COVID-19. Աշխարհում ապաքինվել է ավելի քան 888.000 մարդ. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 013 հազար 803: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 207 հազարը: Ապաքինվել է 888 հազար 339 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 987 հազար 322 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 55 հազար 415 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 229 հազար 422 է: Մեկ օրում 2 հազար 793 նոր դեպք է գրանցվել: Մահացության ցուցանիշը կազմում է 23 հազար 521:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 197 հազար 675 է: Վարակից մահացել է 26 հազար 644 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 162 հազար 100 հաստատված դեպք, մահացել է 22 հազար 856 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 157 հազար 946 հաստատված դեպք կա, մահացել է 5 հազար 984 մարդ:
Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 152 հազար 840 հաստատված դեպք: Մահերը 20 հազար 732 են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 110 հազար 130-ի, մահացածներինը՝ 2 հազար 805-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 91 հազար 472: Այստեղ նոր դեպքերի թիվը 991 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 806 մարդ:
Վարակի ծագման երկիր Չինասանին շրջանցեց Ռուսաստանը, որտեղ մեկ օրում գրանցվել է 6 հազար 198 նոր դեպք՝ ընդհանուր թիվը կազմելով 87 հազար 147: Մահացության ցուցանիշը կազմում է 794:
Չինաստանն առանձնանում է 82 հազար 830 ընդհանուր, 3 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 63 հազար 100 է, Կանադայում՝ 46 հազար 895, Բելգիայում 46 հազար 687 է, Նիդերլանդներում՝ 38 հազար 245 է:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 496 դեպք կա, մահացել է 6 մարդ:
Արաբական երկրներից Կատարը վարակվածների թվով շրջանցեց ԱՄԷ-ին: Կատարում է հաստատված դեպքերի թիվը կազմում է 11 հազար 244, մահերինը՝ 10-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 10 հազար 349 է, մահացածներինը՝ 76:
Եգիպտոսում 4 հազար 534 հաստատված դեպք կա, մահացել է 317 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 3,288-ի, մահացածներինը՝ 22-ի: Իրաքում գրանցվել է 1,820 վարակվածության, 87 մահվան դեպքով: Լիբանանում կա 710 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 24: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 43-ի: Մահացել է 3 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
Նոր Զելանդիան հայտարարել է կորոնավիրուսը հաղթահարելու մասին
Նոր Զելանդիային հաջողվել է կանգնեցնել կորոնավիրուսի տարածումը երկրում:
BBC-ի փոխանցում է, որ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը: Նա նշել է, որ երկրում խիստսահմանափակումները նախատեսում են հանել: Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծել է, որ Նոր Զելանդիային հաջողվել է խուսափել վատագույնից, սակայն պետք է շարունակի պայքարը վիրուսի դեմ:
«Մենք այս մարտը հաղթեցինք, սակայն մենք պետք է պահպանենք զգոնությունը, եթե ցանկանում ենք նույն ձևով շարունակել»,-ասել է նա:
Ապրիլի 27-ին ժամը 23:59-ին կհանվեն 4-րդ մակարդակի սահմանափակումները, որոնք գործում են արդեն 4 շաբաթ: Այդ ընթացքում, գրեթե բոլոր ձեռնարկությունները փակ են եղել, դպրոցների հետ միասին: Վարչապետը նշել է, որ 3-րդ մակարդակի սահմանափակումներում նոր ռսիկեր են ի հայտ գալիս, մարդիկ կարող են ավելի շատ միմյանց հետ շփման մեջ լինել: Երրորդ մակարդակում ռեստորաններին ու դպրոցներին կթույլատրվի բացվել փոքր մասշտաբներով: Դպրոցները բաց կլինեն մինչև 10 տարեկան երեխաների համար, որոնք չեն կարող տանը սովորել կամ որոնց ծնողները պետք է վերադառնան աշխատանքի: Ընկերությունները կարող են վերադառնալ աշխատանքի, եթե պահպանվեն համապատասխան գերատեսչությունների կողմից սահմանված անվտանգության կանոնները:
«Մենք բացում ենք տնտեսությունը, սակայն չենք բացում մարդկանց հանրային կյանքը»,- ասել է Արդերնը:
Նոր Զելանդիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 1 469 է, մահացածներինը՝ 19-ը:
Կորոնավիրուսը հաղթահարած Բորիս Ջոնսոնը վերադարձել է աշխատանքի և հանդես եկել հայտարարությամբ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով բուժվել էր կորոնավիրուսով վարակվելուց հետո, վերադարձել է աշխատանքի և հանդես եկել հայտարարությամբ: BBC-ն տեղեկացնում է, որ վարչապետ Ջոնսոնն իր հայտարարության մեջ խոսել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման ռիսկի մասին, եթե կարանտինը հանվի շատ արագ: Հասարակությունն ու բիզնեսն իշխանություններից ակնկալում են համընդհանուր մեկուսացման ռեժիմից դուրս գալու և բնականոն կյանքի վերադառնալու պլան:
Ելույթ ունենալով իր նստավայրում՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել բրիտանացիներին այս օրերին ցուցաբերած միասնականության և վճռականության համար: Նա նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Մեծ Բրիտանիան մոտեցել է իր առջև դրված խնդրի իրականացմանը, այն է՝ պաշտպանել առողջապահական համակարգը չափազանց մեծ ծանրաբեռնվածությունից: Վարչապետ Ջոնսոնը վստահեցրել է, որ պատկերացնում է այն վնասը, որը ստանում է տնտեսությունը կորոնավիրուսի հետևանքով: Ամեն դեպքում, ըստ նրա, ներկայում առաջնահերթ խնդիր է ամրապնդել համընդհանուր մեկուսացման նվաճումը և խուսափել հիվանդության երկրորդ բռնկումից:
«Զսպեք ձեր անհամբերությունը»,- դիմել է վարչապետը բիզնեսի ոլորտի ներկայացուցիչերին:
Ապրիլի 12-ին Միացյալ Թագավորության վարչապետը դուրս էր գրվել լոնդոնյան հիվանդանոցից, որտեղ անցկացրել էր մեկ շաբաթ: Նա մի քանի օր եղել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ուղևորվել էր քաղաքից դուրս գտնվող իր նստավայր՝ վերականգնվելու համար:
Ուհանում հիվանդանոցներից դուրս են գրվել կորոնավիրուսը հաղթահարած վերջին քաղաքացիները
Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալների համաձայն, ապրիլի 27-ի առավոտվա դրությամբ Հուբեյ նահանգում և դրա վարչական կենտրոն Ուհան քաղաքում, որը համարվում է վարակի բռնկման էպիկենտրոն, չի գրանցվել կորոնավիրուսի վարակվածության, ինչպես նաև մահացության նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Ապրիլի 26-ին Հուբեյի և Ուհանի հիվանդանոցներից դուրս են գրվել վերջին 12 պացիենտները, որոնք բուժհաստատություններ էին տեղափոխվել կորոնավիրուսով վարակվածության պատճառով: Ապրիլի 27-ին տվյալ վայրերում որևէ կասկածվող դեպք չի գրանցվել:
Կորոնավիրուսի վարակի առաջին դեպքն արձանագրվել է 2019 թվականի վերջին Ուհանում: 2020 թվականի հունվարի 23-ին քաղաքը դարձել է վարակի էպիկենտրոն: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ Քաղաքն ամբողջությամբ մեկուսացված էր արտաքին աշխարհից: 2019 թվականի դեկտեմբերից Հուբեյ նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 512 մարդ, որից 3 հազար 869-ը՝ Ուհանում: Նահանգում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 68 հազար 128, որից ավելի քան 50 հազարը՝ Ուհանում: Այնտեղ կյանքը հետզհետե վերադառնում է բնականոն հուն:
Իտալիայում և Ֆրանսիայում նկատվում է մահացության ցուցանիշի անկում
Իտալիայում ապրիլի 26-ին գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահացության 260 նոր դեպք: Այս ցուցանիշը 155-ով պակաս է նախորդ օրվա համեմատ և մարտի կեսերից սկսած ամենացածր թիվն է:
«Euronews»-ը տեղեկացնում է, որ Իտալիայում գրանցվել է մոտ 27 հազար մահ: Ապաքինվել է 65 հազար մարդ: Ավելի քան 106 հազար մարդ շարունակում է բուժվել: Դրական դինամիկան օգնում է իտալական քաղաքներին պլանավորել իրենց կյանքը կարանտինից հետո: Մասնավորապես, Միլանը, որտեղ առաջին անգամ վերջին տարիներին օդի մաքրության բարձր ցուցանիշ է գրանցվել, մտադիր է ավտոմոբիլային երթևեկությունը քաղաքում պահպանել նվազագույն մակարդակի վրա:
Ֆրանսիայում ապրիլի 26-ին հայտնեցին մեկ օրում գրանցված 242 մահվան դեպքի մասին: Այս ցուցանիշը նկատելիորեն նվազում է: Երկրում մահացության ցուցանիշը մոտենում է 23 հազարի: Կիրակի օրը Փարիզի բազմաթիվ բնակիչներ դուրս էին եկել գնումների: Նրանցից շատերը կրում էին պաշտպանիչ դիմակներ և հետևում էին սոցիալական հեռավորություն պահելու պահանջներին:
Իսպանիայում վերջին 6 շաբաթվա մեջ առաջին անգամ երեխաներին թույլատրվում է դրսում խաղալ
Իսպանիայում երեխաներն վերջին 6 շաբաթվա մեջ առաջին անգամ կարող են դրսում խաղալ: «Euronews»-ը տեղեկացնում է, որ կարանտինի պայմաններում երեխաներին արգելվում էր դուրս գալ փողոց: Այժմ`ապրիլի 26-ից 14 տարեկանից ցածր երեխաներին թույլատրվում է օրվա մեջ մեկ անգամ դուրս գալ, բայց մեկ ժամով, ծնողներից մեկի ուղեկցությամբ:
Իշխանությունները գնում են սահմանափակումների մեղմացման, քանի որ կորոնավիրուսի հետևանքով մահացության ամենօրյա ցուցանիշը երկրում նկատելիորեն նվազել է: Ապրիլի 26-ին երկրում գրանցվել է կորոնավիրուսի մահացության 288 դեպք: Առողջապահության նախարարությունը նշում է, որ սա վերջին մեկ ամսվա ամենացածր ցուցանիշն է:
Երկրում մարտի կեսերից գործում է տանը մնալու խիստ կարգ: Բնակչությանը տանը պահելով՝ փորձ է արվել դանդաղեցնել վարակի տարածումը երկրում:
Լեհաստան. հարսանիք՝ չորս մասնակցով
Լեհաստանում կրկին թույլատրվում են հարսանեկան արարողությունները, իհարկե, որոշ սահմանափակումներով: Մասնավորապես, պարտադիր նախապայման է պաշտպանիչ դիմակներ կրելը:
«Euronews»-ը տեղեկացնում է, որ արարողության ժամանակ ներկաների թիվը պետք է 4 հոգուց ավելի չլինի: Չի թույլատրվում նաև հյուրերի հետ խնջույք կազմակերպելը: Այս սահմանափակումներով արդեն ամուսնության արարողություններ անցկացնողներ եղել են. իսկական սիրո համար համավարակը խնդիր չէ:Լեհաստանում կորոնավիրուսով վարակվել է 11 հազար 617 մարդ, մահացել է 535-ը:
Թրամփն ու Մակրոնը ԱՀԿ-ում բարեփոխումների անհրաժեշտություն են տեսնում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը նշում է, որ այս մասին տեղեկացնում է Սպիտակ տունը: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, երկու երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի դրական ընթացքը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել աշխարհի տնտեսությունը կրկին բացելու ուղիներին: Երկու երկրների ղեկավարները հույս են հայտնել, որ մոտ ապագայում կանցկացվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների մասնակցությամբ քննարկում, որպեսզի անդրադարձ կատարվի կորոնավիրուսի դեմ պայքարում ՄԱԿ-ի ջանքերին:
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները համաձայնության են եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում բարեփոխումների անհրաժեշտության հարցի շուրջ:
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները քննարկել են տարածաշրջանային, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցեր: