Բաժիններ՝

«Անչափահաս երեխային երեկ ձեռնաշղթա են հագցրել, և վերջին հանցագործների պես՝ ինձ և երեխաներին բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք». Միքայել Մարգարյան

Միքայել Մարգարյանը, որին երեկ ոստիկանությունը բերման էր ենթարկել կառավարության շենքի մոտ, երբ նա իր տան հոսանքի և  գազի մատակարարումը դադարեցնելու դեմ բողոքում էր, այսօր կառավարության շենքի դիմաց հայտարարեց, թե այսօրվա իրադարձությունները խեղկատակության են վերածվում, քանի որ առաջնային խնդիրները թողած՝ և՛ ոստիկանությունը, և՛ կառավարությունը զբաղվում են «տեռորով և տեռորի են ենթարկում ժողովրդին»:

«Երեկ փորձել են մասսայական վախեցնեն ինձանով, բերման են ենթարկել՝ ձեռնաշղթաներ հագցնելով, բերման են ենթարկվել իմ երկու երեխաները, որոնցից մեկը 17 տարեկան է, այսինքն՝ անչափահաս է: Անչափահաս երեխային երեկ ձեռնաշղթա են հագցրել, և վերջին հանցագործների պես՝ ինձ և երեխաներին տարել են, բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք: Դա անթույլատրելի ա: Ես իրավաբանների հետ խոսում եմ, դա օրենքի խիստ խախտում ա, անհամաչափ ուժի կիրառում է, և ոստիկանները երեկ պատճառաբանել են, որ ես ակցիա եմ արել:

Եթե ես մենակով գալիս եմ իմ ձայնը իմ ընտրած կառավարությանը բարձրաձայնելու, պարզվում ա՝ ակցիա ա, և արգելվում է: Այսօր ես ասում եմ, որ ես անցնում եմ և տեսել եմ իր ընկերներին ու բարևում եմ իրանց, պարզվում ա, որ դա օրենքի խախտում ա:

Ես խնդրում եմ հիմա կառավարությանը շատ գիտակցաբար մոտենալ այս հարցին, ժողովրդին տեռորի չի կարելի ենթարկել, շանտաժով խոսել ժողովրդի հետ չի կարելի»,- ասաց Միքայել Մարգարյանը:

Անդրադառնալով երեկվա, իր խոսքով, երեխաներին ձեռնաշղթաներով բերման ենթարկելու դեպքին՝ նա ասաց, որ պատճառը հավանաբար եղել է այն, որ երեխաները ցանկացել են օգնել իրեն:

«Երեխան տեսել ա, որ ինձ ուզում եմ բերման ենթարկեն կոպիտ, բիրտ ձևով, միջամտել ա: Երեխաները նստած են եղել մեքենայում, որը կայանված էր կառավարության շենքից ոչ հեռու, տեսել են այդ իրավիճակը, միջամտել են և նույնպես բերման են ենթարկվել ձեռնաշղթաներով: Մեկ երեխան մեկ ամիս առաջ ա դարձել 18 տարեկան, ուզում եք՝ համարենք օրենքով չափահաս, և 17  տարեկան՝ փաստացի անչափահաս»,- ասաց Միքայել Մարգարյանը:

Անչափահաս երեխայի հանդեպ ձեռնաշղթաներ կիրառելու մասին հայտարարությունից հետո լրագրողներին մոտեցավ մի ոստիկան ու հայտարարեց, թե երեխաներին  երեկ  ձեռնաշղթաներով բերման չեն ենթարկել, որ ինքը երեկ բաժանմունքում է եղել, և երեխաները բաժանմունքում առանց ձեռնաշղթաների են եղել:

«Ձեռնաշղթաների հետքեր կա: Դուք հիմա ստում եք, պարոն կապիտան, լրագրողների ներկայությամբ ստում եք: Երեխաները ձեռնաշղթայով են եղել»,- հակադարձեց Միքայել Մարգարյանը՝ խոստանալով ավելի ուշ հրապարակել տեսանյութ և ֆոտոներ, որտեղ կերևա, որ երեխաների ձեռքին կան ձեռնաշղթաների հետքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս