«Որևէ փաստաթուղթ չի քննարկվում». Ռուբեն Ռուբինյանը՝ Սերգեյ Լավրովի հայտարարության մասին

«Տարրերը, որը մեծ հաշվով քննարկվում են, դա  կողմերի ընկալումն է նախկինում եղած բոլոր սկզբունքների և տարրերի, ոչ թե քննարկում, թե մենք այն պետք է ընդունե՞նք, թե՞ ոչ, այլ ընդհանրապես, այսքան տարի, որ մենք խոսել ենք, Դուք այդ տարրերն ինչպե՞ս եք հասկանում, մենք ինչպե՞ս ենք հասկանում»,-  այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարարի հայտարարությանը՝ կապված Արցախի հարցի լուծման հետ:

Նշենք, որ Սերգեյ Լավրովը մասնավորապես ասել էր, որ այս պահին բանակցային սեղանին փաստաթուղթ է, որը ենթադրում է ԼՂ հակամարտության փուլային կարգավորում:

Հարցին՝ այդ տարրերի մեջ որոշ տարածքների զիջման դրվագը քննարկվո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի ղեկավարման օրոք, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց.

«Ես այստեղ դիտարկում եմ հետևյալ պնդումը՝ այն, ինչ Ադրբեջանը դիտարկում է՝ որպես տարածքներ, մենք դիտարկում ենք՝ որպես անվտանգություն, և Արցախի անվտանգությունը զիջման ենթակա չէ: Սա լիովին պատասխանում է Ձեր հարցին»:
Հաջորդ հարցին՝ այժմ Լավրովի նշած փաստաթուղթը կա՞, թե՞ ոչ, և արդյո՞ք այն տարրերի մասին է, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց.

«Որևէ փաստաթուղթ չի քննարկվում, հիմա ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչու է այս կամ այն հայտարարությունն անում այս կամ այն երկրի պաշտոնյան: Ես ասում եմ իրականությունը, հղում եմ անում ՀՀ արտգործնախարարին, երեկ Զոհրաբ Մնացականյանն առավել քան հստակ ներկայացրել է իրավիճակը, ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը»:

Հարցը՝ Լավրովի հայտարարությունն ընդունելի՞ է, թե՞ ոչ, Ռուբեն Ռուբինյանն անպատասխան թողեց և հեռացավ:

Տեսանյութեր

Լրահոս