Բաժիններ՝

Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը կկալանավորվի. Դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մայիսի 1-ին հետաձգել էր Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու մասին` Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդության քննարկումը։
Եվ ահա քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատավոր Վահե Միսակյանը բավարարեց կալանավորման միջնորդությունը:
«Գուրգեն Խաչատրյանի հայատարարությունից հետո ակնկալելի էր, որ կլինի կալանավորում: Մինչ այդ մարտի 14-ից ստորագրությամբ ազատության մեջ գտնվող Գուրգեն Խաչատրյանի պատշաճ վարքագիծը խնդիր չէր առաջացնում, հայտարարությունից հետո որոշվեց, որ պետք է կալանավորվի»,-ասաց վերջինիս փաստաբան Երեմ Սարգսյանը:

Ըստ նրա` յուրաքանչյուրի մոտ պետք է հարց ծագի, թե ինչով է պայմանավորված մեկ տարի և մի քանի ամիս անց Գուրգեն Խաչատրյանի կալանավորման անհրաժեշտությունը, երբ 2019թ փետրվարից քննվող քրեական գործի շրջանակներում Գուրգեն Խաչատրյանը համագործակցել է քննության հետ:

«Չկա այստեղ իրավական նպատակ»,-ասաց Երեմ Սարգսյանը` նշելով, որ իրենք կսպառեն ներպետական բոլոր ատյաններում արդարություն գտնելու հնարավորությունները, ապա կապավինեն միջազգային ատյանների և ՄԻԵԴ արդարադատությանը:

«Գուրգեն Խաչատրյանի մասով իշխանություններն անցել են բոլոր սահմանները: Տեսեք, 1.5 տարի կարիք չկար ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանի մեքենան ու բնակարանը խուզարկել, հիմա արդեն առաջացավ: Կամ Գուրգեն Խաչատրյանի մորն ու կնոջը ամեն կերպ քննչական մարմին հրավիրելն ինչի մասին է խոսում, երբ մարդիկ Սահմանադրությամբ իրավունք ունեն ցուցմունք չտալ ընտանիքի անդամի վերաբերյալ»,-նշեց փաստաբանը:

Երեմ Սարգսյանը նշում է, որ նախկինում չգրված օրենք կար` մի տնից 2 հոգու չկալանավորել, այստեղ արդեն 3 հոգի են Խաչատրյան ընտանիքից կալանավորված, պրոցեսներ են ընթանում նաև Արտյոմ Խաչատրյանի և Արամ Խաչատրյանի վերաբերյալ

Վերջինս նշեց, որ ինքը խնդիր է տեսնում այն բանում, որ Խաչատրյանների հետ կապված բոլոր գործերը մակագրվում են միևնույն դատավորին:

Հիշեցնենք, որ Խաչատրյանների փաստաբանական թիմը հայտարարել էր, որ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքը լրացվել է՝ փողերի լվացման եւ կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Ըստ նոր մեղադրանքի՝ Գուրգեն Խաչատրյանը աջակցել է կաշառք ստանալուն։ Խոսքն, ըստ մամուլի, մեծահարուստ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի («Բարգավաճ Հայաստան») ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի մասին է։ Առուստամյանն ապրիլի 25-ին 2 ամսով կալանավորվեց՝ կաշառք տալու և փողերի լվացման մեղադրանքով: Նրա գործը ևս քննում է ԱԱԾ-ն։

Փաստաբանի խոսքով` լրացված մեղադրանքը մտահոգիչ է այնքանով, որ պետությունը միջամտում է բիզնես գործունեությանը:

Գուրգեն Խաչատրյանի փաստաբաններից Ամրամ Մակինյանի խոսքով` սա ճնշում է, որ իրականացվել է Խաչատրյանների ընտանիքի վրա ու շարունակվում է իրականացվել:

Նշենք, որ Գուրգեն Խաչատրյանը Ucom ընկերության վերաբերյալ հայտարարել էր, որ եղել է բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով օտարման պահանջ, հակառակ դեպքում սպառնացել են, որ կլինեն առավել ծանր մեղադրանքներ և կալանավորում։

Մանրամասները` տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս