Աննա Կարապետյանն իր անվան շուրջ տարածվող լուրերի համար մեղադրում է լրատվամիջոցներին և ինչ-որ ուժերի
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը զարմացած է լրատվամիջոցների տարածած այն լուրերից, թե իբրև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պահանջ կա, որ մանդատը վայր դնի:
«Ես չգիտեմ՝ ինչ ասել, մտածում եմ՝ լավ, այդ լուրերը որտեղի՞ց եք գտնում: Նման բան չկա, հիմա ես ուզում եմ հասկանալ՝ Դուք այդ լուրերը որտեղի՞ց եք գտնում՝ գրել եք, որ ես, օրինակ, ամենաշատ գործուղման մեկնած պատգամավորներից եմ, Դուք գոնե վիճակագրություն նայո՞ւմ եք, գոնե այդպես միջին թվով գործողումների մեկնած պատգամավոր եմ: Կամ, որ ասում եք՝ «Իմ քայլը» խմբակցությունն իմ նախագիծը տապալել է, այդ նախագծի մասին խոսել եմ, ասել եմ, որ նման բան չի եղել: Սովորական քվեարկություն է եղել, և կարծես թե այդ նախագծի թեման փակված է, հիմա նորից նույն լուրերը: Ես հասկանում եմ, որ ինչ-որ ուժեր, մարդիկ ցանկանում են պառակտում մտցնել «Իմ քայլը» խմբակցության մեջ, բայց դա չի հաջողվելու»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց պատգամավորը:
Հարցին, եթե նման բան չկա, ապա ինչո՞ւ է անընդհատ իր անունը շրջանառվում, Աննա Կարապետյանը պատասխանեց, երբ այդ հարցի պատասխանը լրագրողներն իմանան, կխնդրի՝ իրեն էլ փոխանցեն:
Նա վստահեցրեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը, ինչպես միշտ, միահամուռ է:
Ի դեպ, երբ լրագրողները հարց ուղղեցին Աննա Կարապետյանին, որ իր անունը կապում են նախկին իշխանությունների հետ, քանի որ նա եղել է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի օգնականը, նա պատասխանեց, որ դրանք սխալ լուրեր են, սակայն նա չհասցրեց ավարտել իր խոսքը, երբ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արուսյակ Ջուլհակյանը, նրա ձեռքից պարզապես բռնած տարավ լրագրողների մոտից, որոնք դեռ հարցեր ունեին պատգամավորին:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բավականին դժվար կացության մեջ է հայտնվել:
«Խորհրդարանում օրերս նա հավաքել է իր մտերիմներին` Զեյնալյան Նարեկին, Դանիելյան Համազասպին, իր օգնական Կոստանյան Վահանին, ասել է, որ «տխուր վիճակ է»՝ Նիկոլն ու վարչությունը որոշել են, որ Աննա Կարապետյանը պետք է գնա, իմ համար ցավալի է այդ փաստը, մանավանդ որ, պատճառն էլ չեն ասում, բայց դե` վարչության որոշումն է, պետք է իրականացվի։ Ինձ են ասել՝ կազմակերպի էդ հարցը, չգիտեմ` ոնց ասեմ»,- հղում տալով ՔՊ իր աղբյուրին՝ գրել է թերթը:



