննախադեպ-աննախադեպ, որ մենք տեսնում ենք՝ այդ աննախադեպերն ամենաբացասական դրսևորումներն են ընդունում». Լարիսա Ալավերդյան

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Գավառի աղմկահարույց միջադեպը երկրում տիրող ամենաթողության, բանեցվող բառապաշարի հետևանքն է:

«Ես ափսոսում եմ ոստիկանության անհասկանալի պահվածքը: Ես միշտ ոստիկանության պատիվը պաշտպանողներից եմ եղել:

Թողնում եմ մի կողմ՝ եղե՞լ է այդտեղ ոստիկանապետը, թե՞ տասը րոպեի ճանապարհի վրա է եղել, կամ այլ մանրամասներ, ես խոսում եմ նրա մասին, որ ոստիկանությունը չի կարողանում աշխատել այդ զանգվածային կամ փոքր խմբերի հետ:

Բացարձակապես չեմ հավատում 500 մարդու ներկայության մասին վարկածին. վերջապես որտե՞ղ են այդ լուսանկարները և տեսագրությունները: Ի՞նչ է՝ մենք կարո՞ղ է պատահի՝ 20 տարի առաջ ենք ապրում, որ չենք կարողանում դա ֆիքսել:

Հայաստանը տարիներ շարունակ համարվում էր ավելի պաշտպանված (քրեածինության առումով՝ ոչ վտանգավոր) երկրներից, հիմա մենք, փաստորեն, կարծես զրկվում ենք և մեր այդ իմիջից»:

Պատճառը, ըստ իրավապաշտպանի, նաև երկրում տիրող մթնոլորտն է. «Այստեղ պատճառները պետք է փնտրել ոչ թե այն պահից, երբ սկսվել են կրակոցները, կամ, երբ մտել են հիվանդանոց, այլ նկատել, որ դրանք հետևանքն են վերջին երկու տարիների ընթացքում սանձարձակ բառապաշարի, ցանկացած նորմի ոտնահարման:

Ապասոցիալական տարրեր բոլոր երկրներում կային և մեզ մոտ էլ կային, բայց նման իրապես աննախադեպ իրավիճակ… այնքան ասացին՝ աննախադեպ-աննախադեպ, որ մենք տեսնում ենք, որ աննախադեպերն ամենաբացասական դրսևորումներն են ընդունում»,- ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք իրավիճակին համարժեք ու հասկանալի է թեմայի շուրջ վարչապետի լռությունը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ավելի հասկանալի էր, քան իր որոշ լայվերը: Հիմա հասկանալի է, որ բան չունեն ասելու ու հասկանում են, որ բանը բանից անցել է: Այդ լռությունն ավելի շատ է ինֆորմացիա տալիս, քան որոշ տեղի կամ անտեղի երկարուձիգ զրույցները»:

Մարդու իրավունքների առաջին պաշտպանը նշեց նաև, որ արդեն երկու տարի է՝ իշխանություններին հորդորում է հրաժարվել  «հանցագործ տարրերին ներհատուկ բառապաշարից», որի հետևանքներն արտացոլվում են հասարակական վարքագծում:

«Դեռ մեր մեծն Խորենացին ժամանակին գրել է, որ իշխանության ցանկացած, անգամ փոքր թերացում կամ թերություն, հազարապատիկ արտացոլվում է ժողովրդի մեջ։

Հիմա կարելի է, չէ՞, այդ պատմական դասերից օգտվել: Վերջապես, մենք ի՞նչ ենք ուզում՝ քաոսի՞  ենք ուզում վերածել»,- ասաց իրավապաշտպանը՝ հույս հայտնելով, որ հանցագործության անմիջական մասնակիցները, մարդասպանները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գավառի Ազատության փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ էին արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետևանքով՝ ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ.Ավետիսյանը և Զ.Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Գավառ ԲԿ» ՓԲԸ:

Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, թե դեպքից ժամեր անց սպանվածների հարազատները կարծելով, որ սպանությունը կատարել են հիվանդանոց տեղափոխվածներ, հարձակվել են Գավառի հիվանդանոցի վրա,

Գործով նախաքննություն է ընթանում. Կան ձերբակալվածներ:

Տեսանյութեր

Լրահոս