Եթե Լավրովը մանիպուլյացիա է անում, ապա հայկական կողմը պետք է հայտարարեր, որ դա մանիպուլյացիա է․ Սուրեն Սարգսյան

«Հայկական կողմից վերջին երկու տարիներին հնչող գլոբալ հայտարարությունները իրարամերժ են եղել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նախօրեի հայտարարություններին ԼՂ հակամարտության կարգավորման սեղանին դրված առաջարկների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կլոր սեղանի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ներկայումս բանակցային սեղանին փաստաթուղթ է, որը ենթադրում է ԼՂ հակամարտության փուլային կարգավորում։

Նա տեղեկացրել էր, որ անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանն առաջարկված ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումներն ակտիվորեն քննարկվում են, իսկ դրանց ստորագրումը կարևոր քայլ կլիներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման ուղղությամբ:

Ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել էր, որ այս երկու տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել են առավել քան թափանցիկ, ՀՀ դիրքորոշումներն արտահայտել են շատ պարզ ձևով։

«Եկեք լինենք հստակ, նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014 թվականին, 2016 թվականին, և դրանք ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար»,- ասել էր նախարար Մնացականյանը՝ շարունակելով, որ 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկմամբ, գնահատմամբ։

Նրա հստակեցմամբ՝ 2014 թվականին առաջարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ։

Սուրեն Սարգսյանն արձանագրեց, որ Լավրովի և Մնացականյանի հայըարարություններն իրարամերժ են, սակայն միաժամանակ՝ նկատեց, որ ընդհանրապես ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի և ՀՀ իշխանությունների վերջին բոլոր հայտարարություններն են եղել իրարամերժ։

«Այստեղ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Հայաստանը պարբերաբար տարբեր մակարդակներով պնդել է, որ չկան բանակցություններ, տեղի ունեցողը քննարկումներ և խորհրդակցություններ են։ Բացի դրանից, խոսվել է այն մասին, որ չկա որևէ փաստաթուղթ, չկա նաև փուլային տարբերակ, բայց Լավրովն իր մի նախադասությամբ հայտարարեց, որ կան բանակցություններ, կա փաստաթուղթ, այն բանակցվում է և այն ունի փուլային ձևաչափ, այնպես որ, այստեղ ես հակասությունները կդիտարկեի ոչ թե Մնացականյան-Լավրով տիրույթում, այլ հակասություններ գլոբալ տարբեր հայտարարություններում, որոնք հայկական կողմից վերջին երկու տարիների ընթացքում հնչել են»,- ասաց Սուրեն Սարգսյանը։

Վերջինս գտնում է, որ հայկական կողմը ոչ թե սխալ է ներկայացնում կամ թաքցնում է իրավիճակը, այլ կա մոտեցումների տարբերություն։

«Ամեն մեկն իր ռազմավարական տակտիկան ու մարտավարությունն ունի և այդ մարտավարությունը ներկայացնում է այնպես, ինչպես իրեն է ձեռնտու, ուստի այդ հակասություններն այստեղ նաև ինչ-որ առումով տրամաբանական են»,- ասաց նա։

Հարցին, թե ո՞րն է հայկական կողմի ռազմավարությունը՝ Սուրեն Սարգսյանը պատասխանեց.

«Ինչպես հասկացանք, հայկական կողմը ցանկանում էր զրոյից սկսել այս գործընթացը, ցանկանում էր Արցախի մասնակցությունը բանակցություններին՝ որպես ինքնուրույն կողմ, ձևաչափի փոփոխության խնդիր էր քննարկվում, բայց, համենայն դեպս, չգիտենք, թե սա վերջնական որոշո՞ւմ է, թե՞ ոչ, որևէ մեկը չգիտի, թե ինչ են խոսում բանակցային սեղանի շուրջ»։

Ըստ միջազգայնագետի, եթե սա ռուսական կողմի մանիպուլյացիան էր, բնականաբար, հայկական կողմից պետք է հայտարարվեր, որ դա մանիպուլյացիա է, և դրանով ամեն բան կավարտվեր, իսկ հայկական կողմից նման հայտարարություն դեռ չի եղել։

Սարգսյանի համոզմամբ՝ հայկական կողմը կարող էր անել նման հայտարարություն, չնայած գործընկերային հարաբերություններին։

«Եթե Ռուսաստանի իշխանությունները հայտարարություն են անում, որը ՀՀ իշխանություններն անընդունելի են համարում, բնականաբար, դրա մասին պետք է բարձրաձայնեն նույնիսկ բարեկամ պետությունները: Տեսնում ենք՝ նույնիսկ Ռուսաստանն ու Բելառուսը հաճախ ինչ հրաձգություններով են փոխանակվում, դա զարմանալի չէ»,- ասաց վերլուծաբանը։

Հարցին, թե որքանո՞վ էին ամբողջական այն կարմիր գծերը, որոնք ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց նախօրեին, Սուրեն Սարգսյանն ասաց, որ կարմիր գծերը շատ-շատ են ու Հայաստանն Արցախի հետ միասին չպետք է որևէ խոստման հավատա, ով էլ որ լինի այդ խոստում տվողը։

«Չի կարելի փուլային տարբերակը կյանքի կոչել, քանի որ դա նշանակում է՝ հայկական զինված ուժերի դուրսբերում 5 շրջաններից, և դրանից հետո՝ խոստում, որ ինչ-որ մի անհասկանալի ժամանակահատվածում ինչ-որ անհասկանալի մասնակիցների ներգրավվածությամբ տեղի է ունենալու հանրաքվե։ Ինչո՞ւ եմ ասում՝ անհասկանալի, որովհետև ակնհայտ է, որ այդ հանրաքվեին գալու են, մասնակցեն ադրբեջանցիները, ուստի հարց է, թե 1994 թ. դրությամբ այնտեղ ապրող ադրբեջանցինե՞րն են լինելու, թե՞ լինելու են նրանք, ովքեր ծնվել են Բաքվում, այսինքն՝ իրավահաջորդներ են։ Բազմաթիվ հարցեր կան, և կարմիր գծերը, վստահ եմ, որ շատ են ամենատարբեր ուղղություններով»,- ասաց Սարգսյանը։

Միջազգայնագետը չի կարծում, որ սա ռուսական օրակարգ է։ «Այստեղ, բնականաբար, կողմերը քննարկում են հարցեր, կողմերը տարբեր մոտեցումներ ունեն, դրանց արդյունքում տարբեր առաջարկություններ մերժում են, չկա պարտադրման մեխանիզմ, չեմ կարծում, որ որևէ իշխանության վրա կարող է պարտադրման մեխանիզմ լինել, որովհետև իշխանությունը կարող է թողնել և հեռանալ, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն արեց ներքին և արտաքին ճնշման արդյունքում, այդ մեխանիզմը միշտ էլ կա, ու այն միշտ էլ աշխատելու է։ Ճնշումից միշտ էլ կարելի է խուսափել»,- ասաց Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս