Չպետք է թույլ տալ, որ Կառավարությունն առանց ԱԺ գիտության՝ իրեն իրավունք վերապահի բյուջեով որոշ ծախսերի՝ մինչև 3 տոկոս փոփոխությունը դարձնի անսահմանափակ. Միքայել Մելքումյան

Վաղը՝ ապրիլի 28-ին, Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում է «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

168.am-ի հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ, թեև բյուջեում փոփոխություն կատարելու նախագիծը Կառավարությունը համարել է հրատապ ու ներկայացրել արտահերթ նիստի, սակայն այս նախագիծն ավելի վաղ՝ 10 օր առաջ էր հայտնվել Ազգային ժողովում, և խմբակցություններին հնարավորություն է տրվել առաջարկություններ ներկայացնելու: Ընդունվե՞լ են դրանք, թե՞ ոչ՝ պարզ կդառնա վաղը:

«Վաղը ևս խմբակցություններին հնարավորություն կտրվի առաջարկներ անելու, թեև  մենք արդեն դրանք ներկայացրել ենք»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով՝ 2020 թվականի բյուջեում Կառավարության առաջարկած փոփոխություններին՝ Միքայել Մելքումյանը նշեց, որ առաջարկվում է՝ ինչպես արտաքին պարտքի ավելացում, այնպես էլ՝ մի շարք կարևոր փոփոխություններ:

«Մասնավորապես՝ համախառն ներքին արդյունքը նախատեսվում է ոչ թե՝ 4.9 տոկոս, ինչպես գրված է 2020 թվականի բյուջեում, այլ՝ -2 տոկոս դարձնել: Մեկ այլ փոփոխություն՝ համախառն ներքին արդյունքի կրճատվելու դեպքում բյուջեի պակասուրդի տոկոսը (եկամուտների և ծախսերի տարբերությունը), հիմա -2.6 տոկոս է, Կառավարությունն առաջարկում է դարձնել – 5 տոկոս: Քանի որ բյուջեն ամբողջությամբ ծրագրային է ու բաղկացած տարբեր ծրագրերից, Կառավարությունն առաջարկում է  մի ծրագրից գումարը պակասեցնել, տալ մեկ այլ ծրագրի, բայց եթե նախկինում նման  փոփոխության համար կարող էին ծախսերի մինչև 3 տոկոսի սահմանում փոփոխություն անել՝ ըստ բյուջեի մասին օրենքի, հիմա Կառավարությունն առաջարկում է այդ 3 տոկոսը հանել և այդ փոփոխությունների  համար սահմանափակումներ չդնել: Ես կարծում եմ, որ չպետք է թողնել, որ դա անսահմանափակ լինի, եթե 3 տոկոս է, կարելի է դարձնել 6 տոկոսը, բայց ոչ անսահմանափակ, որ չստացվի՝ առանց Ազգային ժողովի գիտության՝ Կառավարությունն իրեն իրավունք է վերապահում՝ մի ծրագրի ծախսի 40 տոկոս վերցնի և  տա այլ ծրագրի»,- ասաց  Մելքումյանը:

Պատգամավորի փոխանցմամբ՝ առանց արտաքին պարտքի ներգրավման՝ հնարավոր չէ տնտեսության մեջ ներարկումներ անել, և արտաքին պարտքի ավելացման են գնում կորոնավիրուսի համավարակին բախված աշխարհի բոլոր երկրները:

«Արտաքին վարկեր կամ փոխառություններ են նաև ներգրավվելու Կառավարության առաջարկած փոփոխությամբ, և դրանք կարող են տեղաբաշխվել կա՛մ բյուջեի պահուստային ֆոնդում՝ ավելացնելով այդ ֆոնդը,  կամ կարող են թողարկվել պետական պարտատոմսեր  ու    շրջանառության մեջ դնելով՝ ներքին շուկա փող ներգրավել: Կառավարությունն առաջարկում է նաև սեփականաշնորհման համար տրվող գումարները, որոնք մինչև հիմա կուտակվում էին հատուկ հաշվին՝ օգտագործելու այլ ծախսերի համար»,- ասաց Մելքումյանը՝ նշելով, որ, եթե նախկինում, բացառությամբ պետության արտաքին պարտքն ավելացնող մեկ-երկու որոշումների, իրենք դեմ էին այդ երևույթին,  ապա հիմա  արտաքին պարտքի ներգրավումը համարում են անհրաժեշտություն, այդ պարտքի ծախսման թափանցիկ մեխանիզմների առկայությունը՝ ևս:

Ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորի՝ որոշակի անհամապատասխանություն կա հարկային մուտքերի նվազեցման աստիճանի վերաբերյալ իր և Կառավարության հաշվարկների միջև:

«Իրենք ասում են՝ 169 միլիարդ դրամի չափով են նվազելու հարկային մուտքերը, սակայն, իմ հաշվարկներով՝ շատ ավելի շատ են: Ինձ համար անհասկանալի է նաև, թե ինչպես են հաշվել, որ դեֆիցիտը կազմելու է 5 տոկոս, մեզ դրանից ավելին է պետք լինելու»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ինչպես այս, այնպես էլ՝ այլ հարցերում իրենց խմբակցության առաջարկներն ու դիտարկումները կներկայացնեն վաղը՝ Ազգային ժողովի նիստի ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս