«Հոսանքի անջատումն ապօրինի է». բողոքի ակցիայի փորձ Կառավարության շենքի մատույցներում
Միքայել Միկա Մարգարյան անունով ֆեյսբուքյան օգտատերը, որն Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ չի աշխատում, ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ժամեր առաջ հայտնել էր, որ իր տան հոսանքն անջատել են՝ պարտքի պատճառով:
«Ընդամենը ժամը 12-ին մեր հոսանքները անջատեցին: Երեխաս մնաց բաղնիքում օճառոտ մազերով, մյուս երկուսը՝ անչափահաս, դաս էին անում, փաստորեն, ընդհատվեց ինտերնետը: Հոսանքի անջատումն ապօրինի է: Եկեք չդնենք դա քաղաքացիների քմահաճույքին: Հոսանքը չպետք է անջատվի արտակարգ դրության ժամանակ: Արտակարգ դրությունն ինքնին ֆորս-մաժոր է: Մենք բոլորս ունենք դա պայմանագրերում և՛ Գազպրոմի, և՛ ՀԷՑ-ի, և՛ «Վեոլիա Ջրի» հետ, որ ֆորսմաժորային իրավիճակում չի ընդհատվելու մատակարարումը»,- ասաց Միքայել Մարգարյանը՝ նշելով, որ պատրաստվում է գնալ Կառավարության շենքի դիմաց՝ կոմունալ վճարումները չկատարելու պատճառով անջատումների համար իր բողոքն արտահայտելու նպատակով:
«8-հոգանոց ընտանիքը ծախսել է ընդամենը չնչին՝ 11.000 դրամ: Սաղ կոմունալները, երբ բաժանում ենք երկու ամսվա և բաժանում ենք 8 հոգու՝ փետրվար-մարտ ամիսների համար, ստանում ենք 11.000 դրամ: Իմ ընտանիքը 11.000 դրամ է ծախսել: Դա շատ նորմալ է, դա շռայլություն չի, շքեղություն չի: Եվ ընդհուպ, մինչև ես չեմ հրաժարվում այն վճարելուց: Ուղղակի կվճարեմ այն ժամանակ, երբ որ կունենամ եկամուտներ»,- ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտնեց օգտատերը:
Հրապարակում քաղաքացուն մոտեցած ոստիկաններն ասացին, թե Պարետի որոշմամբ ակցիա անելու իրավունք չունեն քաղաքացիները, ու զգուշացրեցին, որ քաղաքացու նկատմամբ վարչական արձանագրություն են կազմելու: Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմանը հետևելիս նկատվում էր, որ ոստիկանները փորձում են բերման ենթարկել քաղաքացուն:
Ի դեպ, ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հարցերին պատասխանելիս անդարադարձավ նաև կոմունալ վճարումների հարցին, ասաց, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և պարետատունը հայտարարել են, որ մինչև Արտակարգ դրության ավարտը քաղաքացիներին մատակարարվող էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց չվճարման դեպքում անջատումներ տեղի չեն ունենալու, և ՀԾԿՀ-ն այս իրավիճակը վճարումների իմաստով հայտարարել է ֆորս-մաժոր:
«Ինչ վերաբերում է հետագա վճարումներին, մենք, արդեն ասացինք, որ սոցիալական աջակցության միջոցառումներ ենք իրականացնում, մենք կհետևենք այդ միջոցառումների իրականացման էֆեկտիվությանը և, ինչպես ասացի, եթե անհրաժեշտ լինի, ըստ անհրաժեշտության՝ այդ որոշումների մեջ կկատարենք անհրաժեշտ կարգաբերումներ, որպեսզի հնարավորինս էֆեկտիվ լինի, և մեր քաղաքացիներն անսպասելի առաջացած սոցիալական դժվարությունները կարողանան առավելագույն էֆեկտիվ հաղթահարել»,- ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Օրեր անց՝ ապրիլի 22-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն տարածեց, որով հայտնեց, որ կոմունալ վճարումների կատարմանը խոչընդոտող ֆորս-մաժորը համարվում է վերացած: Որպես հիմնավորում՝ նշվում էր պարետի հայտարարած՝ գործունեության որոշ տեսակների սահմանափակումների վերացումը, վճարման համակարգերի հասանելիությունը, կառավարության հաստատած միջոցառումներով սոցիալական անապահով և խոցելի խմբերի՝ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման խնդրի մեղմումը:
ՀԾԿՀ-ի հայտարարությունը շատերի համար անհասկանալի էր, անգամ՝ անսպասելի: Մարդիկ պնդում էին, որ կոմունալ վճարումների չկատարման ֆորս-մաժորը պայմանավորված է ոչ թե վճարման համակարգերի հասանելիությամբ, գործունեության որոշ տեսակների սահմանափակումների վերացմամբ, այլ մարդկանց ֆինանսական միջոցների անբավարարությամբ:
Նույն օրը «Գազպրոմ Արմենիա»-ն և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը հայտարարություններ տարածեցին՝ քաղաքացիներին կոմունալ վճարումները կատարելու համար ապրիլի 22-ից՝ գազի դեպքում՝ եռօրյա, էլեկտրական հոսանքի դեպքում՝ հնգօրյա վերջնաժամկետներ սահմանելով։ Միևնույն ժամանակ՝ իրազեկելով, որ վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազի և էլեկտրական հոսանքի մատակարարումները սահմանված կարգով կդադարեցվեն:
Երկու օր անց երկու կառույցներն էլ հայտարարություն տարածեցին՝ սահմանելով այն շեմը, որից բարձր վճարման պարտավորություն ունենալու դեպքում կլինեն հոսանքի և բնական գազի մատակարարման դադարեցումներ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ապրիլի 24-ին հայտնել էր, որ այն բաժանորդները, որոնք փետրվար և մարտ ամիսների ընթացքում ունեցել են յուրաքանչյուր ամիս մինչև 10.000 դրամի էլեկտրաէներգիայի սպառում, չեն հոսանքազրկվի: Իսկ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտնել էր, որ առաջին հերթին՝ կդադարեցվի 30.000 դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը:
Հ.Գ. 168.am-ը հարցմամբ դիմել է կառավարություն՝ տեղեկանալու, թե արդյո՞ք քննարկվում է կառավարությունում որևէ ծրագիր՝ աջակցելու այն բնակիչ-բաժանորդներին, որոնք այսօրվանից արդեն չունեն հոսանք կամ բնական գազ՝ վճարումները չկատարելու պատճառով: