Երբ 2016-2017թթ. 850 միլիոն դոլարով պետական պարտք էին ավելացնում, աղմուկ ինչո՞ւ չկար. Հայկ Գևորգյան

Հայաստանի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որը կքննարկվի վաղը գումարվելիք արտահերթ նիստում:

Ներկայացրած նախագծով առաջարկվում է Կառավարությանը տալ հնարավորություն  Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես պանդեմիա ճանաչված Կորոնավիրուսային վարակի (2019n-CoV) դեմ պայքարի, հիվանդության հետևանքների չեզոքացման և վերացման նպատակով փոփոխություններ կատարել բյուջեի մասին օրենքում,   լրացուցիչ մուտքեր ներգրավելու, բյուջետային ծախսերն ու ելքերն ավելացնելու համար:

Կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է թույլատրել մեծացնել արտաքին պարտքը՝ ՀՆԱ-ի նկատմամբ հասցնելով 5 տոկոսի. հիշեցնենք, որ այս պահին 3 տոկոս է, այսինքն՝ արտաքին պարտքն ավելացվում է ՀՆԱ-ի նկատմամբ  գրեթե երկու անգամ:

168.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը պարզաբանեց, որ արտաքին պարտքի ավելացումը պայմանավորված է բացառապես կորոնավիրուսի  համավարակով:

«Այն, որ բյուջեի դեֆիցիտը պետք է մեծանար՝ կորոնավիրուսի հետ կապված,  ակնհայտ էր: Պետական ծախսերն ավելանալու են, իսկ եկամուտները, եթե նույնը չեն մնում,  ապա նվազում են: Հիմա էլ մենք բյուջեով շատ ավելի շատ ենք ծախսում, քան նախատեսել էինք ընդհանուր ծախսերով:

Անգամ հնարավոր է, որ կապիտալ ծախսերի ավելացման գնանք, ես այս տարբերակը չեմ բացառում: Ինչ վերաբերում է արտաքին պարտքն ավելացնելու անհրաժեշտության շուրջ ծավալվող  քննարկումներին, ապա ես հարց ունեմ՝ իսկ երբ պանդեմիա ու ճգնաժամ չկար, 2016-2017 թվականներին ամեն տարի 850 միլիոն դոլարով պետական պարտքն ավելանում էր, ինչո՞ւ այն ժամանակ չէին, աղմկում:

Պատկերացնո՞ւմ եք՝ 850 միլիոն դոլարով ավելացվում էր պետական պարտքը, ու ոչ մի աղմուկ»,- ասաց Գևորգյանը՝ նշելով, որ այս պահին չի կարող ասել, թե որքանով կավելանա արտաքին  պարտքը, և այն դեռ պետք է հաշվարկվի:

Դիտարկմանը. որ նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարությանն օժտել 2020 թվականի պետական բյուջում փոփոխություն անելու անհրաժեշտ գործիքակազմով, արդյո՞ք ենթադրում է, որ որոշ լիազորություններ ԱԺ-ից փոխանցվում են Կառավարությանը, այդ թվում՝ բյուջեում փոփոխություն կատարելու հարցը, Հայկ Գևորգյանը պատասխանեց:

«Քանի որ բյուջեի հետ կապված փոփոխությունները Կառավարությունն է բերում Ազգային ժողով, ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում, խնդրում է հնարավորություն տալ փոփոխություն անել, ու այդ հարցը վաղը կքննարկենք: Ինչ վերաբերում է  անհրաժեշտ գործիքներով օժտելուն, ապա չգիտեմ, թե ինչու է դա տարընթերցումների տեղիք տվել, ես այդ իրավական ձևակերպումների մեջ չեմ ցանկանում մտնել, միայն կասեմ, որ Ազգային ժողովից ոչ մի լիազորություն էլ  չի վերցվում, եթե մենք չենք անհանգստանում, թող որևէ մեկը չանհանգստանա»:

Տեսանյութեր

Լրահոս