«Պետք է հետ կանգնել հանրաքվեի այդ ցնորամիտ ձեռնարկից»․ Արա Սահակյան

«Լավ կլիներ, որ գործադիր իշխանությունը երբեք իրավական պրոցեսների մասին կարծիք հայտնած չլիներ և այն թողներ իրավապահ համակարգին»,- 168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը։

«Բանն այն է, որ, երբ կառավարության նիստում կամ ուղիղ եթերում  հետապնդվող, արդեն բանտարկված, ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող մարդու և նրա գործունեության մասին գործադիր իշխանության ղեկավարը կարծիք է հայտնում, նրա կարծիքը դատախազությունը, ՀՔԾ-ն, ՔԿ-ն, ԱԱԾ-ն՝ իր քննչական մարմիններով, ընդունում է՝ իբրև վերին հրահանգ։ Չի կարելի։ Այդ մթնոլորտում, ցանկացած դատավարություն, որի մասին կա գործադիրի ղեկավարի կարծիքը, այն էլ՝ խախտելով անմեղության կանխավարկածը, դա ինքնաբերաբար քաղաքական հետապնդում է»,- ասաց Արա Սահակյանը։

Նա ընդգծեց, որ այս պահին իշխանությունները պետք է հրաժարվեն նման գործելակերպից․

«Դատական համակարգը ծայրահեղ լարվածության պայմաններում է աշխատում։ Փլուզվելու է այդ համակարգը, մարդիկ արդեն հեռանում են։ Քննիչների շարքերում կան այդպիսի խլրտումներ, դատախազների շարքերում կան այդպիսի խլրտումներ․ չի կարելի մարդկանց դնել քաղաքական պատվերի տակ, մենք այլասերում ենք ամբողջական համակարգեր։ Չի կարելի, պետք է հետ կանգնել, և անպայման պետք է հետ կանգնել սահմանադրական հանրաքվեի այդ ցնորամիտ ձեռնարկից։ Ես կարող եմ նաև խնդրել, որպեսզի այդ բանը չանեն, որովհետև ավելի մեծ է լինելու մեր կորուստը․ մենք արձանագրելու ենք մի փաստ, որ գործադիր իշխանությունը ոչնչացրեց, կոտրեց դատական իշխանության ողնաշարը։ Մի՛ արեք այդ բանը, ես խնդրում եմ ձեզ»։

Տեսանյութեր

Լրահոս