Մտածեք այս մասին, պարոն վարչապետ. Մարգարիտ Եսայան

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հույսը միշտ չէ, որ լավ բան է, քանի որ հույսից մինչեւ հուսահատություն անգամ կես քայլ չէ

Հայաստանյան քաղաքական կյանքի փազլը/խճանկար/ կամաց-կամաց հավաքվում է եւ երկու տարվա վաղեմության գործողությունները աստիճանաբար հասնում են տրամաբանական ավարտի։ Պահը հասունացավ եւ, ոչ այնքան ընդդիմադիր ուժերի շնորհիվ, պահը հասունացավ իշխանությունը զավթած վարչապետի շնորհիվ։ Ակնհայտ է, Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չկարողացավ դառնալ վարչապետ։ Մարդը երբեք չի փոխվում։ Սա աքսիոմ է։ Փաշինյան Նիկոլը ուղնուծուծով ընդդիմադիր,խմբագիր, մուտիտ անող հռետոր է, առանց փաստերի մեղադրանք ներկայացնող եւ ուռճացնող անձ։ Նա այդքանն է կարողանում անել։ Երբ դա անում էր ճիշտ տեղում եւ ժամանակին, դեռ , «ուտվում էր», անգամ՝ շատերի համար դուրեկան ու հաճելի։ Բայց, երբ Փաշինյանը սկսեց իշխանական ամառանոցում, կառավարության շենքում, Ազնավուրի հուղարկավորությանը, Ստեփանակերտի հրապարակում շարունակել իր անփոփոխ գիծը՝ ճառ ասել, բորբոքվել ու բորբոքել, մանիպուլացնել ու խաբել, թավիշը մարդկանց աչքը խոթել, /ընդ որում, այդ թավշի հետ ինքը առհասարակ կապ չուներ, ուրիշ առիթներով բազմից բացատրել եմ, թե՝ ինչու/ շատերի համար բացվեց տհաճ իրականությունը՝ այս մարդը իր տեղում եւ իր ժամանակի մեջ էր իրենից ինչ-որ բան ներկայացնում։ Իսկ իր մշտական կերպարից դուրս՝ վարչապետի պաշտոնում նրա բոլոր քայլերը եւ գործողություններն ու ելույթները պարզապես վատ ծաղրանկար են հիշեցնում, խզբզանք։ Երկու տարի ՀՀ վարչապետի պաշտոնում նստած Փաշինյան Նիկոլը այդպես էլ չդարձավ վարչապետ, գործադիր մարմնի ղեկավար, երկրի ղեկավար։ Մնաց նույնը՝ եւ մարդիկ սա տեսնում են, վարդագույն ակնոցները դեն են նետված։ Սրա մեղավորը նույն ինքն է՝ Փաշինյանը, սա կատարվեց նույն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։

Միայն անցած մեկ շաբաթվա ընթացքում կարծեմ չորս ուղիղ եթեր, լայվ, հեռախոսազանգեր ՀՀ քաղաքացիների բնակարաններ, մանր ժուլիկության էլեմենտներ․ լույսի փողը տվել եք, չեք տվել, մենք կտանք-չենք տա։ «հա-հա, հի-հի» բռազբոս ծիծաղ, պարզունակության հասնող «զրիցներ»։

Պարա՞պ է արդյոք մեր երկրի վարչապետը։ Ըստ էության՝ այո։ Բայց այդ պարապության մեջ իր անթիվ-անհամար-անտրամաբանական ուղիղ եթերներում նա ոչ մի անգամ չխոսեց շաբաթվա ընթացքում ահազանգի պես հնչող Լավրովյան պլանից, Լավրովի հայտարարություններից, ընդ որում՝ շատ ուղիղ եւ հստակ արված։ Չխոսեց գազի գնի հավանական թանկացումից։

Մարդկանց նա նորից եւ կրկին նետեց տեսարաններ՝ տեսեք-տեսեք, ինչ վարչապետ է, անձամբ զանգում է շարքային քաղաքացուն, հետը «զրից» է անում․ «Բարեւ ձեզ, Նիկոլն է, Փաշինյան․․․»։

Ու քաղաքացին տնավարի է նույնքան․ «Հը», -չհասկանալով հարցը ասում է մի կին։ Բայց, արդյո՞ք ՀՀ բոլոր քաղաքացիներին է այս մակարդակը դուր գալիս, իսկ ի՞նչ են մտածում այն քաղաքացիները, ում սա դուր չի գալիս։
ՀՀ քաղաքացին ուզո՞ւմ է տեսնել, թե ինչպես են վարչապետն ու տիկինը իրենց տան/ներեցեք՝ կառավարական ամառանոցի/ բազմոցին բազմած «դիվանագիտությամբ» զբաղվում։

Տպավորություն ունեմ, որ այս մարդիկ պարզությունը շփոթում են պարզունակության հետ։ Ամեն պարզության մեջ պիտի նաեւ որակ լինի, ճաշակ լինի։ Միշտ չէ, որ հաճախակի էկրաններին երեւալը ճիշտ է, կամ՝ հաճելի է մարդկանց, մանավանդ՝ կոնկրետ գործ չես անում, ի բարօրություն ՀՀ քաղաքացիների, որ այս օրերին չունեն աշխատանք, չունեն գումար եւ չունեն հավատ։ Բոլոր խոստումներդ քամուն ես տվել, բոլոր պետական ինստիտուտները կամաց-կամաց դարձնում ես ոչինչ, դատականից սկսած, կրթականով, օրենսդիրով, գործադիրով ու ոստիկանությամբ ավարտած, ազգային անվտանգությունն էլ ՝ պլյուս։

Եթե դու խոսում ես ինչ-որ թեմայից, ու չես ներկայացնում ոչ մի փաստ, ուրեմն դու ընդամենը կարծիքդ ես հնչեցնում։ Ընդ որում՝ խիստ սուբյեկտիվ, կողմնակալ։ Իսկ հարցրե՞լ ես մարդկանց , քո կարծիքը այլեւս ո՞ւմ է հետաքրքիր։
Փաշինյան Նիկոլը միշտ էլ իր կարծիքն է/էր/ հնչեցնում, առանց փաստերի։ Կարծում եմ, մարդը պիտի ունենա արիություն, ճիշտ պահին ասելու՝ գիտեք, ես չկարողացա եւ, քանի որ չկարողացա, ես հրաժարվում եմ իմ ցանկությունից։ Պիտի կարողանա ընդունել փաստը, որ դու չկարողացար, որ դու չունեցար բավարար խելք, կրթություն, գիտելիքներ, մարդկային կոնկրետ որակներ՝ վարչապետ աշխատելու համար։

Ուղիղ երկու տարի առաջ այս օրերին էր, երբ հարցրի՝ երբ սկսեցիք քայլել, դուք ուզո՞ւմ էիք դառնալ վարչապետ։
Եւ երկու տարի առաջ եւ այսօր ավելի քան համոզված եմ, գերագնահատեցիր ինքդ քեզ։

Մարդը պիտի կարողանա ընդունել խաղի կանոնները, ընդունել, որ ինքը, այո, չկարողացավ, դառնալ օլիմպիական չեմպիոն, քանի որ չէր ծնվել օլիմպիական չեմպիոն դառնալու համար։ Այս դեպքում Փաշինյանը պարտավոր էր ընդունել, որ ինքը վարչապետ աշխատելու համար չէր ծնվել։

Օրերս Փաշինյանին բառի ուղղակի իմաստով պատին դեմ տվեցին։ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը բառացիորեն եւ հստակ հայտարարեց, որ Փաշինյան Նիկոլն իրեն առաջարկել է գործարք, տգեղ, քստմնելի գործարք։ Չեմ կարծում, թե պետական ռեկետը պոզով-պոչով է լինում։ Սա դրա ամենատգեղ դրսեւորումներից մեկն է։ Բայց զավեշտն այն է, որ այս մասին ոչ մի հերքում, ոչ մի ձայն-ծպտուն վարչապետի կողմից չհնչեց։ Վստահաբար, մտմտում է դեռ, թե ոնց սրա տակից դուրս գա։ Չի ստացվելու։ Սրանից ավելի կոնկրետ ոչինչ չի լինում, հստակ ու կոնկրետ։ Փաշինյանը դեռ լռում է։

Լռությունը համաձայնության նշա՞ն է։ Սա՝ իմիջիայլոց։

Բայց, վստահ եմ, այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու։

Փաշինյանի կողմից առաջարկված մութ գործարքներ եւ այլ հակաօրինական, հակասահմանադրական գործարքներ եւ առաջարկներ եւս դեռ կսպրդեն տարբեր կողմերից։

Վերադառնալով մեր անելիքին։ Հիշո՞ւմ եք, խոսեց հուսահատվածների մասին, ինչպես վերջին երկու տարվա ամբողջ ընթացքում, այս անգամ էլ մարդկանց սորտավորեց, տեսակավորեց։ Չեմ ուզում մանրամասնել, շատերդ եք լսել «վարչապետական» հերթական լայվը։ Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ հույսը միշտ չէ, որ լավ բան է, քանի որ հույսից մինչեւ հուսահատություն անգամ կես քայլ չէ, դրանք շատ մոտ ազգականներ են։ ՀՀ այսօրվա իշխանություններ, բոլորդ՝ վարչապետից մինչեւ բոլոր ՔՊ-ականներդ, զուր հույս չունենաք, թե դեռ հնարավոր է ինչ-որ բան շտկել, ինքներդ էլ արդեն համոզվել եք, որ չեք կարող, սա ձեր վերջի սկիզբն է։ Պետական կառավարման մեքենան դուք խցկել եք փակուղի, քանի որ վարել չգիտեիք եւ չուզեցիք սովորել։ Մետաֆիզիկայում հայտնի կանոն կա՝ եթե դու ճիշտ ես գնում դեպի քո նպատակը, ուրեմն այդքան դժվար չպիտի լինի ճանապարհդ, ու եթե դժվար է, ուրեմն, դու կարեւոր հարցերում սխալ ես կամ անկարող։

Մտածեք այս մասին, պարոն վարչապետ։

Այո, խճանկարը/փազլը/ հավաքվում է, այլեւս բոլորն են հասկանում, որ փոփոխությունն անխուսափելի է։ Անգամ Փաշինյանն է հասկանում եւ սա է պատճառը, որ անասելի հոգնած եւ ջղային տեսք ունի։ Ամեն անգամ նրա լայվերը դիտելիս ինձ թվում է հիմա վեր կկենա եւ կասի, դե, ժողովուրդ ես գնացի, ոնց ուզում եք ձեր գլխի ճարը տեսեք, նավը իմ թեթեւ ձեռքով խորտակվում է։

Մենք մտել ենք մի ժամանակաշրջան, երբ դեպքերն ու դեմքերը շատ արագ են հաջորդում իրար։ Այո, 21-րդ դարը արագությունների դար է եւ վերջնագծին կհասնի նա, ով ունի բավարար շնչառություն, ում թոքերը մաքուր են ու ում նպատակը համապատասխանում է նրա ունեցած ուժին, կարողությանը եւ գիտելիքներին։

Փաշինյան Նիկոլը ինքն ասաց, որ ինքը եւ իր թիմը չունեն իզմեր, այսինքն, չունեն որեւէ գաղափարախոսություն։ Առանց գաղափարախոսության հեռու չես կարող գնալ անգամ՝ 21-րդ դարում։ Հիմա ոչ թե հռետորաբանական հնարքներ բանեցնելու, բառերով ժանգլյորություն անելու, խաբելու կամ էժան պոպուլիզմը տիրաժավորելու, այլ՝ գաղափարական պատերազմների ժամանակներ են, ով դա տեսնում է, ով գիտակցում է, ուրեմն նրանն է ժամանակը, իսկ ով չի գիտակցում եւ արհամարհում է գաղափարախոսությունը, դատապարտված է․․․։ Կորոնայի այս համաշխարհային մարտահրավերը վկա, այստեղ պոպուլիզմի համար տեղ չկա։

Ավազի ժամացույցը միացված է, հետհաշվարկն․ այո, սկսված է․․․

Հ․Գ․Սերդեչնի պրիվետ օտ Զիմզիմովա»:

Տեսանյութեր

Լրահոս