Ալմաթիում կորոնավիրուսի հետևանքով դադարեցվել է ծննդատան աշխատանքը
Ղազախստանի Ալմաթի քաղաքում կորոնավիրուսի հետևանքով դադարեցվել է ծննդատան աշխատանքը: Ծննդատուն №2-ը պացիենտներ չի ընդունում: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ ծննդատանը գրանցվել է կորոնավիրուսով վարակի դեպք: Աղբյուրը հղի կին է, ով շփում է ունեցել մի քաղաքացու հետ, ում մոտ կորոնավիրուս էր հաստատվել: Վարակակրի հետ շփման փաստը կնոջ կողմից թաքցված է եղել:
Բուժհաստատության լրատվական ծառայությունը չի հստակեցնում, թե վարակի քանի դեպք է գրանցվել հիվանդանոցում: Նշվում է, որ հետազոտվել են բոլոր աշխատակիցներն ու պացիենտները: Քայլեր են ձեռնարկվում պացիենտներին այլ բժշկական հաստատություններ տեղափոխելու ուղղությամբ:
Ծննդատանն իրականացվել են բոլոր անհրաժեշտ ախտահանման աշխատանքները:
«Ներկայում նոր պացիենտների ընդունումը դադարեցվել է, պլանավորված է կորոնավիրուսի ախտորոշման կրկնակի թեստավորման անցկացում: Բացասական պատասխանի դեպքում ծննդատունը կվերսկսկի իր աշխատանքը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ղազախստանում կորոնավիրուսով վարակվածության ավելի քան 2 հազար 900 դեպք է արձանագրվել, որից 25-ը մահացու ելքով: Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ապրիլի 27-ին հայնտնել էր արտակարգ դրությունը մինչև մայիսի 11-ը երկարաձգելու մասին: